Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին սպառնում են համացանցը լցնել Yerevan City-ների հակագովազդով․ (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2013 23:02

Այսօր Մաշտոցի պուրակում «Ազատագրենք Ծածկած շուկան օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամները  կրկին հավաքվեցին, որոշեցին իրենց պայքարի երթուղին, հետո դեղին գլխարկները իրար մեջ բաժանելով՝ շարժվեցին կրկին «Ծածկած շուկա»:

Նախաձեռնության ակտիվիստներն  էլ էին զարմացել, որ հակառակորդ «կարմիր գլխարկները» պուրակ չէին եկել, ավելին՝ նրանք նաեւ «Ծածկած շուկայի» դիմաց էլ չէին հավաքվել:

«Մեր երկրում  մեկ օլիգարխ իրեն հռչակել է ավելի հզոր, քան ողջ պետական կառավարման համակարգն է: Ոտնահարելով Հայաստանի հանրապետության օրենքները՝ քանդում ու ոչնչացնում է «Ծածկած շուկան», որը մշակութային արժեք է:  Նման տեմպերով կոչնչացնենք ոչ միայն մեր հուշարձանները, այլեւ մեր պետությունը:  Պետություն, որտեղ օրենքը չի գործում, պետական կառավարման համակարգն անզոր  է մեկ քաղաքացու դեմ, այդ պետությունը կլուծարվի ինքնաբերաբար: Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին միանալ պայքարին, բոյկոտել օլիգարխների բիզնեսը»,- Մաշտոցի պուրակից մինչեւ շուկա այս կոչերով քայլում էին ակտիվիստները:

Aravot.am-ը նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝  Yerevan City-ների ցանցը բոյկոտելու մասին իրենց կոչերը ՝ իրականում հակագովա՞զդ թե՞ գովազդ ծառայեցին City-ների համար եւ ինչպե՞ս է վերաբերվում իրեն ուղղված Սամվել Ալեքսանյանի շնորհակալությանը՝ City-ների անվճար գովազդն անելու համար:

«Սամվել Ալեքսանյանի կատակները գռեհիկ են եւ լցված են ստով: Նրա հրապարակայնորեն հրաժարվեց այծերին եւ ավանակներին պուրակ բերելու իր նախաձեռնությունից: Բոլորը գիտեն, ով է դա արել՝ փորձելով մեզ եւ ժողովրդին ձեռք առնել: Նա պախկվում է կնոջ, ավանակների եւ այծերի թիկունքում, ի՞նչ կարելի է խոսել նման մարդու հետ, ով թալանում է սեփական երկիրը եւ պայքարողներին համարում գրանտակեր»,- Aravot.am-ին ասաց պարոն Խզմալյանը:

Նրա խոսքով, իրենք պատրաստվում են համացանցը լցնել այնպիսի հակագովազդով, որ ոչ մի զբոսաշրջիկ այնտեղ առեւտուր չի անելու. «Նա սնանկանալու է…կտեսնենք՝ ում փողերը շուտ կվերջանան՝ նրա՞, թե՞ մերը: Նա դեռ չգիտի՝ ինչ է սպասվում համացանցում, ողջ համացանցը լցված է լինելու Yerevan City-ների ցանցը խայտառակող հայտարարություններով: Սա արժանապատվության հարց է, այնպես, որ ինքը դեռ չգիտի՝ ինչ է գովազդը, գործ է ունենալու մասնագետների հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930