Aravot.am –ի տեղեկություններով, Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը իր մեկշաբաթյա պաշտոնավարման ընթացքում հասցրել է ազատվել մի քանի փորձառու դատախազներից: Մասնավորապես աշխատանքից ազատվել են դատախազներ՝ Ժորա Սադոյանը, Մամեդ Սալոյանը, Արթիկի դատախազ Անդրանիկ Պապիկյանը, այսօր առավոտյան մայրաքաղաք է հրավիրվել նաև դատախազի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը, ով նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, ինչպես նաև Ռուդիկ Սարուխանյանը: Թվարկված դատախազներից շատերը մոտ 30 տարի աշխատում են այս համակարգում և արդեն թոշակային տարիքի են, որից և օգտվել է նորանշանակ դատախազը:
Սա Րաֆֆի Ասլանյանի միակ փոփոխությունը չէ Շիրակի մարզի դատախազությունում, նա սկսել է նաև տարածքային փոփոխություններ կատարել, օրինակ` Ախուրյանի դատախազ Արտյոմ Ավետիսյանին տեղափոխել է Արթիկի-Մարալիկ, Գյումրիում աշխատող Վահե Միրզոյանին՝ Ախուրյան:
Հետաքրքրիրն այն է, որ նորանշանակ դատախազը դեռ չի ներկայացել հանրությանը, չի ծանոթացել տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնց հետ ուզի, թե չուզի պիտի աշխատի:
Նկատենք, որ գյումրեցի պաշտոնյաներից շատերի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նորանշանակ դատախազի անձը, հաճախակի են զանգահարում Aravot.am-ին ու հարցնում, թե ի վերջո ո ՞վ է մեր դատախազը: Վերջիններս ընդամենը լսել են, որ նորանշանակ դատախազը ջահել տղա է՝ մոտ 32 տարեկան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Սերժ Սարգսյանի ավագ փեսա Միքայել Մինասյանի ու ԱԺ Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Արման Սահակյանի ընկերական շրջապատից է: Տեղյակ են նաև, որ նա նախկինում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնը:
Կարդացեք նաև
Ի դեպ, մենք փորձեցինք ավելին իմանալ մեր նորանշանակ դատախազի կենսագրության մասին , օրինակ` որտե՞ղ է կրթվել, զարգացման ի՞նչ փուլեր է անցել, ինչու չէ նաև որտե՞ղ է ծնվել, սակայն այդպես էլ մեզ չհաջողվեց տեսնել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները դատախազության պաշտոնական կայքում. դատախազության հասցեից, դատախազի անուն-ազգանունից ու հեռախոսահամարներից բացի ավելին զետեղված չէր, նույնիսկ լուսանկարը:
Այդուհանդերձ հույս ունենք, որ նորանշանակ դատախազը ի վերջո կհանդիպի լրատվամիջոցների հետ և ինքը կներկայացնի իրեն: Նկատենք, որ հաշվետու լինելը ու հանրությանը ներկայանալը Շիրակի մարզում աշխատելու պարտադիր պայմաններից է. աշխատանքային այդպիսի ոճ են սիրում ու պահանջում շիրակցիները, որը և պահպանում են մարզի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ