Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենադժվարը Ֆրունզիկ Մկրտչյանին հասկանալն էր». Շուշանիկ Սահակյան

Նոյեմբեր 15,2013 10:25

Նոյեմբերի 14-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում տեղի ունեցավ Հովհաննես Պապիկյանի և Շուշանիկ Սահակյանի «Է՛ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի շնորհանդեսը։

Ֆիլմի ընթացքում ցուցադրվեցին ինչպես կադրեր նրա մասնակցությամբ ֆիլմերից, այնպես էլ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնել Մհեր Մկրտչյանին կադրից դուրս։

Aravot.am-ի հետ զրույցում ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը խոստովանեց, որ պատրաստվում էին Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակին ընդառաջ պատրաստել գիրք-օրացույց նվիրված իրեն, սակայն իրենց ձեռք բերած հսկայական արխիվը պարտավորեցրեց նկարել վավերագրական ֆիլմ։ Կինոնկարի նկարահանումները տևել են երեք տարի, այն ունի տասներկու տարբերակ։ Շուշանիկ Սահակյանի խոսքերով՝ ամենադժվարը Ֆրունզիկ Մկրտչյանին հասկանալն էր.

«Կարծես՝ պատահաբար եղավ, կարծես՝ Ֆրունզիկը մեր ձեռքից բռնած տանում էր բոլոր այն ճանապարհներով, որտեղ կարող ենք ինչ-որ բան իրենից գտնել։ Ասես՝ մեզ ի վերուստ հուշում էին և այդպես երեք տարի շարունակ մենք փնտրտուքների մեջ էինք»։

Կինոօպերատոր Լևոն Աթայանցը կարծում է, որ Մհեր Մկրտչյանի մասին ֆիլմը պետք է թարգմանել տարբեր լեզուներով.

«Ֆրունզը Հրաչյա Ներսիսյանի դրոշը բարձրացրեց շատ բարձր։ Հրաչ Ներսիսյանի մասին այսպիսի ֆիլմ չկա։ Շատ հանճարեղ ֆիլմ է Ֆրունզի մասին։ Ես ինքս Ֆրունզիկի կարիքն եմ զգում, այդպիսի մարդիկ Հայաստանում քիչ են մնացել կամ եթե կան՝ իրենց տներից դուրս չեն գալիս։ Ֆրունզը համաշխարհային մակարդակի հանճարեղ դերասան էր։ Այս ֆիլմը պետք է թարգմանել անգլերեն, թուրքերեն … Ցույց տալու՝ ովքեր ենք մենք»։

Թատերագետ Լևոն Մութաֆյանը հանդիսատեսին խոստովանեց, որ ֆիլմը օգնեց իրեն լինել և խորհել Մհեր Մկրտչյանի հետ.

«Այս ֆիլմն օգնում է երկխոսության մեջ մտնել Մհեր Մկրտչյանի հետ. համաձայնել, կռվել, բանավիճել, վիճել, ընդունել, հերքել։ Ֆիլմն այսպիսի ինտերակտիվ զգացողություններ է բերում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930