Լրահոս
Օրվա լրահոսը

50 տարի Աշուղյանն է «խաղացրել», հիմա էլ իրեն են «խաղացնում»

Նոյեմբեր 15,2013 13:57

Մեր իրականությունում կան լայն գործունեություն ծավալող շատ քիչ արվեստագետներ, որոնց, մեծ ցանկության դեպքում նույնիսկ, գրեթե  անհնար է լիարժեք ներկայացնել՝ հենց իրենց գործունեության լայնամասշտաբության պատճառով: Այդ քչերից մեկը ռեժիսոր,  ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Աշուղյանն է, ում ծննդյան 75-ամյակը օրերս շուքով տոնվեց Ազգային օպերային թատրոնում:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո, մեծանուն Վարդան Աճեմյանը երիտասարդ ռեժիսորին հրավիրում է Մայր թատրոն, որտեղ Աշուղյանն իրականացնում է ճանաչված հեղինակների բեմադրություններ: Դրանցից են Ս. Հարությունյանի «Միայն մարդն է ուղիղ քայլում», Պ. Մերիմեի «Աֆրիկյան սեր», Լ. Շեյնինի «Ծանր մեղադրանք», Վ. Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» եւ այլն, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում էլ բեմադրում է Ի. Կարաջալեի «Կորսված նամակ», Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սեւիջ» եւ այլ ներկայացումներ: Հրաչյա Աշուղյանը, «երեւանյան» գործունեությանը զուգահեռ, աշխատել է նաեւ մարզերում ու գաղթօջախներում, 1967-ից էլ դասավանդում է Թատերական ինստիտուտում, տարիներ հետո էլ՝ Մանկավարժական համալսարանում: Հեռուստաթատրոնի անդավաճան հանդիսատեսը կմտաբերի նաեւ ժամանակին ռեժիսորի արած աշխատանքները, այդ թվում՝ Օտյանի «Թաղականին կնիկը», Սունդուկյանի 4 վոդեւիլների էկրանացումը եւ մյուսները, էլ չենք խոսում նրա ռադիոպիեսների մասին: Իսկ ի՜նչ դերասանների հետ է աշխատել ռեժիսորը. Վահրամ Փափազյան, Ավետ Ավետիսյան, Բաբկեն Ներսիսյան, Արուս Ասրյան, Մետաքսյա Սիմոնյան, Խորեն Աբրահամյան, Գալյա Նովենց, Վարդուհի Վարդերեսյան, Ժենյա Ավետիսյան, Արմեն Խոստիկյան ու Երվանդ Մանարյան…

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հրաչյա Աշուղյանը իրականացրել է նաեւ զանգվածային թատերականացված հանդիսություններ, այդ թվում՝ «Էրեբունի-Երեւան», հանդիսացել է Համահայկական խաղերի գեղարվեստական ղեկավար:

Վերը շարադրվածը ռեժիսորի ստեղծագործական 50 տարիների չափազանց համառոտ կենսագրությունն է:

Ստացվեց այնպես, որ ռեժիսորի ծննդյան 75-ամյակի շեմին ճակատագիրը նրան անակնկալ էր պատրաստել. կինոռեժիսոր Հայկ Օրդյանը, ով հայտնի է իր «Մհեր Մկրտչյան», «Արտավազդ  Փելեշյան», «Էդվարդ Ղազարյան» մրցանակակիր ֆիլմերով,  հրավիրել է Աշուղյանին նկարահանվել իր «Հոգեվարք» կարճամետրաժ ֆիլմում,  որը տխուր պատմություն է միայնակ,  ծեր ծնողների մասին: Աշուղյանի խաղընկերուհին է սիրված դերասանուհի Գրետա Մեջլումյանը: Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանն էլ Աշուղյանին հրավիրել է իր «Բժիշկները» ֆիլմում, որի սցենարի հեղինակը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է, մարմնավորելու պրոֆեսորի դերը…

Ստացվում է՝ կես դար Աշուղյանն է «խաղացրել», հիմա էլ իրեն են «խաղացնում»: Մեզ հետ զրույցում այս առիթով ճանաչված ռեժիսորը ժպտալով ասաց. «Պետք է խոստովանեմ, որ ինձ էքսպերիմենտի ենթարկելը դժվար էր, բայց արի ու տես, որ կինոռեժիսորներին հաջողվեց…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930