Ըստ մամուլի հրապարակումների՝ Մայր աթոռը կառավարության աջակցությամբ պատրաստվում է Երեւանի կենտրոնում հերթական եկեղեցին կառուցել: Հոգեւորականներից ոմանք պնդում են, թե որքան շատ են եկեղեցիները, այնքան բարվոք է մեր հոգեւոր կյանքը: Ինձ թվում է՝ դա մոլորություն է. հոգեւոր կյանքի ընթացքը պայմանավորված է ոչ թե համապատասխան շենքերի քանակով, այլ մարդկանց՝ մեր բոլորիս վարքով, ապրելակերպով, հավատով: Եվ շատ ցանկալի է, որ հոգեւոր առաջնորդները մեզ այդ առումով օրինակ ծառայեն: Ցավոք, դա այդպես չէ:
Հաստատեմ դա մի օրինակով, որը դարձյալ կապված է Երեւանում շինարարության հետ: Հրաշալի է, որ Սուրբ Կաթողիկե եկեղեցին (այն, ինչ թողել են բոլշեւիկները) «տեսանելի դարձավ» երեւանցիների համար: Սակայն դրա կողքը սեփական նստավայր կառուցելը կաթողիկոսի կողմից չտեսություն է, հոգեւորականին անհարիր պճնամոլություն: Գուցե՝ քանի ժամանակ կա, Վեհափառը հրաժարվի՞ մայրաքաղաքի կենտրոնում շքեղ առանձնատուն ունենալու մտադրությունից, եւ գրեթե կառուցված շենքը ծառայի որպես հոգեւոր մշակույթի կենտրոն, հոգեւոր գրականության գրադարան կամ դրա նման մի բան: Չէ՞ որ եպիսկոպոսները պետք է տարբերվեն իրենց աշխարհիկ «ախպերությունից» եւ իրենց ձգտումների բարձրակետը չհամարեն ոսկե զուգարանակոնքը:
Քանի որ մեր բարձրաստիճան հոգեւորականների, ճիշտ այնպես, ինչպես աշխարհիկ իշխանավորների համար նյութականը, արտաքինը, մակերեսայինը, ցուցադրականը ավելի կարեւոր է, քան ներքինը, նրանք կարծում են, որ Երեւանում ամեն քայլափոխի եկեղեցի կառուցելով՝ կատարում են իրենց պարտականությունը: Հիմա ասացեք խնդրեմ՝ ի՞նչն է ավելի ազդեցիկ՝ 100 տաճա՞րը՝ այդ բառի նյութական, «շենքային» իմաստով, թե՞ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ այլանդակված մաշկով մարդուն ուղղված համբույրը: Իհարկե, ես էլ, դուք էլ կարող ենք դա անել՝ ձեւեր թափելու նպատակով, բայց միլիոնավոր մարդկանց համար ակնհայտ էր, որ կաթոլիկների առաջնորդը դերասանություն չի անում՝ դա անում է սրտանց, հավատով, սիրով՝ ինչպես նրա 13-րդ դարի «նախատիպը»:
Բայց, ինչպես եւ այլ դեպքերում, հոգեւոր մթնոլորտի դեպքում՝ նույնպես, ես չէի սպասի Վեհափառի կամ եպիսկոպոսների բարի օրինակին: Մայր եկեղեցին նրանցն է ճիշտ նույն չափով, որքան մերն է: Վեհափառը մեզ չի ստիպում, որ մենք խախտենք Աստծո պատվիրանները կամ՝ որ մեր միջնադարյան վանքերի շուրջը զիբիլանոց սարքենք: Եպիսկոպոսները մեզ չեն պարտադրում, որ մենք տաճարն ընկալենք սոսկ որպես խորոված ուտելուց առաջ մոմ վառելու մի տեղ:
Կարդացեք նաև
Փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի ասացվածքը՝ կարելի է ասել. «Մի՛ բողոքեք հոգեւորականներից, փոխարենը մի աղոթք կամ մի շարական սովորեք»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լավ, համոզեցիք: Կեցցե հոգեւորականները, որ մեզ չի ստիպում, որ մենք խախտենք Աստծո պատվիրանները կամ՝ որ մեր միջնադարյան վանքերի շուրջը զիբիլանոց սարքենք:
Ինձ թվում է, որ մեր հոգևորականները միահամուռ ուժերով աշխատում են որպեսզի եկեղեցու նկատմամբ հակակրանքը ինչքան հնարավոր է մեծանա ժողովրդի մեջ:
Գոծընթացները գնում է նրան,որ շուտով մեր հոգեվորականները համալրելու էն ՀՀԿ-ի շարքերը…
Ա. Աբրահամյանն իհարկե միշտ չէ, որ ենթատեքստով է գրում: Բայց այս անգամ ստացվեց, որ աթեիստներն այս հարցով պարապ մնացին (դե պարզ ա, հավատացիյալները կարող են ուշադրություն չդարձնել հոգևորականների սխալների վրա և շարականներ սովորել), բա ,,անհավատներն” ինչ անեն? Կարող եմ ասել` լայն հնարավորություններ ունեցող հոգևորականների հետ մասնակցեն բոլոր աշխարհիկ քեֆ ուրախություններին ու բիզնես պրոեկտներին (եթե իհարկե կթույլատրեն) հավատացյալ հատվածին ցույց տալու համար, թե ,,որտեղ են ձմեռն անցկացնում” Հայաստանում Աստծո իսկական պատվիրաններ կատարողներն ու մնացյալ ազնիվ մահկանացուները: Բայց սրա դեմ կբողոքեն ազնիվ աթեիստ ընկերներս…. Խճճվեցի… Ոնց պտտվում եմ, չեմ կարողանում… Համա~ թեմա տվեցիք պ. Աբրահամյան… Միտքս եկավ Էմիլ Լոտյանույի ֆիլմերից մեկի անելանելի վիճակի մեջ ընկած մի հերոսի խոսքերը. ,,кур красть нельзя, бублики и то красть нельзя, чем прикажете жить Ваше Благородие?”
Ապրեք, հարգելի Արամ, մի շարք որակումների համար:Երևանի կենտրոնում Կաթողիկոսի նստավայր կառուցելս ո՞րն է:Իր նմանների համար Էջմիածնի Վեհարանն էլ շռայլություն է:Հոգևոր առաջնորդների այսպիսի շռայլ կյանքի ձգտումն է, որ մարդկանց միջից աստիճանաբար հեռանում է հավատը դեպի Առաքելական եկեղեցին: Լֆիկին հասկացանք ցոփ ու շվայտ կյանքով ապրելը, բա՞ …Լավ, է, շատ բան ունեմ գրելու, բայց ներկա պահին լռությունն ավելի խոսուն է: