Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «2014-ին մանկավարժները լրագրողներից շատ են ստանալու» (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2013 13:53

«Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարեւորագույն սկզբունքներ» եռօրյա սեմինարի ժամանակ Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե որոնք են հանրակրթության բացթողումները, մանավանդ խոսվեց միայն ձեռքբերումներից:

Նախարարը նախ կատակով նշեց, թե շարքային ընթերցող լինելու դեպքում, ինքը ԶԼՄ-ներից տպավորություն կստանար, թե կրթության ոլորտում առկա են միայն բացթողումներ. «Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ոլորտի մասին դրական նյութ կարդացել»:

Ապա թվարկեց դրանցից նշանակալիները:

«Հանրակրթության համակարգը ունի վերակառուցման կարիք՝ ինստիտուցիոնալ մակարդակով, կրթության որակին ուղղված ջանքերը հաճախ բախվում են ենթակառուցվածքների անկատարությանը: Մինչ հարյուր համակազմով դպրոց ունենք, նաեւ նոր մեթոդների կարիք կա շատ դպրոցներում: Օրինակ, Լոռու մարզի մի դպրոցում ուսուցիչների թիվն ավելի շատ է, քան աշակերտների թիվը: Ունենք կարիք նման դպրոցներում կրթության կազմակերպման նոր ձեւերի կիրառման: Այդ տիպի դպրոցներում մեկ աշակերտի համար ծախսը կազմում է 20000-50000 դոլարին համարժեք դրամի, մինչդեռ կրթության որակը դրանից չի ավելանում»,-հայտնեց նախարարը:

Նման դպրոցների համար նա տարբերակներ թվարկեց, օրինակ. «Բացել նախակրթարաններ, փորձել կիրառել ՏՏ հնարավորությունները, ստեղծել վիրտուալ կրթության պայմաններ: Մենք փորձում ենք մաքսիմալ զերծ մնալ դպրոցների փակումից, բայց ոչ միշտ է հաջողվում: Մյուս կողմից էլ՝ կրթության իրավունքի իրագործումը միայն դպրոց գնալը չէ, նաեւ որակ պետք ապահովվի… Ունենք նաեւ մանկավարժների ավելցուկ, չնայած պետբյուջեով կրթության ոլորտի հաստիքների կրճատում չի կատարվել: Հայաստանում շատ քիչ են այն դպրոցները, որտեղ ուսուցիչներն ամբողջական դրույքով են աշխատում: Մենք փորձում ենք նաեւ սոցիալական պատասխանատվություն կրել, որովհետեւ կրթության համակարգը նաեւ խոշոր հարկատու է: Իսկ կրթության որակը ենթադրում է մեծ ծավալով ծանրաբեռնված ուսուցիչներ»:

Արմեն Աշոտյանի ասելով, դպրոցներն ունեն նաեւ շենքային պայմանների խնդիր. «Վերջին տարիներին կառավարության ջանքերը ուղղված են դպրոցաշինությանը, բայց բոլորի խնդիրը միանգամից լուծելու դեպքում կպահանջվի մեկ միլիարդ դոլար»: Չնայած այս ամենին, նախարարի համոզմամբ, Հայաստանի կրթական համակարգում կատարված փոփոխությունները հաջողված են համարվում միջազգային մասնագիտական անկախ հանրույթի կողմից: Օրինակ, Հայաստանը տասնհինգ մեդալ է բերել միջազգային օլիմպիադաներից, ավելի շատ, քան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած: Իսկ բարգավաճման ինդեքսով, Հայաստանը զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը 200 երկրների շարքում: Ավելի բարձր է, քան հզոր երկրներինը:

ԿԳ նախարարը նշեց, որ կա նաեւ հանրակրթական ծրագրերի վերանայման խնդիր: Նրա ձեւակերպմամբ, շատ մեծ շեղում է գնացել դեպի հումանիտար եւ սոցիալական գիտություններ՝ ի հաշիվ բնագիտության. «Մեծ հարված են կրել ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը: Ի դեպ, ՀԲ-ի հետ բանակցում ենք, որպեսզի գալիք տարվանից սկսենք ուսումնական ծրագրերի համապարփակ վերանայում»:

Արմեն Աշոտյանը նաեւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «2014 թվականին մանկավարժների միջին աշխատավարձն ավելի բարձր է լինելու, քան լրագրողներինը, ես տեղյակ եմ, թե որքան են ստանում կայքերի խմբագիրները, եւ որքան լրագրողները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930