Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Զարուհի Փոստանջյանի, արդարադատության նախարարը ենթարկվում է ոստիկանապետի ցանկություններին

Նոյեմբեր 15,2013 12:09

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ երեկ ինքն ու Նիկոլ Փաշինյանը դարձյալ գնացել են «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպելու համար նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո ձերբակալված Շանթ Հարությունյանին եւ մյուս ազատազրկվածների հետ, սակայն որեւէ մեկի հետ տեսակցել չի հաջողվել: Թույլ չեն տվել. «Մենք գնացել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ, եւ մեր առջեւ արհեստական խոչընդոտներ են ստեղծել: Իսկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասում էր, քրեակատարողական հիմնարկները ծանրաբեռնված չեն, սակայն մենք ականատես եղանք բոլորովին հակառակին: Ստացվում է՝ կամ նա տեղեկատվությանը չի տիրապետում, կամ նրանից թաքցնում են, որ մարդիկ քնում են հերթափոխով, կամ նա ստում է»:

Պատգամավորը, ի հեճուկս նախարարի հայտարարությունների, ասաց, որ ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը գոյություն ունի, իսկ նոյեմբերի 5-ի ձերբակալվածները պահվում են նույն կերպ. «Մենք նրանց չկարողացանք տեսնել, տեսակցության վրա արգելանք էր դրված, մենք հեռվից տեսանք երկու կալանավորված անձի, եւ մարդիկ հերթով են քնում»:

Փոստանջյանը հստակեցրեց, որ օրենքով կա պաշտոնյանների հատուկ ցանկ, ովքեր կարող են անարգել մտնել խուց: Դրանք են` դատախազը , պատգամավորները և այլն: Փոստանջյանն ասաց, որ իրենք չէին գնացել տեսակցելու այդ մարդկանց, ուստի, քննիչը կարող էր միայն արգելանք դնել տեսակցելու վրա. «Սակայն մենք այդ ցանկում ընդգրկված չենք, այսինքն` իրանցից չենք խնդրել տեսակցություն, մենք խնդրել ենք ընդունելություն, իսկ դա պետք է լիներ ոչ թե սահմանափակ մարդկանց ներկայությամբ, այլ, ըստ էության, հրապարակավ եւ տվյալ պարագայում այս խոչընդոտը արհեստական է»:

Ըստ նրա ՔԿՀ-ում ձերբակալվածները ենթարկվում են բռնությունների, իսկ պատասխանատուների նման վարքագիծը խոսում է այն մասին, որ վերջիններս փորձում են կոծկել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, հակառակ պարագայում կստեղծեին հնարավորություն տեսակցելու անազատության մեջ գտնվողներին:

Տիկին Փոստանջյանի գնահատմամբ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ենթարկվում է Վլադիմիր Գասպարյանի ցանկություններին եւ թույլ է տալիս ապօրինություններ:

Ի դեպ, այս առիթով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց. «…վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ Քրեակատարողական հիմնարկում գերծանրաբեռնվածություն չկա: 4 հազար 300 մահճակալ կա, էս պահին 4 հազար դատապարտյալ եւ կալանավորված կա…»: Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ այցելեցինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մեր մտած երկու խցերում էլ՝ խուց 49, խուց 51՝ 12 քնելատեղ կար, 15 կալանավորված անձ: Բա ու՞մ համար եք պահում ազատ քնելատեղերը, պարոն Թովմասյան, եթե ՔԿՀ-ները գերբեռնված չեն: Եթե գերբեռնված են՝ ձեր խոսքի արժեքի մասին պիտի մտածենք, եթե գերբեռնված չեն, նշանակում է կալանավորվածներին անհատական քնելատեղից զրկելով նրանց նկատմամբ իրականացվում է խոշտանգում՝ ցուցմունքներ կորզելու նպատակով: Կամ էլ քնելատեղերը վաճառվում են կալանավորվածների վրա: Երեք դեպքում էլ՝ պատասխանատվությունը ձերն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930