«Այսօր երիտասարդությունը, ճիշտ է, ունի կապ թատրոնի հետ, բայց մեծամասամբ հեռացել է թատրոնից: Եվ օգտագործելով հեռուստատեսային ճանաչվածությունը` մենք որոշեցինք անել ներկայացում, որ երիտասարդությանը բերենք դեպի թատրոն»,- նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դերասան Արման Նշանյանը: Ասուլիսի թեման նոյեմբերի 14-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում տեղի ունեցող «Կենտ զույգը» կատակերգության պրեմիերան էր:
«Կենտ զույգը» ներկայացումը հիմնված է ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի համանուն ստեղծագործության վրա: Գլխավոր դերերում են Սոս Ջանիբեկյանը եւ Արման Նշանյանը, որը նաեւ հանդիսանում է կատակերգության ռեժիսոր: Դերերում են նաեւ Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը եւ այլք:
Ներկայացման գլխավոր հերոսները իրարից խիստ տարբերվող երկու ընկերներ են, որոնք ամուսնալուծությունից հետո ապրում են միասին: Ներկայացում 70-ական թվականների խաղացել են Գուժ Մանուկյանն եւ Ազատ Գասպարյանը:
Արման Նշանյանի խոսքերով ներկայացման գլխավոր հերոսները իրար լրացնում են, քանի որ ներկայացնում են նույն մարդուն՝ տարբեր դրսեւորումներով. «Այս ներկայացումը ցույց է տալիս երկու երիտասարդ տղաների վերլուծությունն ու զգացմունքները ամուսնալուծությունից հետո. մեկը անում է մի վերլուծություն, մյուսը՝ այլ: Հիմնականում շոշափվում է տղամարդկանց ամուսնալուծության թեման: Ներկայացումը ցույց է տալիս, թե իրոք տղամարդիկ ինչպես են տանում ամուսնալուծությունը, ոչ թե ինչ են ցույց տալիս նա ուրիշների մոտ»:
Արման Նշանյանի խոսքերով ներկայացման նպատակը ոչ միայն հանդիսատեսին պարգեւել լավ ժամանց, այլ նաեւ մտածելու տեղիք տալ:
«Կենտ զույգը» կատակերգությունը բացի Երեւանից ցուցադրվելու է նաեւ Հայաստանի այլ մարզերում, Արցախում, Միացյալ Նահանգներում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ