Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղը կարելի է բուժել նաեւ Հայաստանո՞ւմ (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2013 15:33

«Հայ ժողովրդի մոտ մի այնպիսի իրավիճակ է, որ ցանկացած մեկի մոտ, եթե քաղցկեղ են հայտնաբերում, իր ունեցվածքը վաճառում ու մեկնում է արտերկիր, որ շանս ստանա նորմալ բուժվելու: Սա մի կատաստրոֆիկ ֆենոմեն է, որը բոլոր զարգացող երկրներում է»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում նման կարծիք հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը: Մինչդեռ, ինչպես վստահեցրեց բժիշկը, առանց արտերկիր մեկնելու էլ կարելի է նույն եվրոպական չափանիշներով բուժել քաղցկեղը հենց Հայաստանում: Պարոն Ստեփանյանի ներկայացմամբ՝ «Նաիրի» բուժկենտրոնում մի քանի ամիս է  օնկոգինեկոլոգիայի բաժանմունք է բացվել, որը զբաղվում է արգանդի, ձվարանների, արգանդի պարանոցի եւ կրծքագեղձի քաղցկեղների ախտորոշմամբ եւ բուժմամբ. «Մեր մասնագետները երկարատեւ վերապատրաստվել են արտերկրի լավագույն կլինիկաներում` նույն մակարդակի բուժում է, որը Եվրոպայի լավագույն կլինիկաներում է կատարվում: Եթե անցած դարում քեզ մոտ քաղցկեղ էր ախտորոշվում, դա հնչում էր որպես դատապարտում` վերջ, դու մահանալու ես, հիմա դա այդպես չէ: Քաղցկեղը խրոնիկ հիվանդություն է, եւ եթե այն ճիշտ հայտնաբերվում եւ բուժվում է, հատկապես կանացի քաղցկեղը, դրա մահացությունը բարձր չէ,  քան երկկողմանի թոքաբորբի կամ շաքարային դիաբետի ծանր դեպքերի, կամ  սրտամկանի ինֆարկտի դեպքում: Մենք ունենք շատ լավ քիմիաթերապիայի բաժին, որը ոչ մի բանով չի զիջում լավագույն կլինիկաներին, եւ դեղորայքային մոտեցումների առումով նույնպես,  ունենք ֆանտաստիկ վիրասրահ, որը ամենա-ամենալավն է»:

Մասնագետի վստահեցմամբ` Հայաստանում այդ տիպի քաղցկեղների բուժումը մոտ 10 անգամ էժան է, քան եվրոպական կլինիկաներում:

Մանրամասն` տեսանյութում

Պարոն Ստեփանյանի ներկայացմամբ, իրենք կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության դեպքում, հնարավորություն ունեն պահպանել կրծքագեղձը, եւ դրանով ազատել կնոջը հետվիրահատական սթրեսից: Ինչ վերաբերում է արգանդի քաղցկեղի վիրահատությանը, ապա բժշկի հավաստմամբ, այլեւս անհրաժեշտ չէ, ինչպես նախկինում էր, մեծ ու կնոջ համար տհաճ կտրվածքներ կատարել: Ժամանակակից սարքավորումները, որոնք առկա են կլինիկայում, հնարավորություն են տալիս առանց կտրվածքի վիրահատություն կատարել: Բժշկի խոսքերով, նման վիրահատության արդյունքն ավելի հուսալի է ու բարձր, քան կտրվածքի դեպքում:

Պարոն Ստեփանյանի ներկայացմամբ` բոլոր գիտելիքները բերում են այն փաստին, որ քաղցկեղի առաջացման եւ ընթացքի հիմքում ընկած են գենետիկ փոփոխությունները, մուտացիաները, դրանք կարող են լինել եւ ժառանգական եւ ձեռքբերովի.«Շատ վաղուց բժիշկները նկատել են, որ մոր մոտ, եթե կա քաղցկեղ, ապա աղջկա մոտ էլ է լինում, բայց մեխանիզմները պարզ չէին: Հիմա հայտնաբերված են մի շարք գեներ, որոնց ժառանգական մուտացիայի դեպքում քաղցկեղի առաջացման հավանականությունը համարյա 100%-ին  մոտ է»: Ուստի բժիշկը հորդորում է, գոնե կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու համար, կանայք իրենք ամիսը մեկ ստուգեն կրծքագեղձը եւ որեւէ կոշտ բան շոշափելու դեպքում, անպայման դիմեն բժշկի:  

Արտեմ Ստեփանյանի խոսքերով` «Եթե աշխարհի մասշտաբով վերցնենք կանանց սեռական օրգանները` կրծքագեղձը, արգանդը, ձվարանները, ապա այդ ուռուցքների ընդհանուր կշիռը կազմում է կանանց չարորակ ուռուցքների մոտ 40-50%-ը: Իսկ եթե վերցնենք մահացությունը չարորակ ուռուցքներից, ապա այդ հատվածի ուռուցքներից մահացությունը 25-30%-է, այսինքն՝ կանանց ¼-ը մահանում է հենց կանացի սեռական համակարգի եւ կրծքագեղձի քաղցկեղից: Կանխարգելումն ու վաղ հայտնաբերումն է կարեւորը, այդ դեպքում պայքարելն ավելի հեշտ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930