Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՌԴ քաղաքացի, քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի, գյուղակադեմիայի նախկին դասախոս Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավտալյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:
Մինչ օրս հրավիրված նիստերից սա թերեւս «ամենաթեժն» էր. նախ իրար հետ վիճեցին Արսեն Ավետյանի պաշտպան Գեւորգ Մելքոնյանն ու Վարուժան Սավտալյանի պաշտպանը: Վեճն ավարտվեց նրանով, որ երբ Գեւորգ Մելքոնյանը ինքնաբացարկ հայտնեց դատախազ Արամ Ամիրզադյանին, նրան միացան միայն Արկադի Վարդանյանն ու նրա պաշտպանը եւ դեմ արտահայտվեց Վարուժանի պաշտպանը:
Դատախազին բացարկ հայտնելու միջնորդությանը կողմ եղավ տուժող Ռոբերտ Ավետյանը՝ ամբաստանյալի հայրը, որը, ի դեպ, տուժող է ճանաչվել իր դեմ սպանության փորձ որդու եւ նրա ընկերների կողմից նախապատրաստվելու համար:
Դատախազ Արամ Ամիրզադյանը այսօր հանդես եկավ միջնորդությամբ, նոր մեղադրանք առաջադրելով Արսեն Ավետյանին. ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասը (հոգեմետ դեղերի, թմրանյութերի ձեռքբերում եւ իրացում):
Կարդացեք նաև
Բնականաբար, Արսեն Ավետյանը ոչ միայն չընդունեց իրեն առաջադրված նոր մեղադրանքը, այլեւ նրա պաշտպանը հանդես եկավ բացարկի միջնորդությամբ, ասելով, որ մեղադրողը «վատ առումով» Արսեն Ավետյանի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք, իսկ «լավ առումով»՝ կանխակալ վերաբերմունք ունի Վարուժան Սավտալյանի նկատմամբ:
«Սավտալյանը նույն կասկածանքով է բերման ենթարկվել, հարցաքննվել է որպես վկա, սցենար է մշակվել, հետագայում հրաժարվել է հանցագործության կեսից: Վ. Սավտալյանն է հրաժարվում այն կասկածանքից, որոնց համար տարվել էր նախաքննության մարմին: Դեղահաբերի խոսակցություն հենց նա է բացում, հենց նրա կազմակերպածի հետեւանքն է»,- ասաց Ա. Ավետյանի պաշտպանը:
Պաշտպանը նաեւ մեղադրեց դատախազին, որ նիստերից մեկում դիմել է բոլորին, ասելով՝ դե կտեսնեք:
Ամբաստանյալ Արկադի Վարդանյանը միանալով իր պաշտպան Գայանե Գալոյանին եւ այս բացարկի միջնորդությանը, ասաց, որ դատախազը «կեցվածքով, ժեստիկուլյացիայով, մատ թափ տալով ասել է՝ դեռ կտեսնես»: Արկադի Վարդանյանն ասաց, որ իրենցից՝ 3 ամբաստանյալներից միակը Վարուժանն է, ով իրականացրել է ծանրագույն հանցագործություն, «լիովին հասկանալի պատճառներով» գտնվում է ազատության մեջ եւ որ իրենք, որ որեւէ մեկի համար վտանգ չեն ներկայացնում, ազատազրկված են:
Դատախազ Արամ Ամիրզադյանը համաձայն չէր իր հասցեին հնչած հաճախ նաեւ վիրավորական արտահայտություններին, նաեւ պաշտպանական կողմից հնչած` «միայն մեղադրող հարցեր է տալիս» արտահայտությանը, ասաց, որ պաշտպանական կողմը այլ բան չունի, քան ցեխ շպրտել եւ իր արտահայտությունն էլ՝ «դեռ կտեսնենք», հնարավոր է այլ համատեքստում է ասել:
«Անցել են այն ժամանակները, երբ կարող են դատախազներին վախեցնել»,- ու շրջվելով դեպի դատավորը, մեղադրեց նրան, թե ինչու դիտողություն չի անում պաշտպանական կողմին: Հիմա էլ դատարանը իրեն «բռնեցրեց» կողմնակալության մեջ:
Այդուհանդերձ, Արսեն Ավետյանը հայտարարություն անելու նպատակով ձայն խնդրեց, սակայն հետեւեց ռեպլիկը՝ «ես նայում էի դատախազի աչքերին, 37 թվի թախիծը կար»:
Արկադի Վարդանյանն ասաց, որ նպատակ է ունեցել իր հրապարակումներով, ասուլիս հրավիրելով ցույց տալ ճանապարհներ, ասել դառը ճշմարտություններ եւ փաստեր. «Մտածեցին ինձ լռեցնելը հեշտ կլինի: Ուշադրությունն իմ անձի նկատմամբ եղել է որոշակի պաշտոնյաների անհանդուրժողականության պատճառ»:
Դատավոր Արշակ Վարդանյանը դատախազի բացարկի հետ կապված գտնվում է խորհրդակցական սենյակում: Դատական նիստի մասնակիցները սպասում են որոշմանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ