Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ վճարենք մեր միության ներսում ցուցադրվելու համար»

Նոյեմբեր 15,2013 14:17

 Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը դեմ չէ ստեղծագործական միություններին, բայց կարծում է, որ առանց միության էլ կարելի է «յոլա»  գնալ

ՀՀ ժողովրդական նկարիչ եւ անվանի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի համար ՀՀ նկարիչների միության անդամ լինելը խրախուսանքի նման մի բան է: Նրա ձեւակերպմամբ, նման կարգավիճակը վերաբերում է բոլոր ստեղծագործական միություններին, որոնք այլեւս չունեն նախկին լիազորություններն ու հզորությունը:

«Ժամանակին, երբ ստեղծվեցին այդ կառույցները, դրանք  միություն էին, այսինքն՝ բոլորին համախմբելու նպատակ ունեին, իսկ դա նշանակում էր, որ նրանք կարող էին արվեստագետների տնտեսական, սոցիալական, ստեղծագործական, ֆինանսական հարցեր քննարկել ու լուծել: Օրինակ, տարիներ առաջ, երբ ես ՀՀ նկարիչների միության քարտուղարն էի, իմ ասպարեզն էր նկարիչներին բնակարաններով եւ արվեստանոցներով ապահովելը, արվեստանոցներ եւ բնակարաններ էինք բաշխում, գործուղումներ, ցուցահանդեսների գնումներ կազմակերպում: Մոսկվայից հանձնաժողովներ էին գալիս, պատվերներ տալիս, այդպիսով  արվեստագետը մխրճված էր ստեղծագործական գործընթացի մեջ,  նաեւ կարողանում էր գլուխը պահել: Այսօր նման մոտեցում չկա: Եվ այլ մոտեցման պատճառը ստեղծագործական միության ղեկավարության հետ կապ չունի, սիստեմ է փոխվել, մասնավորն է պատվիրում,  ճաշակ թելադրում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է քանդակագործը: Մեր զրուցակիցը կարծում է, որ ստեղծագործական միություններ արտահայտությունից այլեւս պետք է հանել ստեղծագործական բառը, որովհետեւ, նրա խոսքով՝ «ստեղծագործական մոմենտը չկա, ինչ-որ ստեղծվում է, դա անհատ արվեստագետն է ստեղծում, նկարիչների, գրողների, մյուս միությունների պատերից դուրս: Եվ եթե պատերից դուրս է, ուրեմն միության պատերը ինչի՞ն պիտի ծառայեն: Մյուս կողմից էլ՝ դեմ չեմ, որ միությունները  մնան, որովհետեւ ամբողջ աշխարհում ստեղծագործական ասոցիացիաներ, խմբավորումներ կան: Օրինակ,  Ճապոնիայում հանդիպել եմ մերկ կանանց նկարներ նախընտրող նկարիչների ասոցիացիայի  կամ   նկարիչների խմբավորման, որոնք նախընտրում են կենդանական աշխարհի ներկայացուցիչներ նկարել: Իմ կարծիքով՝  վատ չէ, երբ նման նախասիրությունը, ճաշակ ունեցող մարդիկ հավաքվում են»:

Խոսելով ստեղծագործական միությունների համագումարներից, Լեւոն Թոքմաջյանն ասում է. «Հիմնականում  կռիվը աթոռի համար է, միությունների շենքերի, ամառանոցների, օրինակ՝  Կոմպոզիտորների Դիլիջանի ստեղծագործական տան, Նկարիչների՝ Շորժայի կամ Ծաղկաձորի տների:  Դրանք բոլոր անդամներինն են»:

Քանդակագործը մեզ հետ զրույցում փաստում է, որ Նկարիչների միության անդամը միության ներսում ցուցահանդես անելու համար վճարում է, իհարկե ավելի պակաս, քան այն նկարիչը, որը անդամ չէ: Նաեւ մտահոգվում է. «Օրինակ, ինչո՞ւ մենք մեր միության ներսում ցուցադրվելու համար պիտի գումար վճարենք: Էլ չեմ ասում, որ վաղը-մյուս օրը մեր՝ չլինելուց հետո մեր զավակներից են այդ գումարը վերցնելու: Բաներ կան, որ պետք է կարգավորվեն: Կարծում եմ՝ Նկարիչների միության նորընտիր ղեկավարությունը, վարչությունը գոնե պետք է այս մասին մտածի»: Արվեստագետը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց, որ չէր ուզենա լինել Նկարիչների միության ղեկավար կազմում՝ համարելով դա անիմաստ բան. «Դա ինձ ոչինչ չի տա: Այսպես թե այնպես ես եւ իմ տղաները կարողանում ենք գնալ միջազգային սիմպոզիումների, անհատական հրավերներ ենք ստանում: Ինձ ճանաչում են, գիտեն, իմ արած գործերը: Նույնն  էլ որդիս՝ Հայկը: Ամբողջ Եվրոպան նրան ձեռքից ձեռք է խլում, հիմա միությունն ի՞նչ կապ ունի այստեղ…»:

Անդրադառնալով  նկարիչ Շոթա Խաչատրյանի խնդրին, որը 500 աշխատանքներով հանդերձ կարող  է ակամա «տնանկ» դառնալ, ստեղծագործելու ու ապրելու պայմանների բացակայության պատճառով,  Լեւոն Թոքմաջյանը նշեց. «Ամեն նկարիչ  պետք է իր հարցերը փորձի ինքնուրույն  լուծել: Առաջվանը չի, որ Նկարիչների միությունը քաղաքապետարանին դիմի, քաղաքապետարանը արվեստանոց տա՝ ամեն ինչ մասնավոր է: Ավելի կարեւոր հարցեր կան, օրինակ, ժամանակին Նկարիչների միության անդամությունը նաեւ թոշակի ստաժ էր համարվում: Հիմա նման բան գոյություն չունի, ու անդամ լինելը զուտ բարոյական խրախուսում է»:  Արվեստագետը նաեւ ընդունում է, որ ստեղծագործողները միջոցների ու հացի խնդիր ունեն. «Սարյանի նման նկարիչը ժամանակին գնացել է սարուձոր,  չոլ ու անտառ է նկարել: Այսօր ամեն նկարիչ չի կարող դա իրեն թույլ տալ»:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930