Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյան. «Արյունահոսում եմ, ունեմ աներեւակայելի ցավեր»

Նոյեմբեր 15,2013 17:57

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց մեղադրող Արամ Ամիրզադյանի դեմ ամբաստանյալ Արսեն Ավետյանի բացարկի միջնորդությունը:

Արսեն Ավետյանի, Արկադի Վարդանյանի եւ Վարուժան Սավտալյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարության ժամանակ միջնորդությամբ հանդես եկավ Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը: Նա միջնորդեց կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով:

Գայանե Գալոյանն անդրադարձավ Արկադի Վարդանյանի բարեգործական գործունեությանը, հայտնելով, որ Շուշիի եկեղեցու վերականգնման համար տրամադրել է 50 հազար ԱՄՆ դոլար, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի համար՝ 80 հազար, ԵԿՄ նախագահին՝ 50 հազար ԱՄՆ դոլար եւ 4 տարի շարունակ իրականացրել է անչափահասների խնամք: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նա 160 հազար դոլար արժողությամբ կահույք է նվիրել արցախցի մի մարզիկի:

Գայանե Գալոյանը հայտնեց նաեւ, որ անցյալ տարվա վերջերից 66-ամյա իր պաշտպանյալը 3 անգամ վիրահատության է ենթարկվել, արյունահոսում է եւ նրա մոտ հայտնաբերված բարորակ ուռուցքը հակում ունի վերածվել չարորակի: Ի դեպ, Արկադի Վարդանյանն ունի նաեւ սրտի հետ կապված խնդիրներ եւ 2000թ. նրա խափանման միջոցը փոխվել է հենց այդ պատճառով: Արկադի Վարդանյանն ասաց. «Քրեակատարողական հիմնարկը չունի բժշկական որեւէ գործիք, որպեսզի ախտորոշում կատարի: Իմ նկատմամբ կատարվածը անմարդկային է, չի բխում համընդհանուր բարոյականության սկզբունքներից: Եթե անգամ ենթադրենք, որ կատարվել է այն, ինչում մեզ մեղադրում են, ապա ազատության մեջ գտնվելը վտանգավոր չի, քանի որ եւ նախաքննությունն է ավարտվել, եւ թե շուտով կավարտվի դատաքննությունը»: Վարդանյանը խափանման միջոցի հետ կապված որոշումը թողեց մեկ այլ Վարդանյանի՝ նախագահող դատավորին:

Արկադի Վարդանյանը նաեւ հայտնեց, որ շաբաթներով՝ ստամոքսից արյունահոսության հետ կապված, սնունդ չի օգտագործում, քանի որ այն առաջացնում է աներեւակայելի ցավեր:

Մեղադրող Ա. Ամիրզադյանը հայտնեց, որ ներկայացված փաստաթղթերը անձը բնութագրող հանգամանքներ են, այն հաշվի կառնվի: Իսկ ինչ վերաբերում է խափանման միջոցի ընտրությանը, մեղադրողն ասաց, որ բժշկական պատշաճ տեղեկանք չկա, որ անհնարին է Վարդանյանին պահել անազատության մեջ կամ խոսել պայմանների մասին:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արկադի Վարդանյանի պաշտպանի միջնորդության հետ կապված որոշում կայացնելու համար:

Ի դեպ, դատական նիստերի ժամանակ հաճախակի է ամբաստանյալը խնդրում կարճ դադար կամ հենց տեղում օգտվում դեղահաբերից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930