Արմեն ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քսանութերորդ
Կարդացեք նաև
ՀԱՎԱՏՔ ԵՎ ՍԵՐ
Եվ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «Արմենի էս վեպը կարդո՞ւմ ես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «հազարից մեկ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային հարցրեց՝ «որ չես կարդում, ո՞նց ես ասում՝ վարպետ ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ պարտադիր չի ծերից ծեր կարդաս, որ էդ բանն իմանաս», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «առանց կարդալու ո՞նց կարաս իմանաս», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «դու որ սաղ աշխարհի գրողներին գնահատական ես տալիս, էդ սաղին կարդացե՞լ ես», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու զարմացած ասաց՝ «որ կարդացած չըլնեմ, ո՞նց կարամ գնահատեմ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացողությամբ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես, օրինակ, Նարեկացուն ծերից ծեր չեմ կարդացել, բայց զգացել եմ, որ մեծություն ա», եւ Աբոն ծիծաղելով Անանիային ասաց՝ «գիտես թե՝ Հայկունը Նարեկացուն ծերից ծեր կարդացել ա՞» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինքն էլ ա զգացողությամբ ասում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց գնահատական դնելու համար կարդալը երեւի ցանկալի ա», եւ Աբոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ցանկալի ա, բայց պարտադիր չի», եւ Հայկունին զարմացած նայեց Օրթախին ու հարցրեց՝ «ես կարող ա՞ գնահատական դնելու համար եմ Նարեկացի կարդում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ցանկացած իրան հարգող հայ մարդ ու մանավանդ հայ մտավորական պիտի Նարեկացի կարդացած ըլնի», եւ Օրթախ Աբոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ստացվում ա, որ մեջներիդ միակ մտավորականը ես եմ», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ մեջներիցդ մենակ ես եմ Նարեկացու «Մատյանը» ծերից ծեր կարդացել», եւ Արիկն ասաց՝ «ես որոշ հատվածներ կարդացել եմ» եւ մի քիչ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «բայց Արմենը հաստատ լրիվ կարդացած կըլնի», եւ Աբոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «Արմենն էլ ընդամենը որոշ հատվածներ կարդացած կըլնի», եւ Արիկը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որ ասում ա՝ երեւի մի բան գիտի», եւ Արիկը խորամանկ ժպտալով Աբոյին հարցրեց՝ «կարող ա՞ Հայկունն էլ լրիվ չի կարդացել», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա», եւ Բարդուղը փռթկացնելով Աբոյին ասաց՝ «էդ մեկը չպիտի ասեիր», եւ Աբոն մի քիչ մտածեց ու Բարդուղին ասաց՝ «էս ասածս բոլորիդ ա վերաբերում», եւ Բարդուղը քմծիծաղով Աբոյին հարցրեց՝ «Արշակին էլ ա՞ վերաբերում», եւ Աբոն քմծիծաղով ասաց՝ «հատկապես Արշակին ա վերաբերում», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աբոն ճիշտ ա ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես Նարեկացու «Մատյանը» միշտ էլ պատահական որեւէ էջից սկսելով՝ հատվածաբար եմ կարդացել», եւ Արիկը խորամանկ ժպտալով ասաց՝ «բայց Հայկունը հաստատ լրիվ կարդացած կըլնի» եւ Հայկունուն նայելով ասաց՝ «ձեն հանի, ա՛յ Հայկուն», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «որ լրիվ չի կարդացել, ո՞նց ձեն հանի», եւ Հայկունին վերջապես խոսեց ու ասաց՝ «չեմ ուզում Աբոյի կայֆը կոտրեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ որ՝ ինքն առաջին անգամ ա իմ սրտից խոսում», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա քո սրտից խոսում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ինքն առաջին անգամ ա Նարեկացու մասին ըսենց մեծարանքով խոսում», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե մեծարանքով եմ խոսում, այլ՝ իմացությամբ» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «ի տարբերություն որոշ մարդկանց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ՝ ի տարբերություն շատերի», եւ Արիկն Աբոյին հարցրեց՝ «ո՞ւմ նկատի ունես», եւ Աբոն արհամարհական նայեց ու ասաց՝ «մեկը՝ քեզ», եւ Արիկը խորամանկ ժպտալով Աբոյին հարցրեց՝ «Հայկունին է՞լ նկատի ունես», եւ Աբոն պատասխանեց ու ասաց՝ «իհարկե», եւ Հայկունին թարս նայեց Արիկին ու ասաց՝ «հերիք ա շիրա տաս, տղա ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հերիք ա ձեր չհասկացած բաներից խոսաք», եւ Արիկը խորամանկ ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «մեր չհասկացած բաները որո՞նք են», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նարեկացու մտքերն ամեն մարդ չի կարա հասկանա», եւ Աբոն անսպասելի ասաց՝ «Նարեկացու գրածի մեջ միտք չկա, որ հասկանանք կամ չհասկանանք», եւ Հայկունին ապշահար նայեց Աբոյին ու ճչաց՝ «ո՞նց միտք չկա», եւ Արիկը փռթկացնելով Աբոյին ասաց՝ «էդ բանը չպիտի ասեիր», եւ Հայկունին խղճահարությամբ նայեց Աբոյին ու ասաց՝ «Նարեկացին ընենց տող չունի, որը շատ մեծ միտք չպարունակի», եւ Աբոն ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «կարա՞ս Նարեկացուց մի հատ միտք ասես», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա՞ հիմի արտասանեմ», եւ Աբոն ժպտալով հարցրեց՝ «արտասանելն ամոթ բան ա՞», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամոթը ամոթ չի, բայց արասանությունից լավ չեմ», եւ Արիկը նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «թող Արմենն արտասանի», եւ ես զարմացած ասացի՝ «կարող ա՞ Վոլոդյա Աբաջյանն եմ», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Արմոն հեչ իրա գրածներն անգիր չի հիշում», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «էդքանը հիշե՞լ կըլնի» եւ մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Աբոյին հարցրեց՝ «ասում ես՝ Նարեկացու մեջ միտք չկա՞», եւ Հայկունին Արիկի վրա գոռաց՝ «ինքը մի հատ սխալ բան ա ասել, դու էլ մի գլուխ կրկնել ես տալի», եւ Աբոն ասաց՝ «կարամ հազար անգամ կրկնեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իմ ասածը «Մատյանին» ա վերաբերում», եւ Սերոբն ասաց՝ «ինքը տաղեր էլ ա գրել», եւ Աբոն ասաց՝ «իմ ասածը «Մատյանին» ա վերաբերում», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով Աբոյին հարցրեց՝ «էդ «Մատյանի» մասին ե՞ս ասում, որ մեջը միտք չկա», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու գոռաց՝ «զատո քո էսսեն ծերից ծեր մտքերի հեղեղ ա», եւ Աբոն անսպասելի ասաց՝ «Նարեկացու «Մատյանը» ծերից ծեր սեր ա ու հավատք», եւ Հայկունին հիացած նայեց Աբոյին ու ասաց՝ «սեր, հավատք ու փիլիսոփայություն», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի փիլիսոփայություն էլ չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ծերից ծեր հավատք ա ու սեր», եւ Սերոբն ասաց՝ «Նարեկացու էդ «Մատյանը» դարերով բուժիչ դեր ա կատարել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիվանդները «Նարեկը» բարձի տակ են դրել», եւ Բարդուղը հարցրեց՝ «ինչի՞ են բարձի տակ դրել», եւ Սերոբն ասաց՝ «էդ գիրքը բուժիչ հատկություն ա ունեցել», եւ Արիկը ծիծաղելով Բարդուղին ասաց՝ «էդ գիրքը որ մի քանի օր բարձիդ տակ դնես, ճնշումդ կկարգավորվի» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «շաքարիդ հարցերն էլ կկարգավորվեն», եւ Սերոբը Բարդուղին ասաց՝ «բայց պիտի հավատաս», եւ Բարդուղը հարցրեց՝ «ո՞ւմ պիտի հավատամ», եւ Սերոբը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աստծուն», եւ Անանիան ասաց՝ «որ Աստծուն հավատա, առանց «Նարեկի» էլ իրա սաղ պրոբլեմները կկարգավորվեն», եւ Բարդուղը զարմացած նայեց Անանիային ու ժպտալով հարցրեց՝ «դու Աստծուն հավատո՞ւմ ես», եւ Անանիան զարմացած նայեց Բարդուղին ու ասաց՝ «ես ո՞նց կարամ Աստծուն չհավատամ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես որ մի վայրկյան Աստծուն չհավատամ, տեղումս կչորանամ», եւ Արիկը խորամանկ ժպտալով Անանիային հարցրեց՝ «որ Աստծուն հավատում ես, բա ինչի՞ պրոբլեմներդ չեն լուծվում», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ո՞ր պրոբլեմներս չեն լուծվում», եւ Արիկը քմծիծաղով ասաց՝ «քաղծառայողի քննություններից հիսուն անգամ գերազանց ես ստացել, բայց ոչ մի անգամ աշխատանքի չես ընդունվել», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «ընդամենը քառասունութ անգամ եմ գերազանց ստացել», եւ Արիկը քմծիծաղով հարցրեց՝ «քառասունութը քիչ ա՞», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «որ քառասունութ անգամ գերազանց ստացել ու ոչ մի անգամ աշխատանքի չեմ ընդունվել, էդ հեչ էլ իմ պրոբլեմը չի», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ պրոբլեմն ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով Արիկին ասաց՝ «քո, Ալբերտ Գուրգենիչի ու բոլորի պրոբլեմն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «ամբողջ երկրի պրոբլեմն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «եթե հարկատուներիս հաշվին քաղծառայողի ինստիտուտ են պահում, ու էդ ինստիտուտն իրա ֆունկցիաները չի կատարում, էդ արդեն առաջին հերթին երկրի ու իշխանությունների պրոբլեմն ա»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ