Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթավարի և Շանթավայել

Նոյեմբեր 15,2013 13:12

 Շանթ Հարությունյանն Ազատության հրապարակում իր նստացույցը սկսելով` խոստացել էր հեղափոխություն անել: Իհարկե, քչերն էին Շանթի խոստացած հեղափոխությանը լուրջ վերաբերվում, և նույնիսկ հեղափոխության գմփգմփոցներից հետո` էդ իրիկվա առաջին ժամերին էլ քաղաքական գործիչները, լրագրողները, մտավորականները տեղի ունեցածին լուրջ չէին վերաբերվում` լավագույն դեպքում տեղի ունեցածն արկածախնդրություն որակելով: Էդ իրիկուն միայն շարքային քաղաքացիներն էին Շանթի հեղափոխությանը հիացմունքով արձագանքում` «մալադեց իրան ու իրա դուխին»:

Ընդամենը մի գիշեր անց արդեն Շանթով հիացածները բազմապատկվեցին, և հիացածների մեջ կային նաև քաղաքական գործիչներ, լրագրողներ, մտավորականներ և այլն: Եվ ուշացումով հիացածների մտահոգության հիմնական թեման հետևյալն էր. Շանթին պետք է քաղբանտարկյա՞լ համարել, թե՞, ընդհակառակը, քրեական: Այսինքն, նույնիսկ Շանթով հիացողներն էին այն կարծիքին, որ Շանթը պիտի դատվի ու բանտ նստի:

Հիացողներից շատերը նաև այն կարծիքն էին հայտնում, որ հեղափոխության ժամանակ գմփգմփիկները ոչ թե Շանթն ու իր համակիրներն էին պայթեցնում, այլ ինչ-որ անհայտ սադրիչներ, ավելի ստույգ` պայթեցումները հենց սադրիչներն են սկսել, և եթե դա ապացուցվի, Շանթին ու համակիրներին դատելու պատճառ չպիտի առաջանա: Վատագույն դեպքում` Շանթին ու համակիրներին կարող են տուգանել` հասարակական կարգը խախտելու կամ հասարակական տրանսպորտի աշխատանքը խաթարելու համար:

Մի խոսքով, էս իրադարձության հետ կապված մեր կեցվածքն ու մեր վերաբերմունքն ավելի կարևոր են, քան նույնիսկ` Շանթինը, որովհետև Շանթն իր այս հեղափոխությամբ ոչ միայն իր, այլև բազմաթիվ իր համաքաղաքացիների վերաբերմունքն արտահայտեց իշխանությունների նկատմամբ: Եվ որ ինքն իր բանտարկվելը նախապես էր նկատի ունեցել, դա ևս պատկերացնելի է, և որ իր համար միևնույն է` քաղաքականո՞վ կնստի, թե՞ քրեականով, դա ևս իր համար կարևորագույնը չի, այլապես ինքն իր հեղափոխական մենախոսությունը ոչ թե ամենակոպիտ ժարգոնով կվարեր, այլ քաղբանտարկյալին վայել մաքուր գրական հայերենով: Իսկ որ ինքը կարդացած անձնավորություն է և հարկ եղած դեպքում գրական ոսկեղենիկ հայերենով էլ է արտահայտվում, իրեն ճանաչողները լավ գիտեն:

Իրեն ճանաչողները նաև գիտեն, որ ինքը խորհրդային ժամանակների քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանի որդին է, և, փաստորեն, դեռ մանկուց առնչվել է ազգային հարցերի, մարդու իրավունքների և այլևայլ քաղաքական կատեգորիաների հետ: Եվ ինչքան էլ Շանթը պնդի ու շեշտի, թե ինքը փողոցի ու քուչի տղա է, իրականում ինքը մեր իմացած քուչի տղերքից էապես է տարբեր:

Կարճ ասած, ինքը միանգամայն քաղաքական անձնավորություն ու անհատականություն է և 88-ից սկսած` Հայաստանի քաղաքական դաշտում իր տեղն է փնտրել, բայց քանի որ առաջնորդի հակումներ ու հատկանիշներ ունի, որևէ մեկի հետևից չէր կարողանում գնալ, և հիմնականում մենակ էր: Բայց քանի որ առաջնորդի որոշակի հակումներ ու հատկանիշներ ունի, իր հետևից գնացող մի քանիսն, այնուամենայնիվ, կային, որոնք էլ, ըստ ամենայնի, մասնակցեցին Շանթի հեղափոխությանը: Տեսագրությունները վկայում են, որ հեղափոխության ընթացքում քաղաքացիական հագուստով սադրիչներ իսկապես կային:

Այսուհանդերձ, Շանթի հեղափոխությունը ծայրեծայր ստեղծագործություն ու մենախոսություն էր, և նրանք, ովքեր Շանթի արածը « հոգու ճիչ» են անվանել, բնավ չեն սխալվել:

Շանթը նաև հոգ էր տարել, որ իր ստեղծագործական կատարսիսի ընթացքում տուժողներ չլինեն, և եթե սադրիչները չլինեին, մինչև անգամ գետնին թավալվողներ չէին լինի:

Ինչպես « Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հերոս Յուրի Դետոչկինն էր ասում` «մեր գործի մեջ էլ են թերություններ եղել»: Շանթն էլ է ռոմանտիկ հեղափոխական, և, իմ կարծիքով, եթե ինքը իր հեղափոխության սկզբից մինչև վերջ մենմենակ լիներ, գուցե իր հեղափոխությունն ավելի կատարյալ լիներ: Սա ընդամենը կարծիք է այս աննախադեպ հեղափոխության վերաբերյալ:

Ընդամենը կարծիք է նաև այն, որ չնայած Շանթն իր անձնազոհ նորարարության ընթացքում Մաքսային միությունից, Պուտինից, Ռուսաստանից ու մարդու իրավունքներից էր խոսում, շարքային քաղաքացիների համար Շանթի հոգու ճիչն առաջին հերթին սոցիալական հնչեղություն էր պարունակում, որովհետև Հայաստանի շարքային քաղաքացին այլևս ի վիճակի չի դիմանալ սոցիալական ահավոր ու անմարդկային մամլիչին:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան says:

    Շատ ճիշտ ես Ոսկան ջան….

  2. Arminius says:

    Շանթը պատասխանատու է կալանավորված բոլոր անձանց և նրանց ընտանիքների արջև: Նա հերթական անգամ, իբրև հոգեկան հիվանդ, դատարանի կողմից ազատվելու է պատժից, իսկ նրա «հեղափոխությանը» հավատացած երիտասարդները տևական ժամանակ կանցկացնեն բանտերում: Գեղեցիկ է հնչում, որ նա ոչ թե հիմար անասուն է, այլ խենթ և «ռոմանտիկ» հեղափոխական: Կա նաև հավանական այլ ենթադրություն, որ նա ոչ առաջինն է և ոչ էլ երկրորդը, այլ չկայացած և ըստ իր կարծիքի չգնահատված անձ է, որը ոչնչի առաջ չի կանգնի իր «ես»-ը հնչցնելու և իր կարծիքով մեծարելու առաջ: Այդ ճանապարհին ինքը կօգտագործի և արդեն օգտագործել է անմեղ մարդկանց ճակատագրերը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930