Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) նախագահ Բերտրան Դելանոեի հրավերով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարագարյանը մասնակցել է ասոցիացիայի 33–րդ գլխավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են աշխարհի հիսուն երկրներից ժամանած ավելի քան հինգ հարյուր պատվիրակներ, ասոցիացիային անդամակցող քաղաքների քաղաքապետեր, տարածաշրջանային ղեկավարներ և պաշտոնատար այլ անձիք: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն: «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության» խորագրով համաժողովի քննարկումներն ընթանում են երեք՝ «Խթանել Սոցիալական և համերաշխ տնտեսությունը։ Տեղական իշխանությունների դերը», «Աջակցություն բիզնեսի ստեղծման համար՝ ծառայություններ, ուսուցում, ֆինանսներ» և «Խթանել տարածքների համակարգումը և կայուն համագործակցության շրջանակները» աշխատանքային խմբերում։
Համաժողովի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ասոցիացիայի անդամ մի շարք քաղաքների քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն