Իսրայելի քաղաքացու կնոջը՝ Քրիստինա Զաքարյանին, երկրից արտաքսում են, քանի որ Իսրայելի ներքին գործերի նախարարությունը նրանց ամուսնությունը կեղծ է համարել: Գրում է «9-րդ ալիք»-ի կայքը:
2010թ. 25-ամյա Զաքարյանն իր երկու երեխաների հետ զբոսաշրջային վիզայով Հայաստանից Իսրայել էր գնացել՝ մորը տեսակցելու: Քրիստինայի մայրը՝ Նարինեն, ամուսնացած էր Իսրայելի հրեայի հետ ու դրա հիման վրա Իսրայելի քաղաքացիություն էր ստացել:
Իսրայելում Քրիստինան ծանոթացել էր մի երիտասարդի հետ ու որոշել էր մնալ երկրում: Նրանք ՆԳՆ-ին «համակեցության դիմում» էին ներկայացնել, որպեսզի կնոջ համար երկրում մնալու թույլտվություն ստանան:
Երիտասարդի հետ բաժանվելուց մի քանի ամիս անց, 2012թ. Քրիստինան հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Միխայիլին, ու նորից է սկսել բնակության թույլտվություն ստանալու գործընթացը:
Կարդացեք նաև
Այս տարի զույգը գնացել է ՆԳՆ-ի հերթական հարցազրույցին, սակայն քաղաքացիություն ստանալու նրանց դիմումը մերժել են, քանի որ համատեղ կյանքի մասին նրանց պատմածները տեղ-տեղ չեն համընկել. «Հարցազրույցին նրանց հարցրել էին, թե ինչ են ուտում՝ շնիցե՞լ, թե՞ սենդվիչ: Դրանից հետո նրանք ասացին, որ իրենց ամուսնությունը կեղծ է, սակայն իրենց հարաբերություններն իրական են», – ասում է զույգի փաստաբան Օֆեր Էկշտեյնը:
Զույգը գտնվում է քաղաքացիական ամուսնության մեջ, քանի որ նրանց ամուսնությունն այդպես էլ չեն գրանցել: Նրանք դատարան են դիմել, սակայն այնտեղից էլ են մերժում ստացել: Միխայիլն ասում է, որ Քրիստինային թույլ չեն տալիս մնալ երկրում, քանի որ նրանք քաղաքացիական ամուսնություն են ձևակերպել, այն բանից հետո, երբ իրենց մերժել են. «Ես ուզում էի նրա հետ պսակադրվել շատ ավելի շուտ: Սակայն մեզ ամեն տեղ մերժում էին: Մենք ուզում էինք ամուսնանալ հայկական եկեղեցով, բայց նրանք չուզեցին մեզ ամուսնացնել: Մենք չգիտեինք ինչ անել ու ինչպես հիմա համոզենք բոլորին, որ իրոք սիրում ենք իրար: Մենք արդեն ամեն ինչ փորձել ենք», – ասում է Միխայիլը:
Քրիստինան երեխաների հետ երկիրը պետք է լքի նոյեմբերի 16-ին, սակայն Միխայիլը չի պատրաստվում հանձնվել. «Մենք հարգում ենք դատարանի որոշումը, ու նա կգնա: Բայց ես ամեն ինչ կանեմ: Ես չեմ կարող նրան այդպես թողնել», – ասում է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ