Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու է Ռուսաստանի՞ն. կոնֆլիկտի անցյալը, ներկան ու ապագան

Նոյեմբեր 15,2013 15:22

«Այսպիսի ֆորմատով և ուժերի հարաբերակցությամբ այս խնդիրը ուղղակի հնարավոր չէ լուծել»,-այսօր «Կովկաս» ինստիտուտում ղարաբաղյան հակամարտության, շարժի ու հեռանկարների մասին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Իսկ կոմպրոմիսի գալու հարցում Երվանդ Բոզոյանը լավատես չէ. «Կոմպրոմիս գտնելը երկու կողմերի միջև բարդ է, քանի որ կողմերը 180 աստիճան տարբեր ընկալումներ ունեն: Ելքի առաջին ճանապարհն է շարունակել բանակցությունները հանուն բանակցությունների, որ պատերազմ չլինի, երկրորդը՝ բանակցություններ չես տանում և դա կարող է հանգեցնել պատերազմի»:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ԼՂՀ հակամարտությունը միայն ֆորմալ առումով է տեղական կոնֆլիկտ անվանում և մանրամասնում. «Ակնհայտ է, որ 20 տարի շարունակվող ու չկարգավորվող հակամարտությունը շատ դժվար է ենթարկվում տրանսֆորմացիայի, քանի որ տարածաշրջանը առաջին հերթին կոնսերվացված է Թուրքիայի կողմից: Կոնֆլիկտի առկայությունը խոչընդոտում է հակամարտող կողմերի կապերին Արևմուտքի հետ ու այն մեծացնում ՌԴ ներկայությունը տարածաշրջանում:

Ղարաբաղյան կոնֆլիկտը ՌԴ-ի համար հզոր գործոն է, որ թույլ է տալիս պահպանել ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում: Արևմուտքը կոնֆլիկտը դիտարկում է՝ որպես խոչընդոտ իր ուժեղացմանը Արևմուտքում: Դատելով ռուսական բազայի ընդլայնումից, ավիացիոն բաղկացուցիչի ավելացումից, կարելի է եզրակացնել, որ ռուսական բազան կհայտնվի այնտեղ, որտեղ կորոշի Ռուսաստանը, և իհարկե առանց հաշվի առնելու ՀՀ-ի շահը: Ու ՀՀ ղեկավարությունը հազիվ թե առարկի դրան, մանավանդ, երբ նա վերցրել է պատասխանատվություն՝ չանել որևէ հայտարարություն և գործողություն, որը կհակասի Մաքսային միության երկրների շահերին»: Դառնալով Արևմուտքին, պարոն Մեհրաբյանը նշեց. «Եթե Արևմուտքը պատմական շանսերից է խոսում, ապա պիտի նաև խոսի պարտավորություններից, ինչը ես չեմ տեսնում»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը խոսեց երկու կողմերի հիմնական վեճի ու անհամաձայնության մասին. «Դրանք կոնֆլիկտի կարգավորում բանաձևի վերաբերյալ պատկերացումներն են, որոնք այնքան տարբեր են, որ նույնիսկ համատեղելի չեն: Հայկական կողմի, նաև միջազգային հանրության համար կոնֆլիկտի կարգավորումը այնպիսի կարգավորում է, որը կվերացներ կոնֆլիկտը վերսկսելու հնարավորությունները, այն դեպքում, երբ Ադրբեջանը կոնֆլիկտի կարգավորում համարում է իր՝ այսպես կոչված տարածքների վերադարձը՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի հայության ճակատագիրն ու անվտանգությունը»:

Պարոն Հարությունյանը միջազգային հանրության արձագանքը «անպտուղ» համարեց, ինչը կարող է անուղղակի ոգևորել Ադրբեջանին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930