Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է բուհերը միավորելու իրական նպատակը

Նոյեմբեր 15,2013 17:53

Տևական ժամանակ է՝ կարծես սև-մութ ամպեր են կուտակվում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գլխին: Լոռու մարզի մայր բուհ անունը ստացած ինստիտուտի հետագա ճակատագիրն այսօր անորոշ է՝ ասում են՝ իբր մանկավարժականի և ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի միավորման արդյունքում Լոռու պետական համալսարան ստեղծելու գաղափարով պայմանավորված:
Բուհերի միավորում, նոր բուհերի հիմնադրում, անշուշտ, կարող է տեղի ունենալ (և հավանաբար տեղի է ունենում) ողջ աշխարհում:
Հանուն արդարության նշենք, որ այս գործընթացը հնարավոր է նաև իրավամբ կարևոր է ու ժամանակի հրամայական: Բայց ինչպես գրեթե բոլոր, այնպես էլ մասնավորապես այս դեպքում, սույն գործընթացն էլ ունի իր «հայկական տարբերակը»: Բանն այն է, որ շատ գործընթացների պես այս միավորման արդյունքում, նոր ստեղծվելիք կրթօջախի հետ կապված էլ որևէ կոնկրետ բացատրություն, հավաստիացում կարծես չի հնչել քիչ թե շատ իրավասու անձի կողմից: Եղածներն էլ ընդամենը կցկտուր բացատրություններ են, որ էլ ավելի են խորացնում առկա մտահոգությունները: Ոչ ոք տրամաբանական որևէ բացատրություն չի տալիս, մասնավորապես մանկավարժականի շենքի շուրջ հանրության շրջանում առաջացած անորոշության՝ շենքի հետագա ճակատագրի շուրջ որոշ հարցականների հետ կապված:
Ասվում է, որ մանկավարժականի ուսանողությունը պետք է տեղափոխվի պոլիտեխնիկի մասնաշենքեր: Դժվար թե որևէ մեկի համար պարզ չէ՝ ինչ դժվարություններ է ենթադրում ուսանողների, դասախոսների, բուհի բոլոր աշխատակիցների համար քաղաքի կենտրոնից ծայրամաս տեղափոխվելը: ՎՊՄԻ-ի ուսանողության գերակշիռ մասը Վանաձորի բնակիչ չէ, նրանք ամեն օր ստիպված են լինելու մեկի փոխարեն մի քանի տրանսպորտ փոխելու՝ ավելացնելով ֆինանսական բեռը, որ ուսանողի համար առանց այդ էլ ծանր է:
Բուհերի միավորման արդյունքում տեղի է ունենալու աշխատողների անխուսափելի կրճատում գոնե ադմինիստրատիվ վարչակազմում: Եթե Լոռու պետական համալսարանը ստեղծվելու է ներկայիս պոլիտեխնիկի շենք-շինությունների բազայի հիման վրա, ապա հյուսիսային այդ շենքերը ցուրտ են, զուրկ իբրև համալսարան (այն էլ 21-րդ դարում և ժամանակակից պայմաններով) ծառայելու տարրական հնարավորություններից: Դե իսկ դրանց վերակառուցումը և հարմարեցումը բուհական պայմաններին, բյուջեի վրա ոչ պակաս թանկ կնստի, քան նոր շենք կառուցելը:
Անկախության տարիներին կրթական գործընթացները իբրև թե համաշխարհային ռելսերի վրա դնելու, ժամանակակից աշխարհում մրցունակ մասնագետ թողարկելու բարի ցանկությամբ, ինչ համաշխարհային ծրագրերի ասես (էլ «Բոլոնյան գործընթաց», Էլ եսիմ ինչ), որ չմիացանք: Բայց, ինչպես տեսնում ենք, երևի թե հերթական անգամ պիտի հիշենք բարեկամ Չեռնոմիրդինին. «Ուզում էինք անել լավ՝ ստացվեց ինչպես միշտ»:
Արդյունքում փոխանակ բարձրանա կրթության որակը, կանգնել ենք բուհեր փակելու, իսկ լավագույն դեպքում՝ միավորելու առջև՝ հավանաբար՝ չկա բուհը, չկա պրոբլեմը հին ու փորձված մեթոդով:
Հետաքրքիր է, էլ ինչի սպասենք: Որ պետականություն չունենալու պարագայում բազմաթիվ զրկանքների գնով ուսուցչին ու դպրությունը դարեդար սրբացրած ժողովուրդը արդեն անկախության օրոք կլցվեր իր կրթօջախները փակելու գործին (այն ինչ ժամանակին ոչ բարեկամաբար անում էր Ցարական Ռուսաստանը), դարեր առաջ ամենահոռետեսական մտքերում անգամ դժվար թե որևէ մեկը պատկերացներ: Բայց համաձայնեք՝ տարօրինակ ժողովուրդ ենք հայերս. անգամ կյանքի գնով մեր արժեքները թշնամուց ազատագրելուց հետո, դրանց հետ այնքան անփույթ, քամահրական, երբեմն էլ բարբարոս ենք վարվում դրանց հետ, որ թվում է՝ մեր թշնամու չարածը նրանից լավ մեկ էլ մենք կանենք:
Այն, ինչի դեմ մենք ազգովին պայքարել ենք անգամ պետականության բացակայությամբ, նույն այդ նվիրական արժեքները ոչնչացնելու գործում, փաստորեն, ջանք չենք խնայում արդեն անկախության պայմաններում, երբ թվում է պիտի արդյունավետ ու անխոչընդոտ իրականացնենք մեր արժեքները սերունդներին ավանդելու կարևոր գործը:
Չեմ ուզում հավատալ, որ 21-րդ դարում մի կողմից գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու հրամայականը կդրվի պետականորեն, մյուս կողմից՝ նույն այդ պետական համակարգի լուռ թողտվությամբ մշուշոտ գործընթացներ տեղի կունենան որևէ կրթօջախի շուրջ՝ առավել ևս, որ թույլ կտրվի շրջանցելով «Կրթության մասին» ՀՀ օրենքը (ըստ որի՝ կրթական հաստատությունը չի կարող որևէ այլ նպատակով օգտագործվել) ՎՊՄԻ շենքը կօտարվի և կօգտագործվի այլ նպատակներով:
Հ.Գ. 1 Ինչպես հոդվածի սկզբում նշեցինք՝ հնարավոր է՝ բուհերի միավորումն իսկապես ժամանակի հրամայական է: Բայց միթե հնարավոր չէ առաջարկ-պահանջարկը համապատասխանեցնելու, ժամանակակից չափորոշիչներով մասնագետ թողարկելու ճանապարհին առավելագույնս հաշվի առնել Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, այնպես անել, որ հայրենի ԿԳ նախարարի ասած «վիրաբուժական միջամտությունը» առավելագույն չափով անցավ, անվնաս լինի՝ հնարավորինս քիչ «օրգաններ» հեռացնելով թույլ տա շարունակել բնականոն կյանքը:
Հ.Գ. 2 Կարծում եմ՝ ճիշտ կլինի որևէ իրավասու անձ պատասխանատվությամբ հայտարարի, թե բուհերի միավորման և ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի շենքային պայմանների հիման վրա Լոռու պետական համալսարան հիմնադրելուց հետո ինչ է լինելու Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ներկայիս շենքի ճակատագիրը: Եվ ավելին՝ արդյոք այս միավորումը ոչ այլ ինչ, քան քաղաքի կենտրոնում գտնվող մանկավարժականի շենք-շինությունները որևէ օլիգարխի սեփականությունը դարձնելու նպատակ չունի:
Եվ վերջապես, արդյոք հենց ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի շենքերում է գործելու նոր համալսարանը, թե մեկ այլ տեղ:
Ժողովուրդն արժանի է և պետք է տեղեկացված լինի, թե ի վերջո ո՞րն է այս բուհերի միավորման բուն նպատակը:

Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՎՊՄԻ-ի շրջանավարտ,
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930