Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ կենսաթոշակային նոր համակարգի մասին. «Հիմա իշխանությունը գրպան է ման գալիս, որ մտնի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2013 11:11

«Չի կարելի մեկի հաշվին մյուսին լավություն անելու տարբերակը ընտրել, բայց դա բնորոշ է այսօրվա իշխանությունը, ոը կարողանում է ցանկացած լավ գաղափար տապալել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ ամենավատն այն է, որ կիրառվել է պարտադիր սկզբունքը, այլ ոչ կամավորության ու հավելեց. «Այսօր հասարակությունը պատրաստ չէ դրան, մանավանդ այս լարված իրավիճակում՝ ավտոբուսի թանկացում և կարմիր գծեր: Մեզ մոտ 2008-ից սկած որևէ համաձայնություն հասարակության մեջ չկա, և այս համակարգին անցումը հանրությանը ներկայացվել է հինգ տարի առաջ և պատահական չէ, որ այսօր է ընդվզումն այսքան մեծ, քանի որ այդ մարդիկ հնարավորություն են ստացել հասկանալ, թե ինչ է նշանակում այս կուտակային համակարգը: Գտնում եմ, որ պայքարը ուշացած չէ, քանի որ դեռ շանս կա համակարգը փրկելու»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ այսօր ժամը 12.00-ին այս խնդրի քննարկման համար արտահերթ նիստ է լինելու և նշեց. «Այս տեսակի գաղափարները հում են լինում և ոչ բարենպաստ մեր բնակչության համար: Ստացվում է, որ անհրաժեշտ է մի բան փոխել, բայց թե ինչ ինչպես և ինչքանով դա անել, դրանք հարցեր են, որ այդ դիսկուրսը չի դրվում»:

Թևան Պողոսյանը մատնանշեց այն հանգամանքը, որ մեր կառավարությունը կարող է իր ուզած օրենքը «դնել և անցկացնել»:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խմբի անդամ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս բարեփոխմանն ու մանրամասնեց. «Այս համակարգը սահմանափակում է մեր ունեցած առանց այդ էլ ոչ ազատ միջոցները: Դժվար է մատնանշել աշխատողների, որոնք ունեն բավարար ազատ միջոցներ, որ մի հատ էլ պահեն բանկերում: Այնինչ մարդիկ 24 %-ով բանկերից փող վերցնելով՝ մի կերպ գոյությունն են քարշ տալիս, հիմա էլ կառավարությունն է ծանր բեռ դնում նրանց վրա: Եթե նույնիսկ առկա են այդ միջոցները՝ մարդիկ պահում են դա բանկերում: Ակնհայտ է, որ այդ միջոցները, որ գանձվելու են մարդկանցից՝ հանվելու են երկրից»:

Կոնկրետացնելով ռիսկերը՝ Վահագն Խաչատրյանը նշեց. «ՀՀ-ում որևէ մեկը չի կարող այսօրվա իշխանությանը վստահել. տեսեք սեպտեմբերի 3-ի օրինակը: Հիմա իշխանությունը գրպան է ման գալիս, որ մտնի: 1974 թվականից հետո ծնվածների գրպաններն են գտել: Իսկ թե այդ գումարը դուրս կտանեն, ներս կբերեն, դա այսօրվա քննարկման թեմա չէ»:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խմբի անդամ Մարիաննա Կալեջյանը հարցը դիտարկեց իրավական տեսանկյունից. «Խախտվում է Սահմանադրության դրույթներից մեկը, ըստ որի՝ անձը իր հայեցողությամբ կարող է տնօրինել իր գույքը: Մեր պահանջը պարտադիր բաղադրիչի բացառումն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930