Եթե տեղափոխվի վճարովի համակարգ․․․
Սարգիս Տխրունի ուսանողական երիտասարդական միությունը և Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները սոցհետազոտություն են իրականացրել ուսման վճարները թանկացրած բուհերի 200 ուսանողների շրջանում: Հետազոտության ամբողջական արդյունքներն այսօր Հայնյուզ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեցին Ս. Տխրունի ուսանողական երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Եղիազարյանը և Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Շուշանիկ Խաչատրյանը:
Ըստ սոցհետազոտության արդյունքների՝ հարցմանը մասնակցած 200 ուսանողների 90%-ը սովորում է վճարովի համակարգում և միայն 10%-ը՝ անվճար: Զեղչերից օգտվում է նրանց 2-3%-ը: Անվճարների 80%-ը նշում է, որ չի շարունակի ուսումը, եթե տեղափոխվի վճարովի համակարգ: Հարցմանը մասնակցած ուսանողների ընտանիքների միջին բյուջեն 80.000 դրամից ցածր է, ընդ որում՝ ուսմանը հատկացվող ծախսերը կազմում են ամսական 50-60.000 դրամ: Հարցմանը մասնակցածների միայն 0.1%-ն է ընտանիքի սոցիալական վիճակը նշել բարձր, մյուսները՝ միջին և միջինից ցածր: Միայն 30%-ն է կարողանում կիսամյակային և տարեկան վարձավճարները վճարել աշխատավարձի միջոցով: Մնացած 70%-ը նշել են, որ վարձի մարման համար պարտքեր են վերցնում, դիմում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին, երբեմն էլ վարկեր են վերցնում:
Վարազդատ Եղիազարյանը նկատեց, որ ՀՀ կրթական համակարգը մի մեծ խնդիր ունի. այն, որ վարձավճարները բարձրացնելիս հաշվի չեն առնում ուսանողի ընտանեկան բյուջեն: «Եթե ընտանեկան բյուջեն միջինը 80.000 դրամ է, իսկ ուսմանը հատկացվող ծախսերը կազմում են ամսական 50-60.000 դրամ, դա արդեն աբսուրդ է: Եթե մեր երկրում նվազագույն աշխատավարձը 45.000 դրամ է, ի՞նչ պիտի անի ուսանողի ծնողը, ստիպված պիտի մեկնի արտագնա աշխատանքի, ինչը բոլորովին խրախուսելի չէ: Ինչո՞ւ են բարձրացնում վարձավճարները: Բարձրացնում են, որ հարուստներն աղքատանան, աղքատներն էլ ավելի՞ աղքատանան»,- ասում է Վ. Եղիազարյանը: Նա կարծում է, որ պետք է իջեցնել բարձրացված վարձավճարները, որովհետև չեն կատարվում ոչ աշխատավարձերի և ոչ էլ կրթական մակարդակի բարձրացման հետ կապված խոստումները:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ