Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձյունը գա, կապրոնե անվադողերով չենք կարողանալու գիծ դուրս գալ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2013 17:15

«Զգուշացնում ենք, որ եթե ձյունը գա, մենք չենք կարողանալու սպասարկել ուղեւորներին, շարժակազմը ոչնչացման եզրին է, միկրոավտոբուսների մեծ մասը կապրոնե անվադողերով են եւ ձյանն ու սառույցին չենք կարողանալու գիծ դուրս գալ»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսպիսի նախազգուշացում արեց

«Հայաստանի ուղեւորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը: Միությունն ու մի քանի գծատերեր ասուլիս էին հրավիրել` իրենց դժգոհությունը հայտնելու Երեւանի քաղաքապետարանում՝ ուղեվարձի սակագինը քննարկելու համար ստեղծված հանձնաժողովից, որն ըստ տնտեսվարողների, ժամանակը ձգձգում է, իսկ այդ ընթացքում երթուղագծի սեփականատերերը ֆինանսական վնասով են աշխատում:

«Եկեք ձեր աչքով տեսեք, ոչնչացող շարժակազմի վիճակը, միկրոավտոբուսները ոչնչացման եզրին են, մի մասը չեն շահագործվում գտնվում են անմխիթար վիճակում եւ այդ մեքենաներն այնպիսի վատ վիճակում են, որ այլեւս չի կարող շահագործվել, իսկ տնտեսվարողը միջոցներ էլ չունի, որ դրանց փոխարեն նոր մեքենաներ ներկրի»,-ասաց Հրանտ Եղիազարյանը: Ըստ նրա, ուղեվարձը պետք է դառնա 200 դրամ, որից 50 դրամը կառավարությունը պետք է սուբսիդավորի:

Հարցին, թե երբ մրցույթը շահում էիք, չգիտեի՞ք, որ 100 դրամով չեք կարող գիծը շահագործել եւ վնասներ եք կրելու, գծատերերը վստահեցրին, որ «քաղաքապետարանն ասել է, թե դուք ներդրումներ արեք` լավ է լինելու»:

Միության փոխնախագահ Աշոտ Արշակյանն էլ ասաց, որ գների բարձրացման դեպքում տնտեսվարողներն իրավունք ունեն դիմել մրցութային հանձնաժողովին ուղեվարձի վերանայման պահանջով: Ըստ նրա, այդ պահանջը 1996 թվականից սկսած եղել է, սակայն ինչ-ինչ պատճառներով գծատերերին թույլ չեն տվել ուղեվարձը թանկացնել: Նման պահանջ, տնտեսվարողների խոսքերով եղել է նաեւ 2008-ին, սակայն կրկին կառավարությունը զսպել է: Սակայն, եթե ուղեվարձը չթանկանա, ըստ տնտեսվարողների, կսնանկանան: Նրանք օրինակ բերեցին 23 ավտոբուսային եւ միկրոավտոբուսային թափուր երթուղիները, որոնց շահագործման մրցույթին, այս էլ որերորդ անգամ, մասնակցել ցանկացող չի լինում:

Օրերս էլ միությունը փոխադրողների հետ միասին բաց նամակ էր հղել Երեւանի քաղաքապետարանին՝ այսօր ասուլիսի մասնակիցները հայտարարեցին, որ քաղաքապետարանի պատասխանն իրենց չի գոհացնում, քանի որ իրենց պահանջին «ոչ հա են ասել, ոչ` չէ»: Գծատերերը քաղաքապետարանին դիմել էին` հստակեցնելու ուղեվարձի բարձրացման հարցը, ինչին ի պատասխան հայտնել են, որ հարցին կանդրադառնան հանձնաժողովի հաջորդ նիստերին:

Հրանտ Եղիազարյանի մեկնաբանությունը` տեսանյութում

Միության նախագահը բացառեց ուղեվարձի չթանկացման պարագայում վարորդների աշխատավարձերի բարձրացում, ասելով` կունենանք 150 դրամ ուղեվարձ, վարորդների աշխատավարձերը կբարձրացնենք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930