Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադառնալով անցած քառօրյայում կառավարության ղեկավարի`իր կուսակից ընկերոջ`Տիգրան Ուրիխանյանի հարցին տված , իր բնորոշմամբ, արհամարհական, պատասխանին, ասաց, որ դա արհամարհանք էր հանրության նկատմամբ: Պատգամավորն իր տարակուսանքը արտահայտեց առ այն, որ կառավարությունը վարչական շենքերի տանիքներն ու ֆասադներն առավել կարեւոր է համարում, քան սահմանամերձ, գյուղական կրթական ու բուժհաստատությունների անմխիթար վիճակը: «Դա նաեւ ոչ ընդունելի վարքագիծ է կառավարության կողմից`ԱԺ պատգամավորի նկատմամբ»,- ասաց Էլինար Վարդանյանը:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանն էլ անդրադառնալով քաղաքական մեծամասնության`ԱԺ արտահերթ նիստը տապալելու վարքագծին, ասաց. «Ծիծաղելի է, երբ դա անում է մեծամասնությունը: Ես դա գնահատում եմ, որ բարձրացված հարցին, ըստ էության փաստարկներ չկային: Հարցն, իրոք լուրջ է եւ մենք դեմ ենք քվեարկել այս օրենքին»: Խոսքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին է:
Արտահերթ նիստ նախաձեռնելով՝ ընդդիմությունն առաջարկում էր նախ հանել նախագծից «պարտադիր» բաղադրիչը, ինչպես նաեւ համակարգի ներդնումը մեկ տարով հետաձգել:
Այն առնչությամբ, որ իշխանություններն ասում են, թե տասը տարի պատրաստվել են այս համակարգի ներդրմանը, Ստեփան Մարգարյանը տարակուսում է, քանի որ համոզված է, թե այն ոչ մի առաջընթաց էլ չի ապահովում, ինչպես իշխանություններն են ներկայացնում:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ գալիք տարվա բյուջեի նախագծին`փաստելով. «Մենք չենք տեսնում զարգացման միտումները: Չափորոշիչները որոնք ե՞ն, որեւէ մեկն այդպես էլ չասաց: Մենք չենք տեսնում զարգացումը Երեւան քաղաքից դուրս: Երեւանում ամեն օր ասֆալտ ենք քերում, վրայից նորից քսում, իսկ մարզերում փոսային նորոգումներ, ոչ միայն ասֆալտի, այլ ավազի մակարդակով էլ չեն լինում»:
Այնուհանդերձ, բյուջեի նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել: Ինչպես ներկայացրեց Էլինար Վարդանյանը, քանի որ վստահ են, թե մեծամասնության ձեռամբ այն ընդունվելու է, ուստի փորձել են գոնե որոշակի սոցիալական խավերի խնդիրների մասին իրենց առաջարկներով հիշեցնել կառավարությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
How do we get rid of that text covering ad?