«Ազգային ժողովի հարգարժան նախագահ,
հարգելի պատգամավորներ, առաջին հերթին թույլ տվեք ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Ազգային ժողովին և բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար, որ տեղի ունեցան վերջին երեք շաբաթների ընթացքում Ազգային ժողովի հանձնաժողովներում և լիագումար նիստում: Այդ քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը՝ բացահայտել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև ձեր առաջարկությունները հնարավորություն են տալիս մեզ ավելի հստակ պատկերացնել, թե ինչպիսի խնդիրներ են այսօր կարևորում մեր պատգամավորները, որոնք են ըստ մեր կուսակցական խմբակցությունների՝ առաջնահերթությունների ընկալումները: Բնականաբար, այդ ամենը հնարավորություն է տալիս կառավարությանը ճշգրտել և ուղղումներ մտցնել այն ծրագրերում, որոնք մենք իրականացնում ենք:
Եվ այսպես, որոնք են այն հիմնարար խնդիրները, որոնք առկա են այսօր ՀՀ-ում: Այդ խնդիրներն արծարծվել են մեր կոալիցիոն կառավարության ծրագրերում. գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիայի բարձր մակարդակ: Սրանք կարևորագույն մարտահրավերներ են, միևնույն ժամանակ լրջագույն վտանգներ, որոնք խոչընդոտում են մեր երկրի բնականոն զարգացումը: Այն, որ մեր կառավարությունը, մեր իշխանությունը, մեր քաղաքական թիմն արձանագրում է, որ այս խնդիրներն առկա են, ինչ որ առումով դժվարություններ են ստեղծում նաև մեր ընդդիմախոսների համար, որովհետև նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն երևույթներ և քննադատության համար փաստարկներ, որոնք ցավոք սրտի շատ հաճախ լինում են անհիմն, ինչն իհարկե ամենևին էլ չի նպաստում երկխոսությանը, որովհետև երկխոսությունը պետք է լինի այն մասին, թե որոնք են այն առավել արդյունավետ ճանապահները, որոնք կարող են հնարավորություն տալ ՀՀ-ին լուծել այդ կարևորագույն խնդիրները: Այն ծրագրերը, որ մենք մշակել ենք և ներկայացրել ձեր դատին՝ հետապնդում են հենց այդ նպատակները:
Մենք պատրաստ ենք մասնագիտական քննարկումների, ցանկացած հարցադրմանը տալ պատասխան, մասնակցել լսումներին, որոնք կկազմակերպվեն Ազգային ժողովում՝ ձեզ մտահոգող բոլոր հարցերի շուրջ մանրակրկիտ ներկայացնելով տվյալներ, մոտեցումներ՝ ինչպես ենք պատրաստվում այդ խնդիրները լուծել: Եվ պատրաստ ենք ձեզ հետ բանավիճել, թե արդյոք այն ճանապարհները, որ դուք առաջարկում եք՝ ավելի արդյունավետ են, թե այնուամենայնիվ կառավարության կողմից ներկայացվող ճանապարհներն են ավելի արդյունավետ:
Կարծում եմ, որ այդ ձևաչափի մեջ երկխոսությունն օգտակար կլինի ոչ միայն ընդդիմության և իշխանության համար, այլև հասարակության համար, որովհետև հասարակությունը կներքաշվի պոզիտիվ քննարկումների դաշտ, որոնումների դաշտ, ինչն էապես կարող է փոխել մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում: Բայց այստեղ անել ամպագորգոռ հայտարություններ, ներկայացնել անհիմն մեղադրանքներ կառավարության հասցեին՝ ոչ մի լավ բանի չի բերելու, չի հանգեցնելու, ինչպես և չի բերել վերջին 23 տարիների ընթացքում: Դա ճիշտ ճանապարհ չէ և ավելին, մեր 23 տարվա երիտասարդ պետության փորձը ցույց է տալիս, որ այդպիսի ռազմավարություն ընտրող ընդդիմախոսները ձախողվում են, հաջողության են հասնում այն ընդդիմախոսները, որոնք աշխատում են կոնստրուկտիվ դաշտում, որոնք ունեն ասելիք, որոնք հանդես են գալիս առաջարկություններով և անխուսափոլիորեն դա գնահատվում է և իշխանությունների, և ժողովրդի կողմից: Կարծում եմ, որ սա այն դասն է, որ մենք բոլորս պետք է քաղենք:
Երկրորդը՝ քաղաքական գնահատականների առումով, շատ հեշտ է եղել վերջին 23 տարիների ընթացքում քննադատել գործող կառավարությանը, որովհետև քննադատության համար հիմքերն օբյեկտիվ են և առկա են: Այսօր էլ մեր ընդդիմախոսների քննադատությունը մեծամասամբ արդար է, ճիշտ է, որովհետև նրանք բացահայտում են այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում և ցանկացած կառավարության պարտականնությունն է այդ խնդիրներին լուծումներ տալ, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն շոշափելի արդյունքներ: Այդ առումով, բնականաբար մենք համաձայն ենք քննադատության հետ, բացահայտված խնդիրների հետ, որովհետև մենք նույնպես մատնաշնում ենք հենց նույն խնդիրները՝ արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը, կոռուպցիան: Մեր պատկերացումներն են տարբեր, թե ինչպես այդ խնդիրները պետք է լուծենք: Քաղաքական գնահատականների տեսակետից մեր թիրախը հետևյալն է, ինչը ցավոք սրտի մենք չենք լսում մեր ընդդիմախոսների մոտ՝ քաղաքական տեսլականը, միջին խավի ձևավորում, որի հիմքի վրա կարող է ձևավորվել քաղաքացիական հասարակություն:
Կարդացեք նաև
Վերջին տարիների ընթացքում այս բնագավառում ունե՞նք մեծ հաջողություններ, թե ոչ: Մեր ընդդիմախոսներն իրենք են հայտարարում, որ այս ասպարեզում կան լրջագույն հաջողություններ, մասնավորապես քաղաքացիական հասարակության ձևավորման առումով, որ այսուհետ ցանկացած իշխանություն կաշկանդված է լինելու, քանի որ ՀՀ-ում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն և դա կարևորագույն քաղաքական թիրախն է, որ կանգնած է մեր երկրի առջև, քանի որ առանց միջին խավի, առանց քաղաքացիական հասարակության՝ հնարավոր չէ բացահայտել մեր երկրի տնտեսական աճի ներուժը: Տնտեսական կայուն աճի հիմքը քաղաքացիական հասարակությունն է:
Ես կառաջարկեի Ազգային ժողովին՝ կազմակերպել լսումներ, թե փոքր և միջին բիզնեսի բնագավառում ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի հարկային բեռը, հարկային ճնշումները չլինեն մեծ, որպեսզի հարկային վարչարարության պատճառով փոքր բիզնեսը չփակվի ՀՀ-ում, ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններով մենք կարող ենք հանդես գալ, որպեսզի այդ միջավայրը բարելավենք: Ես կարծում եմ, որ այդ քննարկումներից մենք բոլորս կշահենք, այդ թվում կառավարությունը, որովհետև մեզ համար կարևոր են նաև այն լուծումները, որ դուք առաջարկում եք: Մենք նաև պատրաստակամ ենք տալ գնահատականներ, թե այս կամ այն լուծման դեպքում ինչպիսին կլինի հարկային բեռը, ինչպիսին կլինի դրա ադեցությունը պետական բյուջեի վրա, և արդյոք իմաստ ունի այդ քայլերին դիմել, ակնկալվող արդյունքները, որոնք մենք սպասելու ենք, շոշափելի են լինելո՞ւ, թե ոչ: Սա չափազանց կարևոր տնտեսական և քաղաքական խնդիր է և մեր պետության ապագան պայմանավորված է լինելու հենց այս բնագավառում մեր հաջողություններով:
2014 թվականի պետական բյուջեի առանձնահատկությունները բազմաթիվ են: Ես ցավում եմ, որ կան պատգամավորներ, որոնք չեն նկատում լրջագույն և արմատական փոփոխությունները, որ ամեն տարի մենք առաջարկում ենք Ազգային ժողովին: Լրջագույն փոփոխությունն այն էր, որ մենք ներկայացրեցինք արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության համալիր ծրագիր, որի վրա մեծ ռեսուրսներ ծախսեցինք, մի քանի անգամ կազմակերպեցինք հանրային լսումներ, բիզնես կոնֆերանս, հրավիրեցինք մեր ընդդիմախոսներին, մասնավոր հատվածին և այդ ծրագիրը սկսեցինք իրականացնել: Դա արմատական փոփոխություն էր մեր երկրի տնտեսական քաղաքականության մեջ ու դա չնկատել չի կարելի:
Երկրորդը՝ սոցիալական քաղաքականության մեջ այն փոփոխություններն են, որոնք մենք իրականացնում ենք հետևողականորեն: Մենք գտնում ենք, որ սոցիալական պաշտպանվածության ռազմավարությունը, որ իրականացնում էինք ՀՀ-ում, արդյունավետ չէր և միջազգային փորձագետները նույնպես այդպիսի գնահատական էին տալիս: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ փոփոխությունները:
Երբեմն մեր բացատրությունները, մեկնաբանությունները լինում են այնպիսին, որ ճիշտ չի ընկալվում այն փոփոխությունների բովանդակությունը, որ մենք առաջարկում ենք: Ես ցավում եմ դրա համար, բայց միևնույն ժամանակ պետք է խնդրեմ մեր գործընկերներին, որպեսզի լսեն նաև մեր փաստարկներն ու բացատրությունները: Արդեն մի քանի անգամ բոլոր պաշտոնատար անձինք հնարավորություն ունեցան ներկայացնել սոցիալական քաղաքականության բովանդակությունը, բայց իհարկե կա հեշտ ընկալվող պոպուլիստական կարգախոս, որ զբաղվածության նպաստները վերացնում են և այդպիսով մեր հանրությանը թյուրիմացության մեջ են գցում: Չկա այդպիսի բան, չէ որ դուք տեսնում եք թվերը, որ սոցիալական ծախսերը 2014 թվականին ավելանում են, տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ և սոցիալական ծախսերի բացարձակ թիվն ավելանում է: Մենք ասում ենք անարդյունավետ ծրագրերից անցնում ենք արդյունավետ ծրագրերի ներդրմանը, որովհետև արդեն սոցիալական ոլորտի կարգավորման դաշտում հասել ենք մի այնպիսի մակարդակի, որը մեզ հնարվորություն է տալիս կատարել այդ հերթական քայլը: Մենք շատ ավելի պարզունակ սոցիալական քաղաքականությունից անցնում ենք ավելի բարդ քաղաքականության, որովհետև մշակել ենք 10 ծրագիր, որոնց նպատակն է լինելու սոցիալապես անմրցունակ խավերին ապահովել աշխատատեղերով, դա շատ ավելի բարդ ծրագիր է, և մենք այսօր այդ ծրագրերն ենք ներկայացնում ձեր դատին, որպեսզի մեր սոցիալական ծախսերը լինեն արդյունավետ, հասնեն այն խավերին, որոնք դրա կարիքն ունեն:
Շատ պարզ օրինակ ենք բերում, որպեսզի հասկանալի լինի, արդյոք ճիշտ է 32,5 տոկոս աղքատություն ունեցող ՀՀ-ում սոցիալական նպաստ հատկացնել բանկի կառավարիչին, որն ազատվել է աշխատանքից, որը ստանում էր 2 մլն դրամ աշխատավարձ: Ճի՞շտ է արդյոք նման քաղաքականությունը, ասում ենք ոչ: Այդպիսի մարդկանց 150 հազար դրամի օգնություն տրամադրելը սխալ է, որովհետև այդ 150 հազար դրամը պետք է տրամադրել այն մարդկանց, որոնք զրկված են եղել աշխատանք ունենալու հնարավորությունից, որոնց անհրաժեշտ է վերապատրաստել, որոնց անհրաժեշտ է օգնել ֆինանսպաես, և այլն: Քաղաքականության փոփոխության իմաստը հենց դրանում է կայանում, համատարած սոցիալական պաշտպանվածության սկզբունքից մենք անցնում ենք սոցիալապես անրմրցունակ խավերին ավելի շատ միջոցներ տրամադրելուն, ոչ թե աբստրակտ օգնություն, այլ կոնկրետ օգնություն՝ հաշվի առնելով նրանց կողմից ներկայացվող պահանջները պետության նկատմամբ: Կարծում եմ, որ հարգելի պատգամավորներ, պետք է համաձայնեք, որ այս մոտեցումն ավելի ճիշտ է մեր երկրի համար:
2014 թվականի բյուջեի հաջորդ առանձնահատկությունը. շնորհակալ ենք մեր ընդդիմադիր պատգմավորներից, որոնք գնահատում են, որ սա իսկապես լրջագույն քայլ է: Մենք ձեզ հետ միասին ՀՀ-ում ներդնում ենք աշխատավարձերի միասնական նոր համակարգ, որին մենք բավականին երկար ենք պատրաստվել, որովհետև ամեն անգամ երբ մեզ քննադատում էիք, որ այդ հարցն ուշացնում ենք, մենք ասում էինք, որ ֆինանսական լրջագույն ծախսեր է ենթադրում այդ միասնական համակարգի ներդրումը` տարեկան կտրվածքով` առնվազն 65 մլրդ դրամի ծախսերի ավելացում: 2014 թվականին այս ռեֆորմի շնորհիվ մենք բարձրացնելու ենք 238 հազար մարդու աշխատավարձ: Եվ վերջապես, ՀՀ-ում իշխանության տարբեր թևերի միջև լինելու է հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինեն աշխատավարձերի մակարդակները, իսկ պետական աշխատողները հնարավորություն ունեն ծրագրավորել նաև իրենց կարիերան, իրենց ապագան: Լրջագույն խնդիր է մեր առջև դրված, որպեսզի մեր քաղաքացիների պլանավորումը լինի երկարաժամկետ, ոչ թե կարճաժամկետ:
Այդ մտածողության ներդրումը նաև արտագաղթի դեմ պայքարի կարևորագույն տարրերից մեկն է: Եթե ՀՀ քաղաքացին հնարավորություն ունի վերցնել 30 տարով վարկ և ձեռք բերել բնակարան, դա նշանակում է, որ այդ երիտասարդ ընտանիքն իր ապագան կապում է հայրենիքի հետ, եթե ՀՀ քաղաքացիները հատկացումներ են կատարում կուտակային կենսաթոշակային հիմնադրամին՝ իմանալով, որ 35 տարի հետո նրանք ունենալու են ապահով ծերություն, դա նշանակում է, որ այդ մարդիկ իրենց ապագան կապելու են ՀՀ-ի հետ, դա նշանակում է, որ այդ մարդիկ իրենց տնտեսական ապագան պայմանավորում են իրենց սեփական ուժերի իրացումով, իրենց կարողությունների իրացումն է մեր կարևորագույն նպատակը՝ ՀՀ քաղաքացիների համար ձևավորել այդպիսի միջավայր և մթնոլորտ:
Այդ տեսակետից, 2014 թվականի պետական բյուջեի կարևորագույն առանձահատկություններից մեկը կայանում է հենց դրանում: Մենք 20 մլրդ դրամից ավելի գումյար ենք ներդնում, որպեսզի խթանենք կենսաթոշակային համակարգի ներդրումը կուտակային ձևով, որպեսզի ՀՀ-ում աշխատող քաղաքացին շահագրգռված լինի խնայողություններ կատարել այսօր՝ իր աչքի առջև ունենալով երկրաժամկետ հեռանկար: Սա լրջագույն և արմատական փոփոխություն է:
2014 թվականի պետական բյուջեի հաջորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք ավելացնում ենք կրթության և առողջապահության ոլորտներում ծախսերը: Սրանք լրջագույն խնդիրներ են, որովհետև մեր քաղաքացիների կոռուպցիայի ընկալումն առաջին հերթին պայմանավորված է այս երկու համակարգերով, որովհետև այդ համակարգերի հետ շփվում են գրեթե բոլոր ընտանիքները: Եվ այստեղ, ցավոք սրտի համաձայնելով մեր քննադատների հետ, մենք նշում ենք, որ կոռուպցիայի ընկալումների մակարդակը բարձր է և մենք՝ որպես իշխանություն, մեղավոր ենք դրանում, որովհետև այն ֆինանսական մոդելները, որ ներդրված են այս համակարգերում՝ թերի են, և իրենք իրենց հերթին խթանում են կոռուպցիոն երևույթները: Եթե պետությունն օգտվում է առողջապահական ծառայություններից, բուժհիմնարկներից գնում է այդ ծառայությունները և վճարում է շուկայականից ավելի ցածր գին՝ հարց է առաջանում, այդ ճեղքվածքը բուժհաստատություններն ինչպես պետք է փակեն: Դա ստեղծում է օբյեկտիվ հիմքեր կոռուպցիայի համար:
Մենք մշակել ենք նոր ֆինանսավորման մեխանիզմ, որի ներդրումը գնում է բավականին ցավոտ, որովհետև հին ավանդույթները հաղթահարելն այնքան էլ հեշտ չէ: Բայց ակնկալում ենք, որ Ազգային ժողովը մեզ կօժանդակի այդ հարցում, որպեսզի մենք կարողանանք առողջապահական ոլորտում ներդնել ֆինանսավորման նոր մոդել: Պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունը, որը մենք ձեզ հետ միասին արեցինք և ներդրեցինք սոցիալական փաթեթ պետական ծառայողների համար՝ միանշնակ տվել է դրական արդյունք: Այն նույն հարցումները, որ մենք իրականացրել էինք կառավարության գործունեության վերաբերյալ, որի վրա մեր ընդդիմախոսները մի քանի անգամ հղումներ կատարեցին, ցույց են տալիս, որ սոցիալական փաթեթն այսօր պահանջված է և բոլոր պետական կառույցները, որոնք դեռևս դուրս են այդ սոցիալական փաթեթից՝ մեր առջև խնդիր են դնում, տեսնելով, որ այլ համակարգերում այս փաթեթի կիրառումը տալիս է դրական արդյունքներ՝ ցանկանում են իրենց մոտ ևս այս համակարգը ներդնել: Եվ մենք հետևողականորեն ընդլայնում ենք պետական ծառայողների շրջանակը, որոնք կարող են օգտվել սոցիալական փաթեթից:
Մենք այս դահլիճում քննարկեցինք, արդյոք ապահովագրական համակարգը, որը ներառված է սոցիալական փաթեթի մեջ, մասնավորապես առողջապահական պարտադիր ապահովագրական փաթեթն արդյունավետ է, թե ոչ: Մենք գնահատական տվեցինք, որ համաձայն ենք քննադատության հետ, որ այն արդյունավետ չէ, և ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնց նպատակն է բարձրացնել այդ համակարգի արդյունավետությունը՝ հրաժարվել մասնավոր ապահովագրական ընկերությունների ծառայություններից, միևնույն ժամանակ այդ գործառույթը պետք է իրականացվի պետական գործակալության կողմից: Այսինքն, մեր բոլոր ծառայողները, որոնք օգտվում են սոցիալական փաթեթից, այդ ծառայությունից օգտվելու են, բայց ֆինանսական մեխանիզմը մենք փոխելու ենք, որի արդյունքում տնտեսելու ենք լուրջ ֆինանսական միջոցներ: Եվ ես նաև ուրախ եմ, որ ապահովագրական ընկերությունները նույնպես ընդունում են, որ այս որոշումը ճիշտ է, քանի որ այն ֆինանսական չարաշահումները, որոնք առկա էին, նրանց կողմից նույնպես ընդունվում են: Դրանք վտանգավոր չարաշահումներ էին, որովհետև կարող էին վտանգել նաև ապահովագրական դաշտի հետագա զարգացումները:
2014 թվականի պետական բյուջեն լինելու է բավականին ծանր, որովհետև իրականում այն ցուցանիշները, որ մենք դրել ենք պետական բյուջեի հիմքում, բավականին համարձակ ցուցանիշներ են, բայց մենք գիտակցաբար ենք գնում այդ ցուցանիշների թիրախավորմանը, որը ենթադրում է, որ կառավարությանը սպասելու է լարված աշխատանք: Հարգելի գործընկերներ, այդ աշխատանքում մենք հաջողություն կարող ենք ունենալ միայն մի դեպքում, եթե լինի համագործակցություն ձեզ հետ, եթե մենք ձեզ հետ միասին կարողանանք բոլոր այն օրենքները, որոնք կապահովեն տնտեսական աճ, Հայաստանի զարգացում, քննարկումների, բանավեճերի միջոցով ընդունել և դարձնել իրականություն:
Եվս մեկ անգամ հարգարժան պարոն Աբրահամյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ, Ազգային ժողովին՝ շահարգիռ քննարկումների համար, շնորհակալություն»: