Լրահոս
Օրվա լրահոսը

Արիստոտելը, նրա վեցոտանի ճանճը եւ մի ֆիլմ-սարսափ՝ Ազգային ժողովի ամբիոնից

Նոյեմբեր 14,2013 20:34

2014թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով իրենից առաջ ելույթ ունեցած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն խոսքին, թե նախարարներն էլ գոհ չէին իրենց ոլորտներին հատկացվող գումարներից, ասաց. «Մենք դժգոհ ենք արդյունքից, դուք՝ ֆինանսավորումից», ապա նկատեց, որ բյուջեն կազմողը պատգամավորները չեն, այլ կառավարությունը, որը ներկայացնում է այնպիսի թվեր, որ իրենք չեն կարող դա հաստատել:

Որպես օրինակ նա բերեց ճանապարհաշինությունը, երբ նշված են մի քանի կոնկրետ ճանապարհների համար հատկացվող գումարներ՝ մի քանի հարյուր միլիոն դրամի արժողությամբ, եւ բացի դա վերջին տողով գալիս է ամենամեծ թիվը՝ 4 մլրդ դրամ, որը տրվելու է «այլ ճանապարհներին»: Պարոն Մարգարյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ իմանանք, թե արդյո՞ք դա կարեւոր ճանապարհային հատված է, թե ոչ, արդյոք այդ ճանապարհը կառուցելով կյանքը կբարելավվի՞, թե ոչ: Նա հստակեցում էր պահանջում:

Իր խոսքի մեջ ԲՀԿ-ական պատգամավորը պատմեց «գիտական աշխարհի մի պատմություն», համաձայն որի Արիստոտելը ժամանակին ասել է, որ ճանճն ունի վեց ոտք, եւ այնքան մեծ է եղել նրա հեղինակությունը, որ երկու հազար տարի շարունակ դա ընդունվել է որպես վերջին ճշմարտություն, եւ որեւէ մեկի մտքով չի անցել ստուգել դա, մինչեւ որ երկու հազար տարի անց մի միջատաբան չի ստուգել եւ տեսել, որ դա «չափազանցություն» էր:

Պարոն Մարգարյանից հետո ելույթ ունեցող Արտաշես Գեղամյանը, որը մեծերից ցիտատներ բերելու լավագույն մասնագետն է Ազգային ժողովում, մի նախադասությամբ սխալ հանեց իրենից առաջ ցիտատներ անող երկու հոգու՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանին: Նախ ասաց, որ «Չկա այնպիսի օրենք, որը կբավարարեր բոլորին» միտքը պատկանում է Տիտուս Լիվիուսին (արդարադատության նախարարն ասել էր, որ դրա հեղինակը Կատոնն է), ապա ասաց, որ ինքը տեղյակ չի ճանճի մասին Արիստոտելի դատողությանը: Դա ասվեց այն տոնով, որ երկիմաստության տեղիք չէր տալիս. եթե Գեղամյանը տեղյակ չի Արիստոտելի որեւէ դատողության, ուրեմն նման դատողություն չի էլ եղել: Որից հետո պարոն Գեղամյանն անցավ բյուջեին եւ այն քննադատողներին քննադատելուն:

«Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ իր ելույթի ընթացքում խորացավ պատմության մեջ, բայց չհասցրեց շատ խորը գնալ, որ հիշեր Արիստոտելին ու նրա ճանճին կամ գոնե Պլատոնին ու Վիրգիլիոսին: Նրա հիշողությունները հասան մինչեւ 1990-ականներ, երբ «պատգամավորներն ու նախարարները մյուս մարդկանց նման կանգնում էին հացի հերթի»: Պարոն Հակոբյանի ելույթը բյուջեի հետ կապ ուներ միայն այնքանով, որ նա մի անգամ ասաց «բյուջե» բառը, երբ հիշեց, որ հացի հերթ կանգնելու ժամանակներում բյուջեն տասնապատիկ փոքր էր, բայց կար հեռանկար եւ ապագայի զգացողություն: «Ես համաձայն եմ Սերժ Սարգսյանի հետ, որ գաղջ մթնոլորտում ենք ապրում»,-հանկարծ խոստովանեց պատգամավորը, եւ սարսափ ֆիլմերի սցենարով շարունակեց՝ «մենք շնչում ենք այդ թունավորված օդը և արտաշնչում ենք չարություն, արտագաղթ, անտարբերություն, երբեմն էլ՝ ինքնասպանություն»:

Դրանով ֆիլմ-սարսափը չավարտվեց: Պարզվեց, որ մենք ոչ միայն նման խայտառակ բաներ ենք արտաշնչում, այլեւ «մենք մեր ձեռքով այդ հաստաբուն գերանն ենք մեր աչքը մտցրել եւ արմատը փնտրում ենք դրսերում»:

Պարոն Հակոբյանն իր խոստովանություններում հասավ նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք, ըստ պատգամավորի, «տնտեսությունը շնչում էր, հավատ կար, հեռանկար կար, շրջաններում դղյակներ էին կառուցում…»: Ապա՝ նորից ֆիլմ-սարսափ. «Բնական էր, որ պիտի ծնվեր մարտի 1-ը, որը մեր ճակատին որպես խարան դաջվել է եւ կմնա: Այժմ իշխանության խոհանոցում սկսվել են երկունքի ցավերը՝ նոր նախագահի թեկնածու ստեղծելու համար»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930