Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը սպառնաց՝ «չի կատարվելու այս բյուջեն»

Նոյեմբեր 14,2013 18:59

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր ԱԺ-ում Բյուջե-2014-ի քննարկումների ժամանակ ունեցած ելույթում կարճ ու կոնկրետ հայտարարեց՝ «չի կատարվելու այս բյուջեն», եւ բացատրեց, թե ինչու՝ արտագաղթի պատճառով:

«125 հազար մարդու արտագաղթը տաս ամսում ոչ միայն մարդկային, այլեւ արտադրական ռեսուրս է»,-ասաց պարոն Մանուկյանը, նկատելով, որ այդքան մարդ պակաս է հաց գնելու, էլեկտրաէներգիա սպառելու, հարկ վճարելու եւ այլն: «Թվերով ջարդելու» սովոր պարոն Մանուկյանը իր նախասիրած արտագաղթային թեմայի շրջանակներում ներկայացրեց նաեւ ԱՄՆ դեսպանատան տվյալները, համաձայն որոնց 2009-ից սկսած «Գրին քարտի» հայաստանցի հայտատուների թիվը տարեկան ավելանում է տաս հազարով, ապա խոսեց Ստամբուլում հայաստանցիների համար հայկական դպրոցների բացման մասին: Նաեւ անդրադարձավ Հայաստանում ներդրումների կրճատումներին՝ նկատելով, որ գումար ունեցողները նախընտրում են ոչ թե բիզնեսի մեջ դնել, արտադրության մեջ դնել, այլ բանկում 7-8%-ով ավանդ տալ, քանի որ անկանխատեսելի է մեր երկրի իրավիճակը:

Արամ Մանուկյանից հետո ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն անդրադարձավ բյուջեում նախատեսված կամ չնախատեսված մի քանի կոնկրետ հարցերի, վերջում էլ ասաց, որ եթե իր բարձրացրած հարցերին եւ առաջարկներին կառավարությունը դրական պատասխանի՝ ինքը «կողմ» կքվեարկի այս բյուջեին, հակառակ դեպքում՝ ոչ: «Էս պայմաննե՞ր եք դնում, պարոն Մարուքյան… Խիստ եք… Լավ է՝ մեծամասնություն չունեք, պայմաններ եք դնում, ասում եք՝ դեմ կքվեարկեմ»,-կատակեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ակնարկելով Մարուքյանի՝ ոչ մի խմբակցությունում չգտնվելը, ապա խոսափողի մոտ հրավիրելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ զգուշացրեց՝ ուշադիր եղեք, պարոն Թովմասյան, որ պարոն Մարուքյանի ասածները չանեք, դեմ կքվեարկի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930