Դիլիջան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Արամ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 14-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով հարվածել է նախկին կնոջը՝ Արեւիկ Հովհաննիսյանին, պատճառելով առողջության կարճատեւ քայքայմամբ թեթեւ մարմնական վնասվածք: Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Գեւորգյանը մեղադրվում է նաեւ այն բանում, որ դիտավորությամբ վնասել է Ա. Հովհաննիսյանի մորը՝ Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող «COMPAQ» տեսակի նոթբուք համակարգիչը եւ համակարգչային սեղանի ապակին՝ պատճառելով 175 000 դրամի նյութական վնաս:
Ա. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը») եւ 185 հոդվածի 1-ին մասով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»): Նախկինում չդատված Ա. Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է նոյեմբերի 19-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ