ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախապես հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում նոյեմբերի 15-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների և տաքսի ծառայությունների ներկայացուցիչների:
Վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները ունեին երկու ուղղվածություն: Նրանց հիմնական մտահոգությունները կապված էին տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ:
Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ թվարկված խնդիրներից և ոչ մեկը որևէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների և իրավասությունների հետ:
«Նախարարությունը իրավասու է քննարկել միայն այն խնդիրները, որոնց լուծումը վերապահված է իրեն: Առանց մեզ դիմելու բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություններ անել, թե Տրանսպորտի և կապի նախարարությունը մեղավոր է, ճիշտ չէ»,-նշեց նախարարը:
Կարդացեք նաև
Այս տեսակետին համակարծիք էին հանդիպմանը ներկա տաքսու վարորդների գերակշռող մասը:
Խնդիրների երկրորդ խումբը, որոնք մտահոգում էին վարորդներին, առնչվում էր ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը:
«Բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում: Այդ նպատակն է հետապնդում նաև միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաև էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության և այլն) համար վճարվող գումարները»,-նշեց նախարարը:
Գ.Բեգլարյանը միաժամանակ ընդգծեց, որ բարեփոխումներին զուգընթաց տաքսու վարորդները պետք է մտածեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին:
Վարորդները համակարծիք էին, որ մեկնարկած բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որոշակիորեն նվազել է ֆինանսական բեռը, հեշտացել է իրենց աշխատանքը: Նրանց մեծ մասը հանդիպման ընթացքում բարձրացնում էր առավելապես անձնական բնույթի խնդիրներ, որոնցից և ոչ մեկն անպատասխան չմնաց:
Այս քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ տաքսիստների բարձրացրած խնդիրների մեծամասնությունը ոչ միայն որևէ առնչություն չունի նախարարության գործառույթների հետ, այլև անիրազեկության արդյունք է:
Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ոլորտի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ, և նախարարության համապատասխան ներկայացուցիչները պատրաստակամ են ընդունելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տաքսու վարորդների գործունեության պարզեցմանը և կկանխի չպարզաբանված խնդիրների անհիմն շահարկումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն