Այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է իշխանության կողմից, բացարձակապես համարժեք չէ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: Այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հիշեցնելով, որ ՀՅԴ-ի կողմից բազմիցս ներկայացված՝ իրավիճակից ելքեր մատնանշող առաջարկները մշտապես անտեսվել են:
Հակադարձելով երեկ, բյուջետային քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչների եւ քաղաքական մեծամասնության կողմից հնչած այն դիտարկումներին, որ ընդդիմադիրներն ամեն ինչին սեւ ակնոցներով են նայում, պարոն Ռուստամյանն ասաց. «Մենք, հակառակը, ուշի ուշով հետեւում ենք, որպեսզի կարողանանք դրական բաներ գտնել»:
Դրականներից մեկն էլ, որը ՀՅԴ-ն գնահատում է, աշխատավարձերի բարձրացման միասնական քաղաքականության որդեգրումը: Ըստ բանախոսի, նախագիծը սխալ ընկալում ունեցավ, բայց մարդու աշխատավարձը պետք է համապատասխանի իր պարտավորությունների ծավալին: «Ես հավաքարարներին հարգում եմ, բայց տեղ կար, որ հավաքարարն ավելի շատ աշխատավարձ էր ստանում, քան ավելի լուրջ ու ծավալի աշխատանք կատարող պաշտոնյան: Այլ հարց, որ նախագծի գործակիցների մասին կարելի է խոսել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Երկրորդ դրական քայլը, որն իրականացնում է կառավարությունը, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, բուհերի ռեյտինգավորման քայլն է: Նա գտնում է, որ ինքնանպատակ ընդունելություն ենք անում`չհետեւելով, թե հետագայում այդ շրջանավարտն ի՞նչ է անում, որտե՞ղ է աշխատում, ընդհանրապես, աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Ուստի, այս իմաստով, կառավարության կողմից բուհերի ռեյտինգավորումը ՀՅԴ-ն ճիշտ է համարում: «Այլ հարց, թե իրագործումն ինչպես կլինի, նորից թվեր կնկարե՞ն, թե՞ ոչ»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ընդդիմադիր կուսակցությունները համատեղ նախաձեռնություններ ունեն` բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասով: Քանի որ դեռ բանակցությունների փուլում են, շատ մանրամասներ Արմեն Ռուստամյանը չհրապարակեց, բայց ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ դա ավելի արդյունավետ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ