News.am կայքի` «Ինչու են Սամվել Ալեքսանյանի անվտանգության աշխատողները հսկում Սայաթ-Նովայի շինարարությունը», հրապարկման առիթով ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը պարզաբանում է տարածել, որում, մասնավորաբար, ասված է. «Գրվածը որևէ աղերս չունի իրականության հետ: Այս ապատեղեկատվության առթիվ հայտնում եմ` ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չունի անվտանգության աշխատողներ, իսկ «Երևան սիթի» սուպերմարկետի ցանցի անվտանգության աշխատողները լինում են բացառապես իրենց աշխատավայրում՝ իրականացնելով օրենքից բխող իրենց աշխատանքային պարտականությունները»։
Կայքի հրապարակման համաձայն, «Սայաթ-Նովա 10⁄5 հասցեում շինարարությունը շարունակվում է: Առավոտյան բանվորների հետ կրկին բակ են եկել երիտասարդ տղաներ, որոնք, բնակիչների խոսքով, շենքի բակում կանգնելուց և ռեպլիկներ բաց թողնելուց բացի ոչինչ չէին անում: Նրանցից մեկը բնակիչներին ասել է, որ ինքը «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի անվտանգության աշխատող է: «Շինարարներ գալիս են, խնդրեմ, շինարարները թող իրանց գործը անեն, «Լարկո գրուպից» ներկայացուցիչներ են գալիս, խնդրեմ, թող իրանց գործը անեն, բայց գալիս են սևազգեստ տղաներ, ու չեմ հասկանում, ուղղակի կանգնում են ու նայում են էս պատուհանին, էն պատուհանին, ռեպլիկաներ են բաց թողնում»,- NEWS.am-ի թղթակցին ասել էր Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ Անաիդա Հովսեփյանը։