Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ, 14 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Գաբրիելի Մաթևոսյանի, որը հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, առողջական վիճակի հետ կապված ստացել էինք ահազանգ: Ըստ այդ ահազանգի, մարտական գործողությունների ժամանակ մի աչքից կուրացած հատուկ ստորաբաժանման հրամանատար Գագիկ Մաթեւոսյանը կորցնում է նաեւ երկրորդ աչքի տեսողությունը: Ըստ այդմ, կուրացած դատապարտյալը չպետք է գտնվի ազատությունից դուրս:
Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի հարցերով պատասխանատու Գոռ Ղլեչյանն ի պատասխան հնչեցված ահազանգին հայտնեց. «Հայտնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 27.03.2013թ.-ին կատարած հետազոտությամբ պարզվել է, որ դատապարտյալ Գագիկ Մաթևոսյանի հիվանդության ախտահարման աստիճանը չի համապատասխանում ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման հավելված 2-ի պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին»:
Հիշեցնենք, որ Գ. Մաթեւոսյանը, Ռ. Մասումյանը, Ա. Ղուկասյանը, Վ. Կարապետյանը, Ա. Ոսկանյանը եւ Գ. Գրիգորյանը մեղադրվել են զինված բանդա կազմավորելու, պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների վրա հարձակվելու, այդ նպատակով օգտագործելով դիվերսիոն եւ հետախուզական գործունեության հմտությունները: Մասնավորապես, Գ.Մաթեւոսյանը դիվերսիոն եւ հետախուզական հմտությունները ձեռք էր բերել «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների ընթացքում՝ հանդիսանալով դրա հրամանատարներից մեկը:
Ըստ մեղադրանքի կողմի եւ ձեռք բերված ապացույցների՝ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունից մոտ մեկ ամիս առաջ, Գագիկ Մաթեւոսյանը նկարագրել էր Շահեն Հովասափյանի բնակության վայրը եւ հանձնարարել էր խմբի անդամներից մեկին հետեւել նրա բոլոր տեղաշարժերին, սակայն դադարեցրել էր հանձնարարական տալը: Գագիկ Մաթեւոսյանը, քննությամբ չպարզված անձի 100.000 ԱՄՆ դոլարի դիմաց, պատվերով Ա. Ղուկասյանի հետ ձեռնամուխ էր եղել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 1-ին տեղակալ, «Մետրոշինվերանորոգում» ՓԲ ընկերության հիմնադիր Հրանտ Բեգլարյանի սպանության նախապատրաստմանը, ապա հետաձգել էր, մինչեւ վերջնական որոշման կայացումը։ 2008թ. ամռանը Գագիկ Մաթեւոսյանն իր ծանոթ Ռ. Մասումյանի միջնորդությամբ, ըստ գործի նյութերի, Ռ.Երիցյանից ստացել էր 150.000 ԱՄՆ դոլար, վարձատրության դիմաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի սպանությունն իրականացնելու պատվերի համաձայն, ձեռնամուխ է եղել սպանության նախապատրաստմանը։
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ