Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն. Թող ուսուցիչները խոսեն ժամանակին

Նոյեմբեր 15,2013 16:46

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) տնօրեն Նորայր Ղուկասյանն այսօր կրթական սեմինարի ժամանակ անդրադարձավ դասագրքերի փորձարկումներին:

Նա ասաց, որ փորձարկումը կանոնակարգելու նպատակով մշակվել է մեթոդաբանություն. «Ուսուցիչները պետք է հետեւողական իրականացնեն գործընթացը, ստանանք նրանց դիտարկումներն ու առաջարկությունները, որով կբարելավվի դասագրքերի բովանդակությունը եւ կրթության որակը: Մենք ներգրավում ենք ուսուցիչներին, չի կարելի մի քանի մեթոդիստի միջոցով դասագրքի բովանդակության հարց լուծել…Ուսուցիչների շահագրգիռ վերաբերմունքից է կախված, թե ինչքանով այդ աշխատանքը արդյունք կտա»:

Պարոն Ղուկասյանը նշեց, որ այս տարվա նոյեմբերից մինչեւ հաջորդ տարվա ապրիլը փորձարկումների շրջանն է: Յուրաքանչյուր դասագիրք կփորձարկվի առնվազն հինգ դպրոցում, փորձարկման է դրվել 36 դասագիրք (23 անուն): Այդպիսով, դասագրքերը փորձարկվել են առնվազն 180 դասարանում:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ուսուցիչներից առաջարկներ ստացվե՞լ են դասագրքերի քաշերի հետ կապված: ԿԱԻ տնօրենը պատասխանեց, որ այդ հարցը եւս կարեւոր է, սակայն իրենց պարագայում փորձարկվում է դասագրքի բովանդակությունը, իսկ քաշը, սանիտարական, պոլիգրաֆիական չափանիշները պահված են:

Լրագրողի հարցին՝ դժգոհություններ չե՞ն հնչում այն դասարանների ծնողների կողմից, որտեղ կատարվում է դասագրքի փորձարկում: Նորայր Ղուկասյանը տեղեկացրեց, ոչ դժգոհություններ չեն եղել, ավելին՝ նրա խոսքով. «Մրցույթով անցած դասագիրքը չի կարող կործանարար ազդեցություն ունենալ աշակերտի վրա»:

Իսկ ինչո՞ւ են, այնուամենայնիվ, շատ դասագրքերի հետ կապված դժգոհությունները: «Ես սպասում եմ կարծիքների, առաջարկների եւ դիտողությունների, 20014 թ. սեպտեմբերին մտնող դասագրքերի մասին կարծիքներ հավաքելու ժամանակն է, եթե որեւէ մեկը հիմա չի արձագանքի, հետո կարծիք կհայտնի, չգիտեմ՝ ինչ անել»,-ասաց պարոն Ղուկասյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930