Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը կսկսի քաղաքական խաղերը հենց որ դիմենք «Հազարամյակի մարտահրավերներին»

Նոյեմբեր 15,2013 14:42

4-5 տարի Ամերիկայի կառավարությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը սառեցնելուց հետո կրկին Հայաստանին հնարավորություն է տվել դիմել իրենց՝ ֆինանսավորում ստանալու համար: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան (ՀՄԿ) ֆինանսավորմանը հավակնող երկրների ցուցակում ներառել է նաեւ Հայաստանը, որովհետեւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ մեր երկիրը որոշակի առաջընթաց է գրանցել: Այս արդյունքների համար հիմք է եղել մեր երկրում գործող որոշ միջազգային կառույցների ներկայացրած տվյալները:

Ըստ ՀՄԿ-ի՝ Հայաստանը տնտեսության ազատության ոլորտում առեւտրային քաղաքականության, ինֆլյացիայի, բիզնես սկսելու կամ վարկ վերցնելու ցուցանիշներով առաջընթաց է գրանցել, իսկ ֆիսկալ քաղաքականության ուղղությամբ ոչ մի առաջընթաց էլ չկա: Առողջապահության ֆինանսավորման ուղղությամբ, ըստ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի՝ կրկին առաջ չենք գնացել: Այս ծրագրի ներկայացրած ցուցանիշներից թերեւս հետաքրքիրն այն է, որ օրինակ՝ տեղեկատվության ազատության ուղղությամբ Հայաստանը չի հասել Վաշինգտոնի ուզած ցուցանիշին՝ չնայած որ չնչին տեղաշարժեր, ըստ կորպորացիայի, այնուամենայնիվ, եղել են, բայց դա ՀՄԿ-ն առաջընթաց չի համարում: Կորպորացիայի հրապարակած տվյալներով՝ քաղաքացիների ազատության ուղղությամբ Հայաստանը ունի առաջընթաց, իսկ քաղաքական իրավունքների գծով նորից ՀՄԿ-ին անհրաժեշտ ցուցանիշը չենք ապահովել:

Ուշագրավն այն է այս ցուցանիշներում, որ կոռուպցիայի դեմ պայքարի ինդեքսով Հայաստանը որոշակի առաջընթաց ունի, առաջընթաց է գրանցվել, ՀՄԿ-ի հրապարակած տվյալներով՝ օրենքի գերակայության եւ կառավարման  արդյունավետության ցուցանիշներով:

Պաշտոնական Վաշինգտոնը դադարեցրել էր ծրագիրը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, եւ տարիներ անց նորից Հայաստանին, այսպես ասած՝  բարի աչքով նայելն, իհարկե, պատահական չէ, դա կապված չէ միայն որոշ ցուցանիշների բարելավման հետ: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հրապարակած ցուցանիշների հետ համամիտ չէ եւ մեզ հետ զրույցում գրեթե բոլոր ցուցանիշներով հակափաստարկ բերեց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ նշված ցուցանիշների մեծ մասով Հայաստանը ոչ թե առաջընթաց է գրանցել, այլ նույնիսկ՝ հետընթաց:

Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ մեկ ամիս առաջ հրապարակած տվյալներով՝  Հայաստանը աշխարհում վատագույններից է կոռուպցիայի ընկալման տեսանկյունից: Այսինքն՝ հարցվածների 74%-ը կոռուպցիան համարել է առաջնային խնդիր: Երբ «Հազարամյակի մարտահրավերները» սկսեց գործել Հայաստանում, բացի տնտեսականից՝ կարեւորագույն շեշտը քաղաքականն էր, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ արդարադատության առումով: Մարտի 1-ից հետո մենք չէինք կարող համապատասխանել այդ ցուցանիշներին. քաղբանտարկյալներ, ձերբակալվածներ, մարդու իրավունքների ոտնահարում, արդարադատության իսպառ բացակայություն: Այսօրվա իրավիճակին անդրադառնալով, այսպես ասեմ՝ քաղբանտարկյալ դեռեւս չունենք, մինչեւ որ չգիտեմ՝ ինչ ձեւակերպումներ կտան այսօր կալանքում գտնվող մարդկանց: Այս առումով դեռ չունենք քաղբանտարկյալ, ուստի կորպորացիան կարող է մի հատ պլյուս դնել: Մարդու իրավունքների մասով համոզված եմ, որ այդտեղ առաջընթաց չկա, ազատությունների սահմանափակումների հետ կապված՝ մամուլի ազատության, տեղեկատվության ազատության առումով էլ, իհարկե, առաջընթաց չկա: Իսկ ամենակարեւորը, որին ես չգիտեմ՝ կորպորացիան իր ֆինանսավորման ժամանակ կանդրադառնա, թե ոչ՝ արդարադատության խնդիրն է»: Ինչ վերաբերում է օրենքի գերակայության ցուցանիշի բարելավմանը, ապա պարոն Խաչատրյանի դիտարկմամբ՝ հնարավոր է առաջընթաց լինի ասենք՝ լավ օրենքներ ունենալու իմաստով, իսկ ահա դրանց կիրառման իմաստով առաջընթաց չկա. «Տարբեր միջազգային կառույցներ էլ  արձանագրում են, որ արդարադատության ցուցանիշով ամենավատն ենք: Իշխանությունները նույնիսկ գլուխ են գովում, արդարադատության նախարարն էլ խոսում է, թե բիզնես սկսելու համար գործընթացը 1-2 օր է տեւում, դա գրանցումն է, հասկացանք, հետո ի՞նչ: Իսկ այդ բիզնեսի հետագայում աշխատե՞լը: Այսինքն՝ նորից ֆինանսավորման դեպքում «Հազարամյակը» ինքը պետք է որոշի՝ այդպե՞ս է, թե՞ ոչ: Ինֆլյացիայի մասով՝  ինֆլյացիա, այո, անցյալ տարի չունեինք, այս տարի հակառակն է, մենք ինֆլյացիա ունենք՝ աշխարհը չունի: 9% էր նախատեսվում, երեկ ԿԲ նախագահն ասաց՝ 7%»:

«Առավոտի» հարցին՝ եթե մենք նման վատ ցուցանիշներ ունենք, ապա կարելի՞ է կասկածի տակ դնել Ամերիկայի կառավարության նշած ցուցանիշները, եւ ինչո՞ւ Վաշինգտոնը որոշեց փոխել քաղաքականությունը եւ Հայաստանին մեկ անգամ էլ հնարավորություն տալ, ՀԱԿ անդամն ասաց. «Փաստել է այն, ինչ կա՝ թե ինչքանո՞վ իրավիճակին կանդրադառնա, այսինքն՝ հնարավորություն ունե՞նք փաստաթղթեր ներկայացնելու, որ գումար տան: Այ, դրանից հետո Վաշինգտոնը կսկսի քաղաքական խաղերը, թե՝ որքանով կուզի Հայաստանի կախվածությունն իրենցը լինի»:

Երեկ ՀՀ վարչապետը կառավարության նիստին ասաց, որ հանձնարարվել է նորից հայտով դիմել «Հազարամյակի մարտահրավերներին»՝ նոր ֆինանսավորում ստանալու համար:  Վարչապետը նաեւ նշել է. «Պետք է գիտակցենք, որ հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետեւ այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող եւ դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու»:  Արդյոք կառավարության ղեկավարի այս հայտարարությունը մի տեսակ «ապահովագրվելով» չէ՞ր, եթե ասենք՝ կորպորացիան, այնուամենայնիվ, չֆինանսավորի, պատճառաբանություն բերվի ոչ թե կոռուպցիայի դեմ վատ պայքարը, այլ դժվար մրցակցությունը՝ մեր այս հարցին էլ Վահագն Խաչատրյանն ասաց. «Դա մեր կառավարության ոճն է, առավել եւս՝ վարչապետի, որ մինչեւ վերջ ազնվություն չունեն ճշմարտությունն ասելու: Տեղ է թողնում, որ հետագայում ասի՝ գիտեք, մեզանից ավելի կարեւոր երկրներ կան, որոնք ավելի կարիքն ունեին այդ գումարների: Իշխանությունները բոլոր հայտարարությունների մասով ամեն անգամ նահանջի տեղ են թողնում: Իսկ երբ տարիներ առաջ «Հազարամյակի մարտահրավերները» սկսեց գործել մեր երկրում, ամենակարեւորը այն բանի համար էին ֆինանսավորում, որ ժողովրդավարական ձեռքբերումներ ունենանք. դրա համար էին խրախուսում, ծրագրի ամբողջ նպատակը դա էր: Երբ մարտի 1 եղավ, այդ գումարները գնացին Վրաստան: Հիմա քայլեր են արվում, որով նաեւ քաղաքական նպատակներ են հետապնդվում Վաշինգտոնում. այդ դեպքում՝ կտա, եթե ոչ՝ ուրեմն պարզ է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930