Ընդդիմության համար տարիներ շարունակ պետական բյուջեի քննարկումը հրաշալի առիթ է եղել կառավարությանը քննադատելու եւ հնարավոր բոլոր մեղքերի մեջ մեղադրելու համար: Ու տարիներ շարունակ մեր խորհրդարանը հաստատել է պետական բյուջեն՝ վստահություն հայտնելով օրվա կառավարությանը:
Այսօր էլ ընդդիմությունը Ազգային ժողովում, երբ քննարկվում էր հաջորդ տարվա պետական բյուջեն, ինչ որակում ասես չտվեց այդ բյուջեին՝ կաղ, թոփալ, անողնաշար, հուսահատ եւ այլն:
ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը խոսեց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից: Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ հիշեցնելով դատավորների աշխատավարձերի բարձրացումը, որն, իբրեւ, պետք է կաշառակեր դատավորների խնդիրը լուծեր, սակայն այդպես էլ չլուծեց: Պատգամավորն ասաց, որ եթե պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը զուգահեռվեր թոշակների, բժիշկների, ուսուցիչների աշխատավարձերի էական բարձրացման հետ, ապա վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ այլ կլիներ: Նա անդրադարձավ կառավարության հակումներին դեպի շքեղությունը, հիշեցնելով, որ կառավարությունը դա բացատրում է երկրի «իմիջով»: ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ երկրի հեղինակությունը ոչ թե նման ճոխություններով է որոշվում, այլ՝ ժողովրդի արժանապատիվ կյանքով, երկրի արժանապատիվ արտաքին քաղաքականությամբ՝ «որքան զուսպ լինեն պաշտոնյաները, այնքան կբարձրացնեն իրենց հեղինակությունը»:
ՀԱԿ մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը բյուջեն որակավորեց որպես հուսահատ եւ անողնաշար, եւ կրկին անգամ անդրադարձավ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր բարձրացրած հարցին՝ ՃՈ երթեւեկության կանոնների խախտման համար բյուջե մտնող գումարների կրճատումից: Պարոն Փաշինյանը հիշեցրեց, որ այդ գումարները, որոնք նախորդ տարի կազմել են մոտ 4,2 մլրդ դրամ, մտնում են ոչ թե պետբյուջե, այլ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին պատկանող ընկերության գրպանը: Պատգամավորն ասաց, որ դեմ է քվեարկելու այս բյուջեին:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, իր խոսքը համեմելով տնտեսագիտական տերմինալոգիայով, անդրադարձավ հարկային մուտքերին, խոսեց բյուջեի թերություններից եւ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի կարող կիսել այս բյուջեի պատասխանատվությունը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ