Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իր երեխաների «ՍՕՍ» մորը հարվածած երիտասարդը ազատազրկվեց

Նոյեմբեր 15,2013 19:59

Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Արտակ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 27-ին, ժամը 9-ի սահմաններում «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջեւանի մասնաճյուղում իր երեխաներին տեսակցելու հարցի շուրջ լուրջ վիճաբանության մեջ է  մտել  իր երեխաների «ՍՕՍ» մայր Նարինե Ավետիսյանի հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը,որը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով եւ Ն. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել է Ն. Ավետիսյանի մեջքին:

Բացի այդ, Արտակ Ավագյանը 2013թ. օգոստոսի 14-ին, ժամը 13.30-ի սահմաններում «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջեւանի մասնաճյուղում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:  Ա. Ավագյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով») եւ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»): Ա. Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Մինչ  դատաքննությունը սկսվելը Ա. Ավագյանը դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատական քննություն:  Նա հայտարարել է, որ ինքն այդ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է  արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է մեղադրանքի հետ: 2009 թվականին Ա. Ավագյանի նկատմամբ կիրառվել է համաներում: Օրենքով արգելվում է համաներում կիրառել կրկին դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ  վերջին 10 տարվա ընթացքում համաներում հայտարարելու մասին որոշման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ուստի դատարանը գտել է, որ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին  Ազգային ժողովի   2013թ. հոկտեմբերի 3-ի  որոշումը Ա. Ավագյանի  նկատմամբ կիրառելի չէ: Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի  առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը  Ա. Ավագյանին   մեղավոր է ճանաչել  առաջադրված 2 հոդվածներով եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Սույն դատավճիռը կարող է  բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930