Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք ավտորիտար Լուկաշենկոյի հե՞տ միանալ»

Նոյեմբեր 14,2013 22:42

Այսօր խորհրդարանում Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անունից խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու բյուջեին:

Ըստ տիկին Փոստանջյանի, այս կառավարությունը, որը ձախողել է 2013-ի բյուջեն, ոչ թե պետք է հրաժարական տա, այլ պետք է հեռացվի իշխանությունից: Իսկ այս բյուջեն ոչ թե պետական բյուջե է, այլ եկամուտների բաշխում՝ մի քանի անձանց մեջ:

Տիկին Փոստանջյանը եւս ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նման հարց բարձրացրեց, որ հսկայական արտագաղթի պայմաններում, մենք կորցնում ենք բյուջեի եկամտային մասը ստեղծողներին. «Արտագաղթողները եկամտաստեղծ անձինք են, դուք հետո ումի՞ց պետք է հավաքագրեք եկամուտները, որ պատրաստվում եք ծախսել: Չի հաջողվելու  հավաքագրել այդ եկամուտները,  ինչքան շուտ հեռանաք, այդքան կօգնեք»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը իր ելույթում բարձրացրեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին հարցը. «Չեք հաշվարկել, թե Մաքսային միությանը միանալու հետեւանքով մաքսային դրույքչափերի բարձրացումը ինչ վնաս կպատճառի մեր տնտեսությանը: Մենք կորցնելու ենք եկամուտներ, ինչը բյուջեում որեւէ կերպ հաշվարկված չէ»: Տիկին Փոստանջյանը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ՄՄ միանալու մտադրությունը ոչ թե պարզապես ինչ-որ տնտեսական միավորի միանալու մասին մտադրություն է, այլ «դա մտադրություն է միանալու արժեհամակարգին». «Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան… սրանք պետություններ են, որոնց հասարակությունները խեղդվում են կոռուպցիայից, եւ դուք մտադրություն ունեք անդամակցել համատարած կոռուպցիայի մեջ թաթախված երկրների միությանը, որտեղ ավտորիտար ռեժիմներ են գործում: Ավտորիտար Լուկաշենկոյի հե՞տ եք ուզում միանալ… »:

Տիկին Փոստանջյանն հիշեցրեց արդարադատության նախարարի խոսքերը, թե «ազատվել ենք քաղբանտարկյալներից», ու սպառնաց՝ «չեմ կարծում, որ եթե մենք ձեզ չհեռացնենք, մենք չենք ունենալու քաղբանտարկյալներ, դեռ ինչե՜ր են սպասվում՝ Լուկաշենկոյի հետ համագործակցության հետեւանքով…  դեռ շատ հետաքրքրիր օրեր կարող են սպասվել»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Գողական-օլիգարխային կլա՛նի ապագան է ՄՄ-ում՝ ռուսի գրպանի մեջ ու ոտքի տակ:Հա՛յի ապագան հակառակ կողմում է. ԲՈԼՈՐՆ էլ սա գիտեն:

    Զարուհի Փոստանջյանը լավ կանի Ն.Փաշինյանի հետ նոր կուսակցություն հիմնի (national-center party):

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930