Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշել են վերադարձնել Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հայցադիմումը

Նոյեմբեր 15,2013 23:12

A1plus.am.Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է վերադարձնել Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հայցադիմումը։

Զարուհի Փոստանջյանը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանողներ Գալուստ Սահակյանի, Կարեն Ավագյանի, Խաչիկ Ասրյանի, Մհեր Սեդրակյանի, Առաքել Մովսիսյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատավորը պարզաբանում է.

ՈՒսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը` գտնում եմ, որ դրանք ենթակա են վերադարձման` հետևյալ պատճառաբանությամբ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հայցադիմումին կցվում է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն գույքային պահանջով որպես պետական տուրք պետք է վճարվի հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:

Ինչպես պարզվեց հայցադիմումի և կից փաստաթղթերի հետազոտմամբ, հայցվորը խնդրել է համապատասխանողներից յուրաքանչյուրից վիրավորանք հասցնելու համար բռնագանձել 500.000-ական ՀՀ դրամ, մինչդեռ հայցադիմումին կից ներկայացրել է 4000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար վճարելու վերաբերյալ անդորրագիր:
Հայցադիմումի և կից փաստաթղթերի հետազոտմամբ պարզվեց, որ հայցվորի կողմից չեն պահպանվել հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող` օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես` հայցադիմումի պատճառաբանական մասում հայցվորը նշել է, որ պատասխանողներից յուրաքանչյուրից պետք է բռնագանձել 5.000.000-ական ՀՀ դրամ` վիրավորանք հասցնելու համար, իսկ խնդրեց մասում նշվել է, որ վիրավորանք հասցնելու և զրպարտելու համար պատասխանողներից յուրաքանչյուրից պետք է բռնագանձել 500.000-ական ՀՀ դրամ, այսինքն հայցվորի կողմից հստակեցված չէ հայցագինը:

Բացի այդ , հայցվորի կողմից չեն ներկայացվել այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները և հայցապահանջները հաստատող ապացույցները, այն է` հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում են թիվ 3-7 կետերում նշված փաստաթղթերը` (ԶԼՄ հրապարակումներ-խմբ)։
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144 և 145-րդ հոդվածներով
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնել…

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հ. Գ. Հիշեցնենք, Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին կազինոների մասին տված հարցից հետո որոշ հանրապետականներ վիրավորական արտահայտություններ թույլ տվեցին իր հասցեին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930