Լրահոս
Օրվա լրահոսը

Աբգար Ափինյան. «Տարիներ շարունակ, որպես մտավորականներ, մեզ ներկայացրել են կեղծ խրտվիլակներ»

Նոյեմբեր 15,2013 20:24

«Հետհեղափոխական շրջանը սիրում է միջակություններ, և այդ միջակությունների բազմությունը, հայտնվելով մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, հետ է մղում տաղանդավոր անհատներին»,- այսօր «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը՝ անդրադառնալով մերօրյա հասարակական իրողություններին և մտավորականությանը: Բանախոսը, սակայն, երևույթը բնական համարեց, «որովհետև հեղափոխությունը չէր սիրում Չարենց, Բակունց, Մահարի, Զապել Եսայան: Այդ էր պատճառը, որ հեղափոխությունից հետո, երբ մենք դարձանք սովետական երկիր, առաջին հարվածն ուղղվեց հենց նրանց դեմ:

Տարիներ շարունակ, որպես մտավորականներ, մեզ ներկայացրել են կեղծ խրտվիլակներ: Եվ բացարձակ դատարկ անձնավորություններ, կամակատարներ, հլու-հնազանդ երևույթներ, պարզապես շահամոլ մարդիկ երկար ժամանակ զբաղեցրել են մտավորականի ամբիոնը՝ կեղծ ճանապարհներ ցույց տալով մեր ժողովրդին: Իսկ իսկական մտավորականի ձայնը շատ հաճախ է խլացվել: Հիմա, երբ փուչիկները պայթել են, դատարկ մարդիկ վարկաբեկվել, ասպարեզը կամաց-կամաց պիտի տրվի նրանց, ովքեր ազգային խոհն ու խոսքը պիտի բերեն»,- ասաց Ա. Ափինյանը:

Հարցի վերաբերյալ սփյուռքահայ մտավորականի իր դիտարկումներն արտահայտեց նաև ամերիկահայ գրող, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանը. «Թեև ես շուրջ երեսուն տարի ապրում եմ արտերկրում, սակայն երբեք չեմ դադարել ապրել Հայաստանի առօրյա հոգսերով: Ես այսօր մտահոգված եմ հատկապես երիտասարդ սերնդի համար, որովհետև տեսնում եմ, թե ինչպիսի մեծ թափով է Հայաստանից հեռանում երիտասարդ մտավորականության այն կորիզը, որի վրա պիտի հիմնվի երկիրը»,- ասաց նա և մտավորականներից, մասնավորապես անդրադառնալով գրողներին՝ նկատեց, որ մեր գրողներն ավելի տաղանդավոր են, քան իրենց գրածները: Ինչո՞ւ է այդպես: «Ես համոզված եմ, որ նրանք կգրեին իրենց տաղանդին համապատասխան, եթե ավելի լավ պայմաններում ապրեին, եթե գոնե հնարավորություն ունենային շփվելու օտար գրողների հետ: Բայց մենք նույնիսկ մեծ խնդիր ունենք այսօրվա արտասահմանյան գրականությունը հայերենով ունենալու առումով: Ես ինքս թարգմանություն եմ անում, որովհետև զգում եմ, որ դրա կարիքը մեծ է: Բայց պետք է նկատի առնել, որ անընդհատ ռուսերենով կամ անգլերենով կարդալը բերում է մեր լեզվի աղքատացմանը, ինչպես որ արևմտահայերենն է ակնհայտորեն նահանջում այսօր»,- ասում է գրողը:

Aravot.am-ի հարցին, թե արդյոք Երևանի գրողների միությունում չկա՞ն թարգմանիչներ, ինչո՞ւ հայերեն չի թարգմանվում արտասահմանյան գրականությունը, եթե իրենք նկատում են, որ դրա կարիքը մեծ է, Ա. Ափինյանը պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ պետք է ծրագիր մշակել: Երևանի գրողների միությունը նորաստեղծ կառույց է, դեռ երկու տարեկան էլ չկա: Ծրագիր ենք փորձում կազմել ազգային առաջնահերթությունների հաշվառմամբ, որովհետև մենք հայերեն ունենք թարգմանած համաշխարհային դասական ողջ գրականությունը, այստեղ խնդիր չկա: Բայց մենք այսօր ազգային հարցեր ունենք լուծելու, և թարգմանական գրականության ծրագրեր կազմելիս պիտի առաջնահերթությունը տրվի մեր ազգային նպատակների իրագործմանը: Մինչդեռ, մեզանում պատահականության սկզբունքով են թարգմանություններ կատարվում: Ջոյս ու Կոելիո են թարգմանում, շատ լավ է, ես կողմ եմ, բայց մենք ունենք ցավոտ խնդիրներ: Թարգմանական գործը ազգային անվտանգության հետ կապված խնդիր է: Ինչո՞ւ Հունգարիայի հետ մեր հարաբերությունները վատացան: Որովհետև մենք մշակութային կապ չունենք այդ երկրի հետ: Թարգմանությունը ուժեղ զենք է»,- համոզված է Երևանի գրողների միության նախագահը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gohar says:

    Աբգար Ափինյան,վօրըն ե զեր տեղը՞, էլ նյութ չունեք՞,Սիլվա Կապուտիկյանի միյան մեկ բանաստեղցությամբ սերունդներ են կրթվել,իսկ դուք ինչ եք տվել, այ արհեստական գրօխ

  2. Gohar says:

    միջակ էլ չես, օվ ես՞,չգիտեմ․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930