Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարության նյարդերը տեղի տվեցին

Նոյեմբեր 14,2013 16:37

Ազգային ժողովում երրորդ օրն է, քննարկվում է 2014 թ. պետական բյուջեն: Ընդդիմությունն ու «այլընտրանքային» քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, այս ողջ ընթացքում առիթը բաց չեն թողել քննադատել բյուջեն եւ կառավարությանը, հայտարարել, որ դեմ են քվեարկելու բյուջեին, պահանջել կառավարության հրաժարականը :

Այսօր հերթական բույլ քննադատություններից հետո՝ կառավարությունը չդիմացավ: Արտահերթ ելույթի իրավունքով ձայն խնդրեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ սկսեց խոսել այն մասին, որ չի կարելի տեսնել միայն նեգատիվը, պետք է տեսնել լավը, սեւ ակնոցները պետք է հանել: «Չեք գտնի կառավարություն, որը քննադատության տեղիք չտա, բայց այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր կյանքում բացի բացասականից, նեգատիվից, որեէ դրական, որեւէ հույս, ապագայի միտում գոյություն չունի: Այդպիսի մթնոլորտում որեւէ մեկը որեւէ ձեւով չի կարող հանգիստ եւ արդյունավետ աշխատել, ստեղծագործել»,-հանգիստ ձայնով ասում էր փոխվարչապետը:

«Հարգելի բարեկամներով» եւ սիրալիր տոնով նա կոչ արեց ընդդիմությանը բյուջեի մեջ էլ դրականը տեսնել եւ գնահատել՝ շեշտելով, որ մեր բնակչությունը ոչ քննադատության եւ ոչ է գովեստի սպասումներ ունի, այլ միայն՝ գործնական քայլերի, առաջընթացի:

Ի տարբերություն կառավարության ներկայացուցչի՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն բարձր տոնայնությամբ խրատեց ընդդիմությանը՝ մեղադրելով քաղաքական նիհիլիզմի լեզվով խոսելու, ամեն ինչ սեւ ակնոցներով տեսնելու եւ հուսահատեցնելու մեջ: «Իսկ ընդդիմության մեղքը չկա՞ հուսահատության մեջ»՝ հարցրեց պարոն Շարմազանովը, նկատելով, որ ընդդիմությունը մնացել է քաղաքական եւ քաղաքացիական շարժումների լուսանցքներում: «Հինգ հոգով տասնհինգ երգ եք երգում»,- բյուջեի քննարկումը ընդդիմության քննարկման վերածեց ԱԺ փոխնախագահը, ասելով, որ ոչ ոք չի խոսում այն բանի մասին, որ այս բյուջեով նախատեսվում է 238 հազար մարդու աշխատավարձի բարձրացում, երկրի անվտանգության համակարգի ուժեղացում: «Մենակ արտագաղթից եք խոսում: Իսկ իմ համոզմամբ՝ արտագաղթը չի հարցը, այլ ցածր ծնելիությունը: Իսկ արդյոք այս բյուջեով խթանվո՞ւմ է ծնելիությունը: Այո, խթանվում է»,-նշեց պարոն Շարմազանովը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930