Ինչպես հայտնի է, ժամը 1500-ին պատգամավորները կրկին պետք է հավաքվեին խորհրդարանի նիստերի դահլիճում, որպեսզի վերջնականապես հստակեցնեին՝ ի վերջո քվորում ապահովվո՞ւմ է եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ առաջացած անհամաձայնությունները հարթելու նպատակով արտահերթ նիստը գումարվել՞ու է, թե՞ ոչ: Այս անգամ եւս քվորում չապահովվեց: Նիստը, փաստորեն, տապալվեց:
Այս պահին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր նախաձեռնել էին արտահերթը, հավաքվել են ՀՅԴ խմբակցության սենյակում՝ հստակեցնելու համար իրենց հետագա անելիքները: Խմբակցությունները կտարածեն հայտարարության համատեղ տեքստ: Չի բացառվում, որ նոր ստորագրահավաք սկսեն եւս մեկ արտահերթ նիստ անցկացնելու համար:
Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ հայտարարության տեքստում ինքն ու իր գործընկերները քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում են իբրեւ բացահայտ արհամարհանք Սահմանադրության, քաղաքական փոքրամասնության սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունն ի չիք դարձնող եւ բաց քննարկումներից խուսափելու քայլ, ինչպես նաեւ անհանդուրժողականության դրսեւորում եւ խորհրդարանի դերը նսեմացնելու հերթական փորձ: Խորհրդարանական ընդդիմադիրները գտնում են, որ այդ համակարգի ներդրման բացասական հետեւանքները կրելու են ՀՀ բոլոր քաղաքացիները՝ ներկա եւ ապագա սերունդները, ու դատապարտում են քաղաքական մեծամասնության անհանդուրժողական կեցվածքը:
Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նաեւ կոչ են անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակցել այն պայքարին, որն ուղղված է արժանապատիվ ծերություն ունենալուն եւ ՀՀ քաղաքացու իրավունքի ապահովմանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ