Աղվերանում այսօրվանից մեկնարկել է «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարեւորագույն սկզբունքներ» եռօրյա սեմինարը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հավաքի նպատակն է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնել պետական քաղաքականության ձեռքբերումները եւ գալիք տարվա անելիքները: «Պետական քաղաքականությունը չի կարող հաջողված լինել, եթե հանրային իրազեկվածության եւ քննարկումների մակարդակը պատշաճ չլինի: Մեր նախարարությունը որդեգրել է մաքսիմալ բաց, թափանցիկ, հաշվետու լինելու քաղաքականություն»,-նշեց նախարարը՝ անփոխարինելի որակելով ԶԼՄ-ների դերը:
«Կփորձենք ծրագրում ներառել բոլոր արդիական ուղղությունները, որոնք կարող են հանրային հետաքրքրության թեմա լինել»,- հավելեց Արմեն Աշոտյանը՝ խոստանալով ինտենսիվ աշխատանքային, մարդկային շփումներ, դրական իմպուլսներ:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրեց հանրակրթության ոլորտի բարեփոխումները:
Կարդացեք նաև
Ի թիվս այլ հարցերի, տիկին Հովհաննիսյանն անդրադարձավ դպրոցներում «Շախմատ» առարկայի ներմուծմանը, Հանրակրթության մասին օրենքի հաստատմանը, ռազմավարական ծրագրերին, հատուկ կրթությամբ երեխաների համար նորմերի մշակմանը: Նա հավելեց, որ մշակվել է սովորողի ընդունելության տեղափոխման եւ ազատման կարգը, որը բոլորին հնարավորություն է տալիս, այնպես կարգավորել խնդիրը, որ ոչ մի երեխա դուրս չմնա կրթությունից:
«Հանրակրթության վարչությունը լուրջ աշխատանք է տանում ազգային փոքրամասնությունների հետ, իրենց համար պահպանվում է իրենց մայրենի լեզուն, սակայն պատշաճ տեղ է հատկացվում առարկայացանկին, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ, շուրջ 700 սիրիահայ երեխաներ ընդգրկված են դպրոցներում, շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին, բայց դպրոցների կոլեկտիվների ջանքերի շնորհիվ կարողանում ենք հաղթահարել այդ խնդիրը: Յուրաքանչյուր տարի շուրջ 7000 ուսուցիչ ատեստավորվում է, կատարելագործվում, 98 ուսուցիչ տարակարգ է ստացել, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատավարձը: Կառավարության որոշմամբ 1-4-րդ դասարանների դասագրքերը անվճար են, դասղեկների ու ուսուցիչների համար երաշխավորվել են մեթոդական ձեռնարկներ: Առաջիկա օրերին կավարտվի տնօրենների վերապատրաստումը եւ կընթանա հավաստագրման գործընթացը:
Անդրադարձ եղավ նաեւ մեդալակիր շրջանավարտներին: Տիկին Հովհաննիսյանի խոսքով, հիմնականում բոլորը պահպանել են իրենց բարձր գնահատականները միասնական քննություններին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ