Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Վարդան Պետրոսյանի այս դեպքը նպաստեց, որ մենք տեսնենք, թե ինչ է կատարվում մեր դատաիրավական համակարգում»

Նոյեմբեր 14,2013 16:41

«Կալանքը շատ խայտառակ բան է: Որովհետև, ի՞նչ է նշանակում, որպեսզի երկրից չփախչի՝ կալանք, այսինքն՝ մեր սահմանապահները լավ չեն աշխատում, որպեսզի մարդուն ֆիզիկապես չվնասի՝ կալանք, այսինքն՝ ոստիկանությունը լավ չի աշխատում: Սրանով մենք ապացուցում ենք, որ մեր քննչական համակարգը, պարզապես, պրոֆեսիոնալ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԹՍՄ ՀԿ նախագահ Արա Խզմալյանը՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցի` կալանքի կիրառմանը:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ ասաց, որ որևէ մեկը չի պահանջում արդարացնել Վ. Պետրոսյանին, որովհետև նա սիրված դերասան է: «Մենք ընդամենը ասում ենք, որ պետք է փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը: Վարդանը պատասխանատվությունից չի փախչում, իսկ այն, որ մենք պաշտպանում ենք նրան, չի նշանակում, որ անտեսում ենք տուժած մյուս կողմին»,- ասաց պատգամավորը և նկատեց, որ որևէ մեկն իրավունք չունի այս ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր փնտրելու՝ հարգելով կողմերից յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը: «Անշուշտ, որևէ մեկը չի մտածում, որ վրաերթը միտումնավոր է եղել, և պետք է անպայման նկատի ունենալ Վարդանի մարդկային տեսակը, նա այն հղփացածներից չէ, որոնք ասում են՝ հա, ինչ է եղել որ, մարդ ենք քցել տակը, էլի: Վարդանին մեղքի զգացողությունը ուղեկցելու է մինչև կյանքի վերջ»,- հավելեց նա:

Ս. Սաֆարյանը հասարակությանը հետևողական լինելու և պայքարը շարունակելու կոչ արեց, որովհետև «այնպիսի տպավորություն ունեմ, որ ՀՀ արդարադատությունը կոչված է սայթաքածին, ընկածին ավելի ներքև, ավելի խորը հրելու»,- ընդգծեց նա:

Արա Խզմալյանն էլ, իր հերթին արձագանքելով այս երևույթին, ասաց. «Ինչո՞ւ միայն արդարադատությունը: Վ. Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժնում էր, որ Ֆեյսբուքում արդեն սկսեցին ամենաանմարդկային, ամենավիրավորական ձևերով տարբեր ձևակերպումներ անել՝ Վ. Պետրոսյանը չպիտի ողջ մնա և այլն, և այլն: Սա համընդհանուր հասարակական չարիքի, նեգատիվիզմի դրսևորում է»:

Ասուլիսի մյուս բանախոս, երգահան Մարիետա Բադալյանն էլ, խոսքն ուղղելով Վարդան Պետրոսյանի գործով զբաղվող քննիչին, ասաց. «Երգիծական ժանրը, որի ներկայացուցիչն է Վարդան Պետրոսյանը, իրականության գեղարվեստական արտացոլման մի տեսակ է, որը վեր է հանում հասարակության արատավոր երևույթները: Եվ, հավանաբար, Վարդանը շատերի ոտքերի մազոլներն է տրորել, որ այդպես շուտափույթ կալանավորեցին»:

Արա Խզմալյանը նկատեց, որ Վարդան Պետրոսյանի գործի միջոցով բարձրաձայնվում է մի խնդիր, որից շատերն են տուժել. «Վ. Պետրոսյանի այս դեպքն ակամա նպաստեց, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է կատարվում մեր դատաիրավական համակարգում. «Նորմալ հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանության համար ազգը ոտքի չի կանգնում: Երբ որ մենք չենք ունենա այս խնդիրը, որ հասարակությունը պաշտպանի մարդու իրավունքները, մենք կասենք, որ ունենք պետություն, ունենք միջավայր, ունենք դատական համակարգ»,- ասաց Ա. Խզմալյանը:

Բանախոսները տեղեկացրին նաև, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է շուրջ 3000 քաղաքացի: Այդ ստորագրությունները հանձնվել են դերասանի փաստաբանին: Իսկ մտավորականության ստորագրահավաքին մասնակցել է մոտ 80 մտավորական:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930