Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոնյա բառն արտաբերելը դեռևս հարցի լուծում չէ»

Նոյեմբեր 15,2013 16:39

Շատ դժվար է Հայաստանի կրթության ոլորտն առանձնացված բարեփոխել, երբ երկրում կան տնտեսական, աշխարհաքաղաքական մարտահրավերներ. կարծում է Լիվիու Մաթեյը՝ «Բարձրագույն կրթությունը Հայաստանում այսօր» զեկույցի փորձագետը:

Մաթեյի խոսքով՝ մարտահրավերները շատ են, և խնդիր է՝ ինչպես մշակել բարեփոխումների ծրագիր, որը Հայաստանի համար կլինի կիրառական:

«Բոլոնյա բառն արտաբերելը դեռևս հարցի լուծում չէ: Կա հիմնարար մեկ դժվարություն: Մինչ օրս իրականացված բարեփոխումների աշխատանքները չեն տվել ակնկալված կամ հռչակված արդյունքները»,- ասում է Լիվիու Մաթեյը:

Զեկույցի պատրաստման ընթացքում զրուցակիցների մեծ մասն ասել է, որ կրթության որակը չի բարելավվել, ուսանողները չեն ստանում ավելի լավ կրթություն:

Փորձագետ Կոեն Գևենն նշեց, որ Հայաստանից բազմաթիվ երիտասարդներ հեռանում են, քանի որ համալսարանում շատ քիչ բան են սովորում: Երիտասարդների կարծիքն այն է, որ Հայաստանում կրթությունը շատ կոռումպացված է:

«Ովքեր մնում են, շատ քիչ բան են սովորում ՝ չնայած այն փաստին, որ կան բազմաթիվ տաղանդավոր անձնավորություններ ուսանողների և դասախոսների շրջանում: Չեմ կարծում, որ Հայաստանի կրթական համակարգը մրցակցային է»,- հավելում է Գևենը:

Նրա խոսքով՝ Հայաստանի առանձնահատկությունն է այն, որ կառավարությունը ուժեղ հսկողության տակ է պահում համալսարանները, և քաղաքական գործիչները համալսարանների ղեկավարներ են: Շատ երկրներում քաղաքական գործիչները փորձում են ներգրավվել համալսարանների գործերին, բայց համալսարանները դիմադրում են, իսկ Հայաստանում «խնդիրը ծայրահեղ վիճակում է»:

Զեկույցի համահեղինակ, փորձագետ Ջուլիա Իվինսկան իր հերթին փաստեց, որ դասախոսների աշխատանքային պայմանագրերը շատ կարճաժամկետ են: Այն վերահսկողական շատ լավ գործիք է՝ համալսարանները քաղաքական սուբյեկտների վերահսկողության տակ պահելու համար:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը կրթության քաղաքականացված լինելու փաստը պայմանավորում է երկրում գործող օրենսդրությամբ: Նա առաջին լուծում է համարում օրենսդրական բարեփոխումները, որոնք կամրագրեն, որ քաղաքական գործիչները չպիտի լինեն բուհական համակարգում:

«Բոլոնիայի գործընթացի արդյունավետությունը մեր երկրում պայմանավորված է մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներով: Գուցե կրթական համակարգը օրինակելի չէ, քանի որ քաղաքական համակարգը չի ուզում: Քաղաքական համակարգի համար ավելի հեշտ է ունենալ վերահսկելի կրթական համակարգ»,- ասում է Ամիրյանը:

Քննարկման բոլոր մասնակիցները համակարծիք են, որ ոլորտը բարեփոխելու համար Հայաստանում պետք է անցկացնել բաց քննարկումներ ու բանավեճեր՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Նրանց համոզմամբ՝ հայաստանյան բուհերում, ՀԿ-ներում, կառավարական կառույցներում կան բազմաթիվ մարդիկ, ում կարողությունները թույլ կտան բարեփոխումները հաջողության հասցնել: Սակայն այդ մարդիկ մեկուսի են և ոչ համախմբված:

Ջուլիա Իվինսկան նշեց, որ զեկույցը պատրաստելու համար անցկացրել են մոտ 70 հարցազրույց բարձրագույն կրթության համակարգին քաջատեղյակ մարդկանց հետ: Այս մարդիկ համաձայնել են հիշատակել խնդիրը՝ հիմնականում իրենց անձը չհրապարակելու պայմանով: Իվինսկան սա արդեն իսկ խնդիր է համարում. նշանակում է՝ ինքնագրաքննություն կա:

«Բազմաթիվ ուսումնասիրություններ են պետք՝ Հայաստանի բարձրագույն կրթության մասին: Պետք է տեսնել՝ ինչպես լուծել բուհական համակարգում կոռուպցիայի կոնկրետ խնդիրը, ինչպես քննությունների չափանիշը բարձրացնել, օգնել ուսանողներին պատրաստվել քննություններին»,- նշեց Ջուլիան Իվինսկան:
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացվեց «Բարձրագույն կրթությունը Հայաստանում այսօր» զեկույցը: Քննարկման բանախոսներն էին Լիվիու Մաթեյը (Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Բուդապեշտ), Ջուլիա Իվինսկան (Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Բուդապեշտ), Կոեն Գևենը (Եվրոպական համալսարանի ինստիտուտ, Ֆլորենցիա) և Դավիթ Ամիրյանը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» փոխտնօրեն:
Քննարկման ամբողջական տեսագրությունը

 
«Մեդիա կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930