Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Մաքսային միության փաստաթղթերն է՞լ չի կարդում

Նոյեմբեր 15,2013 14:30

Գալուստ Սահակյանն էլ դա անտեղի հերյուրանք է համարում

Մոտ մեկ ամիս առաջ Մինսկում, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում էր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, երեք փաստաթուղթ հաստատվեց՝ հաշվի առնելով Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազային եւ հետագայում դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, եւ կողմերը եկել են մի շարք փոխհամաձայնությունների: Այս փաստաթղթերով Հայաստանին նաեւ իրավունք է տրվում ստանալ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի կողմից ընդունված փաստաթղթերը՝ բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք գաղտնի տեղեկատվություն են պարունակում:

Մինսկում հաստատված փաստաթղթերից մեկն էլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության խորացման հուշագիրն է, որով Հայաստանը պարտավորվել է ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող որեւէ հայտարարությունից եւ գործողությունից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի՝ Երեւան կատարած այցի ժամանակ՝ ընդամենը մի քանի օր առաջ, ի թիվս այլ փաստաթղթերի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նաեւ այդ փաստաթուղթն է ստորագրել: Երեկ խորհրդարանում պատգամավորների եւ կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի հարցի, վարչապետն ասաց. «Ես կծանոթանամ այդ ամբողջական փաստաթղթի հետ, որի վրա դուք հղում եք կատարում, եւ կտամ ձեզ լրացուցիչ պարզաբանումներ, բայց կարծում եմ, որ քաղաքական հայտարարություններով չեն, որ որոշվում են ՀՀ տարբեր ճյուղերի լիազորությունները, ուստի որեւէ մեկը չի կարող մեզ կաշկանդել մեր հայտարարություններում»: Նաիրա Զոհրաբյանը, մասնավորաբար, հարցրել էր. «Ո՞րն է Մաքսային միության շահը: Չէ՞ որ Ռուսաստանը մեկ շահ ունի, Բելառուսը՝ մեկ շահ, Ղազախստանը՝ մեկ այլ շահ»: Պատգամավորը մեջբերեց նաեւ Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. «Ղարաբաղյան խնդիրն Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության հիման վրա կայունության եւ տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից է», ու հավելեց. «Եթե Հայաստանն այս հարցի առնչությամբ անի որեւէ հայտարարություն, ուրեմն Մաքսային միության շահերի դեմ որեւէ հայտարարությո՞ւն է անում»:

Երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղարը վարչապետին է ուղարկել իր իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը եւ «Առավոտի» հետ զրույցում տարակուսանք հայտնեց՝ իր իսկ ստորագրած փաստաթղթին Տիգրան Սարգսյանի անտեղյակության առիթով: Երեւակայության գերլարումով պատգամավորը պատրաստ է հասկանալ, որ Տիգրան Սարգսյանը գուցե անտեղյակ է, թե Մինսկում ինչ փաստաթուղթ է ստորագրում Սերժ Սարգսյանը, բայց որ իր ստորագրած փաստաթղթերից էլ է անտեղյակ, պատգամավորը դժվարանում է ընկալել. «no comment»: Պատգամավորը հիշեցրեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի՝ Տիգրան Սարգսյանին ոչ վաղ անցյալում տված խորհուրդը («Առավոտ», 11.10.2013). «Մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի վարչապետին, բայց նրան խորհուրդ կտայի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը ցանկանում էր ստորագրել ԵՄ-ի հետ», ու հեգնեց՝ ասելով, որ հավանաբար Գլազեւը զուր չէր նման խորհուրդ տալիս Տիգրան Սարգսյանին:

Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում արդարացնելով վարչապետի անտեղյակությունը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն էլ տեղյակ չէ այդ փաստաթղթից, բայց, ընդհանուր առմամբ, խոսքն այն փաստաթղթի մասին է, որի պայմանավորվածության հետեւանքներով այսօր ձեւավորվում է ամբողջ փաթեթը: Մեր հարցին՝ կարո՞ղ եք հստակեցնել, թե որոնք են այն հայտարարություններն ու քայլերը, որոնք Հայաստանը չի անելու, որոնք դեմ են Մաքսային միության շահին: «Դրանք կերեւան այն ժամանակ, երբ արդեն բոլոր համաձայնությունները լինեն, փաստաթղթի վերածվեն: Այն ժամանակ էլ պարզ կլինի, թե այս խաղի կանոններում ով ինչ մասնակցություն պիտի ունենա, եւ ինչ փոխադարձ համաձայնությունների գրաֆիկով պիտի գնանք: Այնպես որ՝ եթե նույնիսկ ինչ-որ մեկը հայտարարում է՝ վարչապետը չի իմացել, դա անտեղի հերյուրանք է: Որովհետեւ այն, ինչի մասին դուք այսօր խոսում եք, այդ փաստաթղթավորումն այս պահին է կատարվում»,- ասաց պարոն Սահակյանը: Հիշեցրինք, որ օրինակ՝ օրեր առաջ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում պետք է նաեւ Ադրբեջանի շահը հաշվի առնել, ու հետաքրքրվեցինք՝ այդ հայտարարությանը Հայաստանի ընդդիմանալը կարո՞ղ է լինել ՄՄ-ի շահերին հակասող: Պարոն Սահակյանն ասաց. «Ոչ: Չի լինի հակասող: Դա Բելառուսի՝ որպես պետության, խնդիրն է, ոչ թե ՄՄ-ի գաղափարախոսությունն է: Նաեւ ես չեմ կարծում, որ ՄՄ անդամ երկրները միանգամից պետք է իրենց փոխհարաբերությունները կասեցնեն Ադրբեջանի հետ: Դա քաղաքագիտական-դիվանագիտական խաղի հետեւանք է: ՄՄ ասելով չի հասկացվում Բելառուս: ՄՄ անդամ երկրներն ունեն իրենց որոշման սցենարները, կարգը, կոնսենսուսի գաղափարը: Այնպես որ՝ մեկ պետության հայտարարությամբ Հայաստանին ասել, որ դուք էլ պիտի ոչինչ չխոսեք… Նախ ասեմ՝ մենք ՄՄ ենք գնում ամեն ինչ խոսելու համար, եւ որեւէ մեկը մեր խոսքի իրավունքը չի կարող վերցնել»:

Գալուստ Սահակյանը չի կիսում այն տեսակետը, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում հնչած կոշտ դիրքորոշումներին ՀՀ նախագահը պետք է պատասխաներ նիստը լքելով, քանի որ առանձին երկրների նախագահների հնչեցրած տեսակետները դեռ չեն նշանակում միության տեսակետ: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գոնե չհակադարձեց Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներին: «Բայց ինչ գիտեք՝ չի հակադարձել»,- ասաց մեր զրուցակիցը: Դիտարկմանն էլ, որ նրանց տեսակետները հրապարակայնացվեցին, եթե Սարգսյանը հակադարձած լիներ, դա էլ կհրապարակվեր, Գալուստ Սահակյանն ասաց, որ Հայաստանը դեռեւս ՄՄ լիարժեք անդամ երկիր չէ, որ լիարժեք էլ մասնակցի այդ քննարկումներին. «Իսկ հակադարձումներ, հավատացնում եմ, ավելի խիստ են լինելու, քան կարելի է մտածել: Մեր խոսքի իրավունքը, մեր սուվերենությունը մեզ համար առաջին կարեւորագույն խնդիրն է, դրա համար էլ համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որ մեր խոսքի իրավունքն ավելի ամուր ու ամբողջական լինի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930