Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման գործընթացը շարունակական է լինելու

Նոյեմբեր 15,2013 17:47

Հոկտեմբերի 30-31-ը Բուխարեստում՝ Ռումինիայի ազգային գրադարանի Մեծ սրահում և Դմիտրիե Գուստի անվան Գյուղի թանգարանի ժողովասրահում կայացել է ռումինահայ մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին նվիրված «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը:

«Այս միջոցառումը ՀՀ մշակույթի նախարարության կողմից որդեգրած մի քաղաքականություն է, որը նպատակ ունի հաշվառելու և աշխարհին ներկայացնելու արտերկրի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը՝ այդպիսով նաև ցույց տալով, որ այն աշխարհասփյուռ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նա նաև շեշտեց, որ արտերկրում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման գործընթացը շարունակական է լինելու: Եվ նախնական պայմանավորվածություններ կան Հնդկաստանի, Ռուսաստանի, Լեհաստանի և այլ երկրների հետ:

Նշենք, որ գիտաժողովն իրականացվել է Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների, Ռումինիայում ՀՀ դեսպանության, Ռումինական ակադեմիայի կազմակերպմամբ, Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների հավանությամբ, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայ թեմի աջակցությամբ:

ԵՊՀ Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուքասզյանը, կարևորելով Ռումինիայի հայկական մշակույթի ուսումնասիրության գործընթացը, ասաց. «Մենք, սովորաբար, հայ մշակույթ ասելով նկատի ենք ունենում Հայաստանում կենտրոնացված մշակույթը, բայց իրականում հայ ժողովուրդը դարեր շարունակ իր ներդրումն է ունեցել այլ երկրներում: Եվ պետք է ասել, որ այն, ինչ ներկայացված է Հայաստանի թանգարաններում, հայկական մշակույթի մի չնչին մասն է կազմում միայն: Հայերն ուր գնացել են` իրենց հետ տարել են իրենց ձեռագրերը, գրքերը, զարդերը, խաչքարեր են քանդակել, նույնիսկ քաղաքներ են հիմնել, ինչպես, օրինակ, Արմենոպոլիսը Տրանսիլվանիայում: Ամեն տեղ գանձերի փոքր կղզիներ կան, և շատ կարևոր է ինչպես տեղի, այնպես էլ արտերկրի հայկական մշակույթի ուսումնասիրությունը»:

Գիտաժողովի շրջանակներում ներկայացվել են 30 զեկուցումներ, որոնք անդրադարձել են ռումինահայոց պատմությանը, հոգևոր և մշակութային ժառանգությանը:

Նախատեսվում է հրատարակել գիտաժողովի զեկուցումների ժողովածու:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930