Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2013թ. մրցանակի դափնեկիր Ցուգիո Մակիմոտոյին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում

Նոյեմբեր 15,2013 16:49

Սթ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր, «Հիտաչի» ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիտաչի» ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո Վիժն» ընկերության նախագահ դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին։
Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ցուգիո Մակիմոտոյի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ցուգիո Մակիմոտոյին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Այդ կապակցությամբ հրավիրված Ռեկտորատի արտահերթ նիստը բացեց ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը, ով իր ներածական խոսքում ի մասնավորի ասաց. “Արդեն ավանդույթ է դարձել ճարտարագիտական համալսարանի հարկի ներքո հյուրընկալել համաշխարհային այնպիսի անձնավորությունների, որոնք նշանակալի ներդրում ունեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման գործում: Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորների շարքում են ինչպես Հայաստանի գիտնականներն ու գործիչները, ովքեր մեծ ավանդ ունեն համալսարանի զարգացման հարցում, այնպես էլ օտարերկրացի այն գիտնականները, որոնց աշխատանքները համաշխարհային գիտական կյանքում մեծ արժեք են ներկայացնում։ Շնորհավորում ենք Ցուգիո Մակիմոտոյին ՀՊՃՀ պատվավոր դոկտորի բարձր կոչմանն արժանանալու առթիվ”: Ռեկտոր Արա Ավետիսյանը Ց. Մակիմոտոյին և նրա տիկնոջը ներկայացրեց ՀՊՃՀ ձեռքբերումների տարեգրությունը՝ շեշտը դնելով համալսարանի զարգացման ծրագրերի և ՏՏ ոլորտում կատարած գիտական ու նորարարական աշխատանքների վրա։
Այցի շրջանակներում Ցուգիո Մակիմոտոն հանդես եկավ մասնագիտական ուշագրավ դասախոսությամբ՝ «Կիսահաղորդչային նորարարություններ և ՏՏ հեղափոխություն» թեմայով։ Ներկայացնելով իր մասնագիտական կյանքը, որը նվիրված է կիսահաղորդչային բնագավառին, նա խոսեց կիսահաղորդիչների և ՏՏ զարգացման վաղ շրջանի, ներկայի և ապագա տասնամյակների իր կանխատեսումների մասին: Նրա կարծիքով կիսահաղորդիչները փոքր քարեր են, որոնք ոչ մի օգուտ չեն տա, եթե չլինեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց համար կիսահաղորդիչները էներգետիկ աղբյուր են։
Դոկտոր Մակիմոտոյի հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն են տվել նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին: Նա իր ելույթում անդրադարձավ «Մակիմոտոյի ալիքին», պատվիրված ու ստանդարտ սարքերին և չփոփոխվող դինամիկ հիշողությանը։
Իր ելույթում Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն հայտնեց համալսարանին իր գործունեության գնահատման և իրեն ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար` նշելով, որ այսօր իր կյանքի լավագույն օրերից մեկն է: “Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթ խնդիր է համարվում։ Սա ուրախալի է ինձ համար, քանի որ այն առաջնահերթ է նաև Ճապոնիայում: Ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ”,-ընդգծեց պարոն Մակիմոտոն:

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ
կապերի և տեղեկատվության բաժին
Վերոնիկա Խորասանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930