Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեքնուկ», «Ամարաս Յուս» եւ «Սեար Գրուպ»-ը բյուջեի գումարները քամուն են տվել (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2013 14:26

TMPPH

Մանկապարտեզներին, ծերանոցներին եւ մանկատներին սնունդ մատակարարող 3 օրինախախտ ընկերություն այսօր տուգանվեցին 45 մլն դրամով: «Երեքնուկ», «Ամարաս Յուս» եւ «Սեար Գրուպ» ընկերությունները, ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի,

վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջեւ եւ հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում թույլ են տվել մրցակցային օրենսդրության խախտումներ: Ընկերությունները տուգանվեցին յուրաքանչյուրը 15 մլն դրամի չափով:

«Ամարաս-Յուսը» մի մրցույթում ճանաչվել է հաղթող եւ դարձել խտացրած կաթի մատակարար՝ 1 տուփը 450 դրամ գնով, իսկ մյուսում պարտվել է՝ նույն ապրանքի համար ներկայացնելով անհամեմատ բարձր՝ 1100 դրամ գին, ինչի արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել «Երեքնուկ» ընկերությունը և իրականացրել խտացրած կաթի մատակարարում՝ շուկայականից ակնհայտ բարձր՝ 1 տուփը 895 դրամ գնով։

«Երեքնուկը» մասնակցելով «Նորքի տուն-ինտերնատի» կողմից կազմակերպված մրցույթին՝ ճանաչվել է հաղթող և սննդամթերք մատակարարել՝ շուկայականից որոշ դեպքերում մինչև 150%-ով բարձր գներով, մասնավորապես՝ կաղամբի, ապխտած մսի, թթվասերի, հավի մսի մատակարարման գները գերազանցել են այդ ապրանքատեսակների շուկայական գները համապատասխանաբար 150%-ով, 112%-ով, 75%-ով և 67%-ով:

Որոշ դեպքերում էլ ընկերություններից մեկը, հաղթող ճանաչվելով մրցույթում, հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը եւ մատակարարել ապրանքները: Արդյունքում տեղը զիջել է իր հետ փոխկապակցված եւ ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած մյուս ընկերությանը: Ըստ հանձնաժողովի նախագահի, պետական բյուջեից տրամադրվող միջոցները օգտագործվել են անարդյունավետ: Որպես օրինախախտ, այս ընկերությունների անունները ՏՄՊՊՀ-ն կուղարկի ֆինանսների նախարարություն եւ նրանք մեկ տարով կզրկվեն պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից:

ՏՄՊՊՀ մրցակցության գնահատման բաժնի պետ Մանուկ Միքայելյանը, հանձնաժողովի նիստում ներկայացրեց ընկերությունների խախտումները:

Նշենք, որ այս նույն ընկերությունները անցյալ տարի էլ էին հայտնվել հանձնաժողովի տեսադաշտում. որոնք կարագի փոխարեն սպրեդ էին մատակարարել: Թե ինչո՞ւ մեկ անգամ խախտում կատարելուց հետո օրինախախտ ընկերությունները չէին ընկել սեւ ցուցակ եւ շարունակել են մասնակցել պետգնումների մրցույթներին, պարոն Շաբոյանն ասաց, որ այդ ընկերությունները նախկինում պատասխանատվության են ենթարկվել անբարեխիղճ մրցակցության գործունեության համար, իսկ պետական գնումների օրենսդրությամբ, այդ նորմը սահմանվում է միայն հակամրցակցային համաձայնության գալու դեպքում: Արտակ Շաբոյանի մեկնաբանությունը` տեսանյութում

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաեւ «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի դիմումն ընդդեմ շուկայում գործող մի շարք խանութների: 

«IT Master », «NIX Computers», «LED Coputers», «AG electronics», «ONLINE PLUS», «HARD POWER SYSTEMS», «FULLOPSYS», «IT Plasa», «Compass», «LANZA», «SP tech Computers», «SMART SHOP», «FREEGATE», «Статура» խանութները խախտել են «Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքները՝ վաճառելով հեղինակավոր այդ ընկերության համակարգչային ծրագրերի չարտոնագրված տարբերակները:

«Մայքրոսոֆթը» հանձնաժողովին տեղեկացրել է, որ իրենց հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող «ԲԻ ԷՍ ԷՅ» ընկերությունը այս տարվա մայիսին ավարտել է Հայաստանում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից չլիցենզավորված օրինակների տեղադրման վերաբերյալ մոնիթորինգի հերթական փուլը: Ինչի արդյունքում մեծ ռիսկեր է կրում սպառողը եւ այն լուրջ սպառնալիք է հանդիսանում տվյալ շուկայում օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար: Գրիգոր Բարսեղյանի հիմնավորումները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930