Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում էին լսել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը, որով նա վիճարկում է Փակ շուկայի հանդեպ իրականացված ապօրինությունների համար քրեական գործի հարուցման մերժումը:
Նա դիմել էր իրավապահներին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ շուկայի սեփականատիրոջ նկատմամբ՝ պատմամշակութային արժեքը վնասելու համար քրեական գործ հարուցելու համար, սակայն իրավապահները որոշել էին, որ դրա համար հիմքեր չկան՝ չնայած բազմաթիվ ապացույցներին, որ ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը եւ նրա ներկայացուցիչը: Այդ իսկ պատճառով նա այժմ դատական կարգով վիճարկում է իրավապահների կողմից քրեական գործի հարուցման մերժումը:
Դատական նիստին Զարուհի Փոստանջյանի շահերի ներկայացուցիչ Հերմինե Միքայելյանը եկել էր պատրաստված եւ նոր փաստաթղթերով, իսկ հակառակ կողմը՝ գործի հարուցումը մերժած հետաքննիչը եւ դատախազը, անգամ իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերից դժվարանում էին գլուխ հանել:
Նիստի ընթացքում փաստաբան Միքայելյանը խոսում էր պատմամշակութային արժեք հանդիսացող Փակ շուկայի ստորգետնյա կամարների քանդման մասին, իսկ հակառակ կողմը պատասխան էր ներկայացնում, որը վերաբերվում էր Շուկայի տանիքին:
Կարդացեք նաև
Հետաքննիչն ասաց, որ Փակ շուկայի ստորգետնյա կամարների քանդումը հարկավոր էր, քանի որ ստորգետնյա ավտոկայանատեղի էր կառուցվում, եւ եթե այդ կամարները չքանդվեին, ապա կարող էր փլուզում լինել եւ անգամ՝ մարդկային զոհեր: Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին՝ իսկ եթե ստորգետնյա կայանատեղի չկառուցեիք, կամարները քանդելու կարիք կլինե՞ր, դատախազն ու հետաքննիչը այդպես էլ չպատասխանեցին:
Տիկին Միքայելյանն ասում էր, որ գործի նյութերում բացակայում են մշակութային արժեքի հետ կատարված շինարարական գործողությունները թույլատրող որեւէ փաստաթղթեր, իսկ դատախազն ու հետաքննիչը ասում էին, որ գոյություն ունեն նման թղթեր, սակայն չէին ներկայացնում դրանք:
Հետաքննիչի պատասխանը մեկն էր՝ նորմատիվները խախտվել են շինարարության ընթացքում, սակայն դրանք արվել են առանց կառույցը վնասելու դիտավորության:
Փաստաբանի ներկայացրած հերթական խումբ փաստաթղթերին ծանոթանալու համար դատախազը ժամանակ խնդրեց՝ սկզբում տասնհինգ րոպե ընդմիջում, որից հետո դատավորը որոշեց, որ նիստը կընդմիջվի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Գուցե այդքան ժամանակահատվածում դատախազը հասցնի ծանոթանալ գործի նյութերին, գոնե՝ իր կողմից ներկայացված փաստաթղթերին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մանրամասները տեսանյութերում՝