Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հովիվյան. «Ես լեգենդար ֆուտբոլիստ չեմ՝ ֆուտբոլի վարպետ եմ»

Նոյեմբեր 15,2013 13:51

Psako1

Ծննդյան 75-ամյակի (նոյեմբերի 17-ին) առիթով «Առավոտում» կայացած զրույցի հենց սկզբում վարպետն այս խոսքերով կանխեց ինձ՝ նշելով, որ այսօր «լեգենդարները» շատ-շատ են ու այդ բառն իմաստազրկվել է:

Մեր զրույցում Սարգիս Հովիվյանն իր կենսագրությունից բազմաթիվ դրվագներ պատմեց, որոնց մասին ֆուտբոլասերները ոչինչ չգիտեն: Բայց սկսեց մի պատմությունով, որն եղել է իր ծնվելուց առաջ:

Ես լույս աշխարհ

չպետք է գայի

«Ծնողներս Թուրքիայից փախել են Սուխում եւ հաստատվել այնտեղ: Նրանք երեք երեխա ունեին, ես, ինչպես ասում են, «նախագծում» էի: Նրանց սոցիալական վիճակն այնքան վատ է եղել, որ որոշել էին չորրորդ երեխա չունենալ: Բայց վերջին պահին հրաժարվել են այդ մտքից, եւ ես լույս աշխարհ եմ եկել: Անունս դրել են Սարգիս, որպեսզի Սուրբ Սարգիսն ինձ պահապան լինի:

Ֆուտբոլ խաղալ սկսել եմ Սուխումի «Դինամոյի» կազմում, որը հանդես էր գալիս Վրաստանի առաջնությունում: Երկու ոտքով ուժեղ հարվածներ ունեի, կարողանում էի եզրերով մրցակիցներիս շրջանցել ու նաեւ գոլային լավ փոխանցումներ կատարել: 1957 թվականին ինձ հրավիրում էին Քութայիսի «Լոկոմոտիվն» ու Թբիլիսիի «Դինամոն»: Բայց հայրս՝ Վարդանը, անչափ հայասեր էր ու կտրականապես դեմ էր, որ խաղամ վրացական թիմերում: Նրա երազանքը իմ՝ Հայաստան տեղափոխվելն էր: Սուխումում մի քանի հայեր տեսել էին իմ խաղը եւ եկել հորս մոտ ու ասել. «Մանչդ լավ ֆուտբոլ է խաղում: Ամեն ինչ արա, որ Հայաստան տեղափոխվի»: Բայց «Լոկոմոտիվն» ինձ «փախցրեց»: Այն ժամանակ «Լոկոմոտիվը» ԽՍՀՄ առաջնության «B» խմբում Երեւանի «Սպարտակի» հետ նույն գոտում էր հանդես գալիս: «Սպարտակի» մարզիչները տեսել էին խաղս ու ղեկավարությանը հորդորել՝ ինձ ձեռք բերել: Եվ առաջին շրջանի ավարտից հետո ես տեղափոխվեցի «Սպարտակ»: Բայց քանի որ մեկ շրջան խաղացել էի Քութայիսի թիմում, իրավունք չունեի առաջնության երկրորդ շրջանում այլ ակումբի կազմում հանդես գալ: Սակայն մասնակցեցի միջազգային ընկերական խաղի՝ Իրանի «Թաժ» ակումբի հետ, որին հաղթեցինք 4:0 հաշվով: Երկու գոլը ես խփեցի: Հիշում եմ, այդ խաղի ժամանակ մոտ 25-30 մետրից տուգանային հարված կատարեցի: Գնդակը դիպավ հորիզոնական ձողափայտին ու անդրադարձով այդքան էլ ետ եկավ: Ժողովուրդը տպավորվել էր, եւ դրանից հետո խաղից խաղ երկրպագուներիս թիվն ավելանում էր»:

Եթե Անկախությունը

1960 թվականին լիներ

«1957 թվականին եւ դրանից մի քանի տարի հետո Երեւանի «Սպարտակը» Հայաստանի ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն թիմն է: Այդ տարիներին խաղում էին բառիս իսկական իմաստով լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Զատիկյանը, Մանուկ Սեմերջյանը, Գրիշա Համբարձումյանը,  Քաջար Փոլադյանը,  Ալեքսանդր Կովալենկոն (1962 թվականից), Վալտեր Անտոնյանը, Ժակ Սուփրիկյանը, Ֆելիքս Հարությունյանը, Հարություն Քեհյանը եւ այլք: Այս տղաներով մենք 1959 թվականին ԽՍՀՄ առաջնությունն անցանք առանց պարտության եւ հաջորդ տարի տեղափոխվեցինք բարձրագույն խումբ: 1960-ին Թբիլիսիում տեղի «Դինամոյին» պարտվեցինք 4:7 հաշվով: Այդ խաղը հիշեցի նրա համար, որ եթե մենք չորս գոլ խփեցինք, պատկերացրեք՝ մրցավարները քանիսը չթողեցին: Եվ եթե նրանք յոթ գոլ խփեցին, քանիսը մրցավարների բարեհաճությամբ եղավ: Մեր դարպասի առջեւ նրանց համար կանաչ լույս էր վառված: Բայց արդեն պատասխան խաղում Երեւանում մենք վրեժխնդիր եղանք 5:1 հաշվով: Այդ տարի մենք պարտության մատնեցինք ամբողջությամբ ԽՍՀՄ հավաքականը կազմող Մոսկվայի «Սպարտակին»՝ 4:1, Ռոստովի ուժեղ թիմին՝ 3:0 եւ այդպես շարունակ: Այդ տարի ԽՍՀՄ հավաքականը Ֆրանսիայում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Եվ եթե Հայաստանի անկախությունն այդ ժամանակ լիներ, եզրափակչում կհանդիպեին Հայաստանն ու ԽՍՀՄ-ը: Այդքան հզոր թիմ ունեինք»:

Ինչպես հայտնվեցի

Մոսկվայի ԲԿՄԱ-ում

«1960 թվականի վերջին, երբ տարիքս լրացավ եւ պետք է բանակ զորակոչվեի, Մոսկվայից հեռագիր ստացվեց այն ժամանակվա ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, մարշալ Գրեչկոյի ստորագրությամբ, որով ինձ պետք է տեղափոխեն Մոսկվայի ԲԿՄԱ: Սովորաբար, ամեն մի հանրապետություն իր լավագույն մարզիկներին այդ ժամանակ աշխատում է պահել: Հայաստանի զինկոմը՝ գնդապետ Ասլանյանը, այդ հեռագրով մտնում է Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանի մոտ: Ու քանի որ առաջին քարտուղարին մոտ օրերին հանելու էին պաշտոնից, նա պատասխանել է, թե Հովիվյանով զբաղվելու ժամանակը չէ: Ինձ Մոսկվա պետք է ուղեկցեր մի կապիտան: Դա նոյեմբեր ամիսն էր ու պատրաստվում էին նշել Խորհրդային Հայաստանի 40-ամյակը: Այդ ընթացքում մտերիմներս ինձ խորհուրդ էին տալիս. «Մի կռիվ արա, թող քեզ մի 10 օրով ձերբակալեն: Մոտ օրերս Կենտկոմի առաջին քարտուղար նշանակվելու է Յակով Զարոբյանը: Նա մի բան կանի»: Զուգադիպությամբ Թբիլիսիից ինձ մոտ էր եկել հայ ընկերներիցս մեկը: Միասին գնացինք Լենինյան շրջանի միլիցիայության մոտ: Նա առաջարկեց, որ իրեն ծեծեմ: Բայց վերջում պայմանավորվեցինք, որ նա առանց ծեծվելու մտնում է ներս ու բողոքում: Միլպետի ազգանունն եմ հիշում՝ Մայիլյան էր: Լսելով ընկերոջս՝ նա կարգադրում է իր մոտ բերել այդ խուլիգանին: Երբ մտա ներս, նա զարմացած ոտքի կանգնեց ու սկսեց ընկերոջս մեղադրել, թե խուլիգանն ինքն է: Հետո պատմեցինք ողջ իրողությունը ու խնդրեցինք, որ ինձ մոտ մի շաբաթ պահի միլիցիայությունում: «Սաքո ջան, ես էլ չեմ ուզում, որ Հայաստանից գնաս: Բայց պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կլինի իմ վիճակը, եթե իմանան, որ ես քեզ ձերբակալել եմ», – պատասխանեց նա: Ու ես ստիպված մեկնեցի Մոսկվա»:

Կրկին Երեւանի «Սպարտակ» տեղափոխվելուս համար պարտական եմ չորս մարդու

«Արդեն Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանն իմ հարցով զանգել էր Անաստաս Միկոյանին, որն էլ մարշալ Բաղրամյանի միջոցով կարգավորել էր տեղափոխումս: Բայց ավելի ուշ, երբ արդեն այստեղ էի, ինձ մոտեցան Էջմիածինցի չորս տղաներ եւ պատմեցին հետեւյալը: Ըստ նրանց, իրենք իմանալով, որ մարշալ Բաղրամյանը գալու է Հայաստան եւ հանդիպելու է կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ, մտել են Վեհափառի մոտ եւ խնդրել, որ իմ հարցը բարձրացնի Բաղրամյանի մոտ: Վեհափառ Հայրապետն էլ, ասելով, որ ինքն էլ ֆուտբոլասեր է, խոստացել է բարեխոսել իմ համար ու խոստումը կատարել է:

Բայց մինչեւ տեղափոխվելս քիչ էր մնում ամեն բան հօդս ցնդեր: ԲԿՄԱ-ում բոլորը, այդ թվում նաեւ գլխավոր մարզիչ Կոնստանտին Բեսկովն, ինձ համոզում էին մնալ: Այդ ընթացքում ԲԿՄԱ-ն պետք է մեկներ Գերմանիա ու ես նրանց հետ չպետք է գնայի: Սակայն Բեսկովն ինձ ընդգրկեց թիմի կազմ: Նա ասում էր, թե դա անհրաժեշտ է, ես չեմ խաղա եւ վերադառնալուց հետո ինքը կհայտարարի, որ Սարգիս Հովիվյանը թիմին պետք չէ: Լայպցիգում 1-ին խաղակեսում մենք պարտվում էինք 0:1 հաշվով: Ընդմիջումից հետո Բեսկովն ինձ, այնուամենայնիվ, խաղադաշտ մտցրեց: Անկեղծ ասեմ, լավ խաղացի: 11 մետրանոցով վերականգնեցի հավասարակշռությունը, բայց ի վերջո պարտվեցինք 1:2 հաշվով: Իսկ խաղից հետո Բեսկովը հայտարարեց, թե մեր բանավոր պայմանավորվածությունն ուժի մեջ չէ եւ նա ինձ բաց չի թողնում: Դրանից հետո գուցե կաթողիկոսի միջնորդությունն օգնեց  իմ՝ Երեւան տեղափոխվելուն»:

Միակ ֆուտբոլիստը Հայաստանում, որի համար երկու անգամ միտինգ է կազմակերպվել

«Դեռ ԲԿՄԱ-ում էի: 1961 թվականի ապրիլի 6-ին թիմը եկավ Հայաստան: Երեւան հասանք առավոտյան ժամը 6-ին: Ոչ ոք չդիմավորեց, թեեւ այստեղ շատ ընկերներ ունեի: Գնացինք «Սեւան» հյուրանոց, նախաճաշեցինք ու մեկնեցինք «Սպարտակ» ստադիոն՝ մարզվելու, որտեղ մեծ քանակությամբ ֆուտբոլասերներ էին հավաքվել: Նրանք ինձ վերցրին ձեռքերի վրա ու տարան դաշտի կենտրոն: Մարզվել հնարավոր չէր: Որոշվեց, որ թիմը գնում է «Հայէլեկտրո» գործարանի խաղադաշտ: Բայց ժողովուրդն էլ, որը տրամվայով, որն ավտոբուսով, մի մասն էլ բեռնատար մեքենաներով եկան այնտեղ ու մարզումը կրկին ձախողեցին: Ստիպված վերադարձանք հյուրանոց: Քիչ անց տղաները մոտեցան ինձ եւ ասացին, որ դրսում ինձ մարդիկ են սպասում: Սկզբում կարծեցի մի քանի հոգի են: Բայց ԲԿՄԱ-ի տղաներն ասացին, որ հյուրանոցի հարակից հրապարակում մեծ բազմություն է հավաքվել եւ ուզում է ինձ տեսնել: Իջնել չէի համարձակվում եւ դուրս եկա պատշգամբ ու մարդիկ սկսեցին ծափահարել: Նրանցից մեկը, որ ֆուտբոլասերների ղեկավարն էր, մոտեցավ պատշգամբին ու հարցրեց. «Սարգիս: Դու ուզո՞ւմ ես Երեւանում խաղալ, թե՞ մնում ես ԲԿՄԱ-ում»: Պատասխանեցի, որ ուզում եմ վերադառնալ: Ու ժողովուրդը այդտեղից գնաց Կենտկոմի շենքի մոտ:

Իսկ երկրորդ միտինգը եղել է, երբ 1966 թվականին Արտյոմ Ֆալյանն ինձ թիմից հանեց: Այն ժամանակ անգամ բանաստեղծություններ ու երգեր գրվեցին, որոնցից մեկի կրկներգն եմ հիշում. «Հասիր Սաքո, մռնիմ քզի»:

Միակ ֆուտբոլիստն աշխարհում, որ անկյունայինից

երեք գոլ է խփել

Աշխարհում հրաշալի ֆուտբոլիստների պակաս երբեք չի զգացվել: Եղել են ու հիմա էլ կան ռմբարկուներ, որոնք ժամանակ առ ժամանակ գերազանցում են մեկը մյուսի ռեկորդները: Բայց Սարգիս Հովիվյանը միակն է, որ երեք անգամ մրցակցի դարպասը գրավել է անկյունային հարվածով:

«Առաջինը խփել եմ Երեւանի «Սպարտակի» կազմում՝ 1960 թվականին, երբ Թբիլիսիում խաղում էինք տեղի «Դինամոյի» հետ: Երկրորդը 1961 թվականին էր, երբ հանդես էի գալիս ԲԿՄԱ-ում: Անկյունայինից գոլ խփեցի Մինսկում՝ «Դինամոյի» դարպասը, իսկ երրորդը 1964 թվականին Բեյրութում, միջազգային ընկերական հանդիպման ժամանակ», – հիշեց Սարգիս Հովիվյանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ֆուտբոլի վարպետի հետ զրույցից տեղի սղության պատճառով հետաքրքիր շատ փաստեր դուրս մնացին, որոնք կներկայացնենք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում: Սարգիս Հովիվյանը նոյեմբերի 24-ին մեկնելու է Մոսկվա: Նրան հրավիրել է Մոսկվայի «Սպարտակը»: Պայմանավորվել ենք վերադառնալուց հետո կրկին հանդիպել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930