Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը եւ մարզի դատախազությունը գործուն միջամտում են

Նոյեմբեր 15,2013 12:51

pastabanner_01

ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանն այսօր անդրադարձան Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտված մի քրեական գործի դատաքննությանը:

Այդ դատաքննության եւ դրանից հետո ամբաստանյալ Արա Դիլանյանի ինքնավնասման մասին անդրադարձել է մեր լրատվամիջոցը:

Բարձրագույն կրթությամբ Արա Դիլանյանն ու Խաչիկ Հակոբյանը, որը նաեւ ազատամարտիկ է՝ դատապարտվել էին չորս տարվա ազատազրկման ՀՀ քրեական եւ վերաքննիչ դատարանում նոյեմբերի 18-ին:

Ոստիկանության քննչական բաժին հաղորդում էր ստացվել Գեորգի եւ Սպարտակ Հայրապետյաններից, որ ամբաստանյալներն իրենցից գողացել են 181 000 եւ 40 000 ՀՀ դրամ գումար:

Գեորգի Հայրապետյանը՝ ընտանիքի հայրը մահացել է հաղորդումը տալուց մեկ ամիս հետո, իսկ որդու՝ Սպարտակը ցուցմունքներ է տվել, որ իրեն ստիպել են ոստիկանության բաժնում տալ սուտ ցուցմունքներ: Ամբաստանյալների պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը անգամ տեսանկարել էր Սպարտակին, որը հայտնել էր, թե իրեն սուտ ցուցմունք տալ ստիպել են ոստիկաններն ու հայրը:

Այդ տեսագրությունը, որը նույնպես տեղադրվել էր մեր կայքում, հետազոտվել եւ քննության էր առնվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն այն ապացույց չէր ճանաչվել:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ դատարան նորից կանչվեց Սպարտակ Հայրապետյանը, եւ այդ օրն էլ մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Պետրոսյանը, որը դատավոր Լեռնիկ Աթայանի փեսան է՝ հայտնում է, որ ոստիկանությունում մեկ ժամ առաջ հաղորդում է ստացվել, համաձայն որի՝ Սպարտակը ասել է, որ իրենից գումարը գողացել են Խաչիկն ու Արան:

Դատախազը նաեւ ակնարկում է, որ կա մեկ այլ հաղորդում էլ, որ պաշտպան Ինեսա Պետրոսյանն ու ամբաստանյալի կինը գումար են տվել Սպարտակին, ցուցմունքից հրաժարվելու համար:

Իհարկե, փաստաբանի նկատմամբ այս շանտաժն ավարտվեց նրանով, որ նախապատրաստվեցին գործի նյութեր, սակայն Ինեսա Պետրոսյանը հրաժարվում է գնալ բաժին՝ բացատրություն տալու, կատարվածը դիտելով ոտնձգություն իր գործունեության նկատմամբ:

Այսօր ասուլիսին ներկա էին նաեւ ամբաստանյալ Խաչիկ Հակոբյանի հարազատները, որոնք ուղեւորվեցին ՀՀ գլխավոր դատախազություն, նրանք պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազի հետ:

Ամբաստանյալ Խաչիկ Հակոբյանի նկատմամբ հարուցվել է մեկ այլ քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգության: Դատավճռից հետո Խաչիկը հրաժարվել էր մեկուսարան գնալ, եւ իբր կծել էր ոստիկանի ոտքն ու ձեռքը:

Խաչիկն այսօր տեղափոխվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ամբաստանյալ Արա Դիլանյանը պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, նա ինքնասպանության փորձ էր կատարել «Գորիս» ՔԿՀ-ում,ապա վնասվածքաբանության ինստիտուտում փորձել էր անկողնուց իրենց ցած գցել, ստացել էր ոտքի կոտրվածք:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ հանդիպել է երկու օր առաջ իր պաշտպանյալի հետ, նա դեռ ապաքինման կարիք ունի:

Պաշտպանյալներին ապօրինի ազատությունից զրկելու հարցով պաշտպանական կողմը դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ի դեպ, տուժող կողմից Սպարտակ Հայրապետյանը տառապում է չափավոր դեբիլությամբ, մի եղբայրն էլ, որին փորձել են նույնպես ներգրավել այս գործով դատակոչի ցուցակում, տառապել է շիզոֆրենիայով: Տուժողը՝ Սպարտակ Հայրապետյանը զբաղվում է մուրացկանությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930