Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Վան. «Գրելն ինձ համար ճանապարհ է, որով սիրով անցնում եմ, նաեւ խոստովանություն է ու ինքնափրկության ձեւ»

Նոյեմբեր 15,2013 15:18

Այսօր «Նոյյան տապանի» մամուլի սրահում կայացավ ամերիկաբնակ պոետ Սոնա Վանի մամուլի ասուլիսը: Արվեստագետն անդրադարձավ վերջերս կատարած իր շրջագայությանը: Բանախոսի խոսքերով՝ մի շարք գրական հանդիպումներ է ունեցել ինչպես հայ համայնքի, այնպես էլ տեղի մտավորականների հետ: 4 ժողովածուների հեղինակը նշեց, որ 5-րդը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կունենա թարգմանություններ տարբեր լեզուներով:

Հայաստանցի գրողները, գաղտնիք չէ, որ չեն կարող իրենց երկարատեւ շրջագայելու շռայլություն թույլ տալ: Քաղաքակիրթ երկրներում, օրինակ, գրողներն ունեն գործակալներ, որոնք զբաղվում են նրանց PR-ով, իրավունքներով, հրատարակման աշխատանքներով, գրքերի վաճառքով, շրջագայություններով եւ ստեղծագործողի այլ հոգսերով, դուք ունե՞ք, արդյոք, գործակալ եւ եթե դա ձեր միջոցներով է, ապա կարելի՞ է նման գործունեությունն ընկալել իբրեւ փառքի ձգտում. Aravot.am-ի այս հարցին Սոնա Վանը նշեց, որ ստեղծագործում է առանց գործակալի, ապա պատասխանեց. «ԱՄՆ-ում 1999թ. «Փշրանքներ» խորագրով առաջին գիրքս իմ միջոցներով է հրատարակվել: Երկրորդ գիրքս տպագրվեց Հայաստանում՝ պետպատվերի շրջանակում, եւ այլն: Հետո ստացվեց այնպես, որ ստեղծագործություններիս թարգմանությունները կատարվեցին իրենց՝ թարգմանիչների նախաձեռնությամբ: Լինելով Ռուսաստանում եւ այլ երկրներում, ինձ համար գոնե պարզ դարձավ, որ թարգմանությունների շնորհիվ ես ճանաչված եմ ու սպասված: Համենայնդեպս, դա զգում եմ, երբ տարբեր քաղաքներում հանդիպում եմ հայերի եւ տեղի մտավորականների հետ: Այս ճանապարհորդությունն էլ բացառություն չէր: Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ջավախք եւ Լեռնային Ղարաբաղ մեկնեցի հրավերներով: Պետք է խոստովանեմ, որ լինում են հրավերներ, երբ արդեն վաղուց նշանակված այս կամ այն միջոցառման օրը հանկարծ, հրավիրող կողմին անակնկալի բերելով, քմահաճորեն, այո, քմահաճորեն փոխում եմ, նշանակելով ըստ իս՝ ինձ ավելի հարմար ժամկետ»:

Ինչ վերաբերում է փառքի ձգտելուն, Սոնա Վանը հավաստիացրեց, որ նման խնդիր ի սկզբանե իր առջեւ չի դրել. «Գրելն ինձ համար ճանապարհ է, որով սիրով անցնում եմ, նաեւ խոստովանություն է ու ինքնափրկության ձեւ»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930